«Ռիսկի գնալ, չվախենալ և փորձել կյանքի կոչել գաղափարները». Անի Մուշեղյան
Նկարիչ-ոճաբան Անի Մուշեղյանի վերջերս հեղինակած «Արցախյան սրբավայրեր» պատկերազարդումների շարքը՝ շապիկների վրա, հուզմունքով ու ջերմությամբ է ընդունվել Հայաստանում ու արտերկրում: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ստեղծագործելու, արարելու ցանկությունն ու մոտիվացիան կորցրած ստեղծագործողն ասում է.
-Դժվար է մտածել ինչ-որ բանի մասին, երբ երկիրդ ու երկրիդ 18-տարեկան տղաները վտանգի մեջ են: Այդ իրավիճակն ուղղակի թույլ չէր տալիս կենտրոնանալ ու փորձել ստեղծագործել: Ամիսներ շարունակ՝ պատերազմի ու հետպատերազմյան օրերին, բոլորիս միայն առաջնագծից ու տղաների մասին լուրերն էին հետաքրքրում:
Ստեղծագործելու ու մերը՝ հայկականը շարունակաբար ներկայացնելու ու միտքը Անիին ստիպել է վերագտնել իրեն ու անցնել գործի:
-Ստեղծագործական իմ ողջ գործունեության ընթացքում իմ գերակա նպատակը եղել է հայկականը տարածելն ու հանրահռչակելը: Մինչ այժմ շապիկների վրա պատկերում էի Արևմտյան Հայաստանի եկեղեցիներն ու սրբավայրերը, հիմա սկսել եմ Արցախի եկեղեցիների շարքը: Ու թեև դրանց մեծ մասն այլևս մերը չեն, միևնույնն է, մենք շարունակելու ենք դրանք համարել մերն ու տարածել որպես հայկական,- ասում է Անին:
«Արցախյան սրբավայրեր» շարքը մեկնարկել է Դադիվանք, Գանձասար, Ղազանչեցոց, Կանաչ ժամ եկեղեցու պատկերազարդումներով, որոնք հեղինակը համադրել է հին հայկական գորգագործության զարդանախշերի հետ: Անին մտադիր է շունչ ու ոգի տալ արցախյան բոլոր եկեղեցիներին, դրանք շապիկների տեսքով հասցնելով աշխարհի բոլոր անկյունները:
Արցախյան մոտիվներով շապիկները հատկապես մեծ պահանջարկ ունեն սփյուռաքահայերի շրջանում, ովքեր, ինչպես Անին է ասում, «անընդհատ փնտրում ու փորձում են գտնել, ունենալ հայրենիքի մի մասնիկը պատկերող, հայրենի երկիրն ու հողը հիշեցնող պատկերազարդումներով իրեր»:
Վերջինիս դիտարկմամբ՝ հայկականի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է. եթե մինչև վերջերս հայկականը պահելու-փոխանցելու գաղափարը այդքան էլ չէր գնահատվում, ապա հատկապես պատերազմից հետո հետաքրքրվածությունը մեծացել է:
Անին նկարչությամբ զբաղվում է 2015թ.-ից: Կտավից շապիկների վրա նկարազարդմանն անցել է ավելի ուշ, երբ տեղի ոճաբաններից համագործակցության առաջարկ է ստացել: Հիմա, շարունակելով համագործակցել ոլորտային տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ, փորձում է համատեղել նկարչությունն ու շապիկների վրա պատկերազարդումները, մանավանդ որ երկու դեպքում էլ հենքն ու ասելիքը տանում են դեպի հայկական արմատներ:
-Ինձ գրավում է մեզ հասած ժառանգության գաղտնիքների բացահայտումն ու ներկայացումը: Շատ են մոտիվացնում մեր հայկական գորգերն ու դրանց մասին պատմությունները: Ես անընդհատ փնտրում եմ հին գորգեր, փորձում լսել ու հասկանալ դրանց հետ կապված նախապատմությունները,- նշում է նկարչուհին:
MusheghyAni ապրանքանիշի հանրայնացումը գնալով նոր թափ է հավաքում: Անին իր աշխատանքի արդյունքներից գոհ է, բայց՝ ոչ բավարարված: Ավելի արագ տեմպերով զարգացմանն ու ճանաչելիության բարձրացմանը խոչընդոտող շատ պատճառներ կան: Դրանցից կարևորագույնը պայմանավորված է երկրի վիճակով:
– Եթե ակտիվ գործունեություն ծավալես, միանշանակ կհասնես արդյունքի: Սակայն հատկապես երկրի վիճակից ելնելով շատերն այսօր զգուշանում են ներդրում կատարել: Ես, օրինակ, շատ եմ ուզում աշխատանքներիս ներկայացման համար իմ վաճառասրահն ստեղծել, բայց դա դեռևս հնարավոր չեմ համարում: Որքանո՞վ արդարացված կլինեն ներդրումներն այս փուլում. սա հարց է, որը հուզում է բոլորիս,- ասում է Անին, մատնանշելով նաև, որ ստեղծագործ աշխատանքների հեղինակների հիմնական գնորդները զբոսաշրջիկներն են, իսկ զբոսաշրջությունը Հայաստանում դեռևս ակտիվ աճի տեմպեր չի արձանագրում:
Առկա իրավիճակի խոչընդոտները ստեղծագործողները փորձում են մեղմել օնլայն ներկայացվածութունն ակտիվացնելու շնորհիվ, ինչը շատերի համար այս շրջանում դառնում է փրկություն:
-Հիմա հաջողության հասնելու հնարավությունները մեծացել են: Գուցե մարդկանց աշխարհայացքն է ընդլայվել, գուցե սոցցանցերի ընձեռած հնարավորություններն են մեծացել… Հիմա մարդիկ ստեղծելու ու ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություններ ունեն, հատկապես որ ամեն ինչ շատ ավելի հեշտությամբ հնարավոր է զարգացնել օնլայն հարթակների միջոցով:
Անին հետաքրքրված է նաև հայկական ճարտարապետության զարդանախշերով: Նույնիսկ դրանք գեղանկարչության համադրմամբ ներկայացնելու շարք է սկսել, որը, սակայն, դեռևս անավարտ է:
-Գեղանկարչութունն իմ մեջ գենետիկորեն է նստած, – հպարտանում է զրուցակիցս, ով հայտնի ճարտարապետ Գևորգ Մուշեղյանի եղբոր թոռնուհին է: Անին հերթով թվարկում է հորեղբոր կարևորագույն ճարտարապետական գործերը Երևանում ու նրա սահմաններից դուրս…
Ազգայինը, հայկականը, ավանդականը նորարական մոտեցմամբ ներկայացնելու մղումներով առաջնորդվող ստեղծագործողը վստահ է՝ պետք է միշտ ռիսկի գնալ, չվախենալ և փորձել անպայման կյանքի կոչել գաղափարները:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 2243