Արտահերթ ընտրություններին ընդառաջ. կանանց մասնակցություն
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նշանակված են, ժամանակացույցը՝ հաստատված։
Հունիսի 20-ին արտահերթ ընտրությունները նշանակվեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, ԱԺ-ում նրան երկու անգամ վարչապետ չընտրելու ու դրա հետևանքով ԱԺ լուծարման արդյունքում։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընտրությունների նշանակման հրամանագիրը ստորագրեց մայիսի 10-ին։
Մինչ այդ ու դրանից հետո էլ ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած քաղաքական ուժերն ակտիվորեն լծվել են նախապատրաստական, քարոզչական աշխատանքներին՝ չսպասելով նույնիսկ օրենքով սահմանված քարոզչության ժամկետին։
Պատերազմի ու համավարակի հետևանքով թուլացած, տնազրկված հայրենակիցներով, վիրավոր մարդկանցով, որդի, հայր, եղբայր կորցրած, գերության ու անհայտության մեջ հարազատ ունեցող ընտանիքներով լեցուն երկրում բոլոր խնդիրները հետին պլան են մղվել, գումարները ծախսվում են նորանոր գրասենյակների բացման, շատ ու մեծ, գունավոր ու առանձնացող ցուցանակների տպագրության, վերելակներում դրանց փակցնելու, գովազդային վահանակներ վարձակալելու և նախընտրական այլ պատրաստությունների ուղղությամբ։
Այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնել են մոտ մեկ տասնյակ դաշինքներ ու կուսակցություններ։ Նման հայտ ներկայացրած քաղաքական ուժերից որևէ մեկի նախընտրական ցուցակը, այս պահին եղած տեղեկությունների համաձայն, կին չի գլխավորում, և մամուլում շրջանառվում է միայն ցուցակում առաջին կին թեկնածուների մասին տեղեկատվությունը: Ըստ հրապարակումների, այդ «հեղինակավոր» տեղի համար ներկուսակցական լուրջ պայքար է ընթանում: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի ընտրական ցուցակների ձևավորման սկզբունքների, ապա, դատելով մամուլում առկա տեղեկատվության վրա, դրանք, ինչպես միշտ, կազմվում են բացառապես կուսակցության առաջին դեմքի նախապատվությունների հիման վրա:
Նշենք նաև, որ կանանց մասնակցությունը կուսակցությունների ընտրական ցուցակներում կարգավորվում է ՀՀ Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ կետով, ըստ որի. «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի առաջին մասում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը»:
Հիշեցնենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքում վերջին փոփոխություններից հետո ընտրություններն անցկացվելու են միայն համամասնական կարգով, հետևաբար տարածքային ցուցակներ չեն լինելու և, ըստ էության, կարելի է ակնկալել, որ խորհրդարան անցած քաղաքական ուժերը կապահովեն կանանց առնվազն 30%-ը ոչ միայն իրենց ցուցակներում, այլ նորընտիր մարմնում:
ԿԸՀ-ի կողմից սահմանած ժամանակցույցի համաձայն, ընտրական տեղամասերի կազմավորումը պետք է ավարտված լինի մինչև մայիսի 26-ը։ Մինչև մայիսի 27-ը ԿԸՀ-ն պետք է ներկայացնի էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակը։ Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացնելու քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ այսինքն, մինչև մայիսի 26-ը ժամը 18։00-ն։ Ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է մայիսի 26-31-ը։
Մինչ այդ կուսակցությունների ընտրական ցուցակների կազմի մասին կարելի է պատկերացում կազմել միայն մամուլում տեղ գտած ոչ պաշտոնական տեղեկատվության հիման վրա:
