Ֆլորա Վարդանյան. «Կաթիլը քար է ծակում…»
Հայաստանում աճեցրած կարմրահատ ցորենից ամբողջահատիկ ալյուրով պատրաստված դիետիկ հացը, Արցախում արտադրվող այծի կաթից պատրաստված պանիրը, ձեռագործ տիկնիկներն ու արևահամ չրերը, հայկական արտադրության հագուստը … Այս ամենը մի խորագրի ներքո է ժողովել մանկավարժ-ֆիզիկոս Ֆլորա Վարդանյանը։ Նրա կողմից «Հանուն հայկականի» կարգախոսով ու առաքելությամբ ստեղծված ֆեյսբուքյան խումբն այսօր դարձել է հայ արտադրողներին ու նրանց արտադրանքը հայ սպառողին ծանոթացնելու ակտիվ ու բազմանդամ հարթակ։
Խմբի նպատակն է աջակցել տեղական արտադրողին, իրազեկել հասարակությանը Հայաստանում արտադրվող ապրանքատեսակների մասին և նվազեցնել հատկապես թուրքական արտադրանքի սպառումը Հայաստանում: Խմբում այլ հայրենանվեր պահանջներ ու նախաձեռնություններ է ներառել Ֆլորա Վարդանյանը, ինչպես օրինակ ԽՄԲՈՒՄ ՀԱՅԱՏԱՌ ԳՐԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է, կամ հայկական արտադրանքի վերաբերյալ վճարովի գրառումների գումարը փոխանցվում է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ին։
«Ջրի կաթիլը քար է ծակում»,- ասում է Ֆլորա Վարդանյանը՝ կարևորելով պատերազմից ու համավարակից թուլացած երկրում ցանկացած օգտակար նախաձեռնություն։ Բնույթով առույգ, կենսասեր ու հայրենասեր այս կինը WomenNet.am-ի հետ զրույցում պատմում է իր հեղինակած նախաձեռնությունների մասին։
Մենք կարթ տալու կողմնակից ենք և ոչ թե ձուկ
«Մասնագիտությամբ մանկավարժ եմ՝ ֆիզիկոս։ Դասավանդել եմ բուհում՝ մինչև բալիկներիս ծնվելը։ Հանգստյան օրերին օնլայն ֆիզիկա եմ պարապում դրա կարիքն ունեցող երեխաների հետ։ Իմ երեխաների հետ գիտակրթական հոլովակներ ենք պատրաստում իրենց հասակակիցների համար։
Հանդիսանում եմ «Օրիգանում» ապրանքնաիշի հիմնադիրը, որը Սոցիալական ձեռնարկատիրություն է, ասել է թե միտված է գունավորելու մարդկանց առօրյան։ Դե գունավորում ենք, որքանով որ կարողանում ենք։ Բայցի այն, որ Վանաձորի մի քանի կանայք կարողանում են լրացուցիչ եկամուտ ունենալ՝ գտնվելով իրենց նախընտրած վայրում ու գործելով իրենց հարմար ժամին, նաև սովորեցնում ենք ձեռագործի տարրական գիտելիքներ ունեցող մարդկանց, թե ինչպես արտադրանք ստանալ։ Լավագույները դառնում են մեր աշխատակիցը, իսկ մյուսները ստանում են գիտելիք ու կարող են այն զարգացնելով գումար վաստակել։ Մի խոսքով, մենք կարթ տալու կողմնակից ենք, և ոչ թե ձուկ»։
Ի դեպ, պատերազմի ավարտից հետո «Օրիգանում»-ն իր ուժերի ներածի չափով օգնել է նորածին ունեցող արցախցիներին ու արցախցի ապագա մայրիկներին՝ նրանց նվիրելով ձեռագործ ծածկոցներ և թերապևտիկ մեդուզաներ։
«Հանուն հայկականի»