Այսպես, «Ապագա կա» կարգախոսով քարոզչության համար սահմանված ժամկետից շուտ, ըստ էության, մեկնարկել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարաշվը։ Ցուցակի կազմի մասին տեղեկատվության արտահոսք գրեթե չկա:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ ընտրություններին դաշինքով մասնակցելու առաջարկ էր արել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին ու չէր ստացել նրանց համաձայնությունը, և այժմ հայտարարել է, որ եթե ՀԱԿ-ի նորընտիր վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա Կոնգրեսի ցուցակը ինքն է գլխավորելու:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։ Դաշինքի կազմում են ՀՅԴ և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։ Ըստ մամուլի հրապարակումների, ցուցակում առաջին կին թեկնածուն լինելու է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը, նրան հաջորդելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր, թարգմանիչ Լիլիթ Գալստյանը, ապա ԱԺ անկախ պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Աննա Գրիգորյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» անունով դաշինք է կազմել նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության հետ։ Նրանք ընտրությունների գնում են «Ուղղիր մեջքդ։ Կպնենք գործին։ Որ ապրենք» կարգախոսով։ Ցուցակը մեծ հավանականությամբ կգլխավորի ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Այս կուսակցության շարքերը համալրելու մասին հայտարարել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը, ով վերջին շրջանում հաճախ էր բարձրաձայնում իր դեմ իրականացվող հետապնդումների մասին, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը։ Ըստ մամուլի հրապարակումների, նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուն լինելու է երիտասարդ ՀԿԿ-ական Աննա Մկրտչյանը։
Ընտրությունների մասնակցության պատրաստակամության մասին հայտարարել են նաև խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ «Լուսավոր Հայաստան»-ը՝ Էդմոն Մարուքյանի, «Բարգավաճ Հայաստանը»՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Արտախորհրդարանական ուժերից ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են «Ալյանս», «Հանուն Հանրապետության», «Ինքնիշխան Հայաստան» և այլ կուսակցություններ։
Չնայած ակտիվ պատրաստություններին ու աշխատանքներին, քաղաքական ուժերը շարունակում են թերահավատ մնալ, որ ընտրություններ տեղի կունենան։ Այդ խոսակցություններն առավել ակտիվացան Սյունիքում ու Գեղարքունիքում պետական սահմանն ադրբեջանական զինված ուժերի կողմից սահմանը հատելու ու 2-3.5 կմ խորանալու դեպքերից հետո։ Որոշ գործիչներ կարծում են, որ կհայտարարվի ռազմական դրություն, ինչի պարագայում որևէ ընտրություն անցկացնել չի կարելի։
Եթե այնուամենայնիվ ընտրություններ անցկացվեն, ապա, ԿԸՀ սահմանած ժամանակցույցի համաձայն, նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է հունիսի 6-ին և շարունակվելու է մինչև հունիսի 18-ի ժամը 24։00-ն։ Կուսակցություններն ու դաշինքներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը։ Քվեաթերիկների տպագրությունը կմեկնարկի հունիսի 10-ին և կշարունակվի 7 օր։ Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի ընտրություններից 9 օր առաջ՝ այսինքն հունիսի 11-ին ժամը 08։00-ից և կավարտվի հունիսի 13-ին ժամը 20։00-ին։
Քվեարկությունը սկսում է հունիսի 20-ին ժամը 08։00-ից, ընթացքի մասին տեղեկություններ հրապարակվում են ժամը 09։00-ին, 12։00-ին, 15։00-ին, 18։00-ին, 21։00-ին։
Քվեարկությունն ավարտվում է ժամը 20։00-ին։ Էլեկտրոնային քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը հրապարակվում է հունիսի 20-ի ժամը 20։00-ից հետո։ Ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմումն ավարտվում և այն հրապարակվում է հունիսի 21-ին ժամը 08։00-ին։
Ընտրատեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ անվավեր ճանաչելու դիմում կարելի է ներկայացնել հաջորդ օրը՝ ժամը 12։00-18։00-ն կամ քվեարկությունից երկու օր հետո՝ ժամը 09։00-11։00-ն։ Քվեարկության արդյունքներն ամփոփվում են և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումներն ընդունվում են քվեարկությունից 7 օր անց՝ հունիսի 27-ին։
ԿԸՀ-ն ԱԺ ընտրվելու կամ երկրորդ փուլ նշանակելու որոշում կայացնում է հուլիսի 4-ին։
ԿԸՀ-ն նաև հրապարակել է https://res.elections.am/images/doc/police.20.06.21.jpg մայիսի 13-ի դրությամբ ընտրողների թիվը՝ 2 մլն 583 հազար 823 մարդ։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 928