«Ստեղծել եմ «Հանուն հայկականին» ֆեյսբուքյան խումբը, «Հայկական ապրանքանիշը» ֆեյսբուքյան էջը։ Երկուսն էլ մոտ հինգ տարվա պատմություն ունեն։ Երկուսն էլ տեղեկատվական հարթակ են՝ հայկականը ներկայացնելու, առավելություններն ու թերությունները վեր հանելու, արտադրողների հետ կապ պահելու համար։ Կարևորում եմ կապը արտադրողների հետ։ Ի ուրախություն մեզ, արտադրողների գերակշիռ մասը ադեկվատ է վերաբերվում քննադատություններին։
Էջի շնորհիվ հայկական ապրանքների ու արտադրողների մասին կարևորը իմացանք… այն որ ՓՄՁ-ներից շատերը պատրաստակամ են մասնակիցը դառնալու լավ ու կարևոր նախաձեռնությունների։ Դրանցից է օրինակ «Բարի նոր տարվա բարի աջակիցը», որի շրջանակներում բազմաթիվ հայ արտադրողներ իրենց արտադրանքը փոխանցեցին սահմանապահ գյուղերի երեխաների ամանորյա նվեր-պարկերը համալրելու համար։
Հաջորդ Նախաձեռնությունը, որի մասնակիցը երեք օրում 35 հայ արտադրող դարձան, «Ջրի կաթիլը քար է ծակում» նախաձեռնությունն է, որին ի դեպ բազամթիվ մարդիկ են արձագանքել ու միացել՝ գումարները փոխանցելով է Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնին»։
Հայկական արտադրանքը ուսումնասիրում եմ փորձով
«Հայկական արտադրանքը ուսումնասիրում եմ փորձով։ Շատ արտադրանքներ գնում եմ խանութից՝ որակին ծանոթանալու համար, որոշների որակի մասին պատկերացում կազմելու համար նույնիսկ գնելու հարկ չկա։ Խոսքս հատկապես տեքստիլի արտադրությանն է վերաբերվում։ Եթե անփույթ են կարերը, ծուռ-մուռ, ռեզինները վատ տեսք ունեն… որակի մասին խոսելն անիմաստ է»։
Արցախյան արտադրանքն ու այծի պանրի պահանջարկը
«Խմբում հատուկ «Արցախյան» դասակարգում ունենք։ Այստեղ ներկայացված են Արցախում արտադրված գրեթե ամեն ինչ՝ արցախյան շոկոլադ, գինիներ, թեյեր, զարդեր, պանիր ու օճառներ կան։ Օրինակ, մեկ օրում Արցախում արտադրված այծի պանիրի 20 կգ պատվեր գրանցեցինք։ 26.600 մարդ տեսավ այս գրառումը, այն պարագայում, երբ խմբի անդամների թիվը 22.700 է։ Սա խոսում է այն մասին, որ ցանկացած որակյալ արտադրանք, որն ունի նաև տրամաբանական (չուռճացված) գին, այսպիսի արձագանք է գտնում մեր խմբակիցների շրջանակում ու տարածվում՝ հանուն հայկականի»։
Կլինեն նոր նախաձեռնություններ
«Ցանկացած փոքր նախաձեռնություն այս կամ այն կերպ օգուտ է տալիս երկրին։ Հենց սա հաշվի առնելով, այս նախաձեռնությունները շարունակական են լինելու։ Նախատեսում ձեռագործության դասերին ի լրումն, նաև անվճար SMM դասընթաց կազմակերպել «Օրիգանումի» աշխատակիցների համար, որպեսզի կարողանան իրենց աշխատանքները հավուր պատշաճի ներկայացնել և գումար վաստակել։
Շարունակական կլինի նաև երեխաներին ֆիզիկա սովորելու հարցում աջակցելը։ Գիտելիքը կարևոր բան է, ու յուրաքանչյուրս պիտի մեր հնարավորությունների սահմանում ամեն բան անենք, այն սերունդներին փոխանցելու համար, որ նրանք գիտելիքով զինված՝ ուժեղ ու անպարտելի լինեն»։
Հ Կարապետյան
Դիտումների քանակը` 1945