Զարուհի Փոստանջյան . «Մեր ընտանիքում աղջիկների նկատմամբ «երես տալու» քաղաքականություն է միշտ եղել»…

Վերջին շրջանում հայաստանյան լրատվամիջոցները պարբերաբար տեղեկացնում են ընտանեկան բռնության դեպքերի մասին` մի տեղ ամուսինն է ծեծել ու սպանել կնոջը, մյուս տեղում սկեսրարը` որբացնելով չորս թոռներին,  և այդպես շարունակ:  Ի՞նչ է սա. իսկապես հասարակությունում բարոյահոգեբանական մակարդակում փոփոխություններ են տեղի ունեցել և ընտանիքն այլևս չի դասվում սրբությունների կատեգորիային, թե ընտանեկան բռնությունը, որ Հայաստանում, իրավմամբ, միշտ էլ տեղ է ունեցել, ուղղակի ծածկադմփոցի արդյունքում «ջրի երես» չի հանվել այլևս չի լինում պահել տան պատերում:  Թեմայի շուրջ WomenNet-ի հետ  է զրուցում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Ի դեպ, չնայած  իր պատգամավորական պրակտիկայում՝  հասարակական ակցիաների  ժամանակ  ոստիկանության հետ լուրջ ընդհարման դեպքեր են եղել,   նա  չի դիտարկում դրանք իբրև բռնություն կնոջ նկատմամբ՝ առաջարկելով  տարանջատել ընտանեկան բռնությունը    քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշում հայտնելու դեմ  ուղղված ոստիկանների  բռնի գործողություններից:  

Մեր առաջին հարցը պատգամավորին  խտրականության մասին է՝   զգացե՞լ եք այն ձեր նկատմամբ:

 

-Ճիշտն ասած ես այնպիսի մարդ եմ, որ իմ հանդեպ խտրականություն դրսևորելը բավականին դժվար է (ծիծաղում է)… Կարծում եմ խտրականության համար անհրաժեշտ նախապայմանը նպաստավոր պայմաններն են իրավական դաշտում, ինչպես նաև հասարակության ընկալումներում:  Բայց կոնկրետ իմ պարագայում երբևէ այդ խտրականություն ասվածն իմ նկատմամբ չեմ զգացել. մեր ընտանիքում աղջիկների նկատմամբ , այսպես ասած, «երես տալու» քաղաքականություն է միշտ եղել, իսկ հետագայում էլ, երբ ես ընտանիք կազմեցի, որևէ խնդրի հետ այդ իմաստով ևս չեմ առնչվել:

 

-Վերջին շրջանում մեր հասարակության մեջ հաճախակիացել են բռնության դեպքերը կանանց նկատմամբ` ամուսինն է սպանում, սկեսուրն է ծեծում ու կտտանքների ենթարկում…

 

-Չէ, ես չեմ կարծում, թե միայն վերջին շրջանում են հաճախակիացել, կարծում եմ խնդիրը նրանում է, որ պարզապես հասարակության մեջ տեղեկատվության տարածման խնդիր այլևս կարծես չկա, ամեն բան բաց է ու հասարակություն էլ տեղեկանում է երևույթներին ու արտահայտում իր վերաբերմունքը: Ըստ իս հենց սա է պատճառը , բայց ես կարեւորում եմ այդ հանգամանքը , որովհետև հասարակությունում նման դեպքերի քննարկումը, դատապարտումը կարող է առողջացնել միջավայրը և որպես հետևանք բերել նմանատիպ դեպքերի նվազեցմանը:

Նայեք` մենք միանգամից տեղեկանում ենք, որ նման բան է տեղի ունեցել, բացահայտվում ու բարձրաձայնվում է այն և հասարակությունը արագ սկսում է տարածել դա ու արդյունքում էլ հասարակությունն ավելի  անկաշկանդ է խոսում  այդ մասին: Եթե տարիներ առաջ այդ ամենի մասին մարդիկ պարզապես գերադասում էին լռել ու չթողնել, որպեսզի արատը դուրս գա ընտանիքից, ապա հիմա հասարակությունը փոխվել է` արատավոր երևույթները ոչ միայն դուրս են գալիս ընտանիքներից, այլև քննարկվում են ու լուծումներ  են փնտրվում:

 

– Վերջին երկու տարում գոնե երկու զարհուրելի դեպք կարելի է մատնանշել, որ հասարակական մեծ հնչեղություն ստացան` Զարուհի Պետրոսյանի դաժան սպանությունն ու սկեսուրի կողմից կտտանքների ենթարկված հարսների պատմությունը: Արդյո՞ք մեր օրենսդրությունը նման դեպքերի համար համարժեք պատիժ է սահմանում և որքանո՞վ  այն իրոք կարող է փոխհատուցում դառնալ կանանց բարոյական ու ֆիզիկական տառապանքների դիմաց: Ժամանակը  չէ՞, որ Հայաստանում ունենանք կոնկրետ ընտանեկան բռնության դեմ օրենք:

 

 

-ՀՀ Քրեական օրենսգիրքը նման  բռնությունների համար, այո, համապատասխան պատիժ նախատեսում է: Ցավոք մենք չունենք առանձին օրենք ընտանեկան բռնության վերաբերյալ, բայց մյուս կողմից պետք է ասեմ, որ բոլոր տեսակի բռնությունները` լինի կնոջ, երեխայի թե տղամարդու նկատմամբ այսպես թե այնպես պատժվում են:

Ուրիշ հարց է, որ իրավապահ մարմիններին կանայք մեծ մասամբ չեն դիմում կամ դիմելուց հետո էլ այդ գործընթացը չի ընթանում արդար դատաքննության սահմաններում` սա արդեն այլ խնդիր է:  Բացի այդ մենք կարող ենք ունենալ շատ լավ օրենսդրություն, բայց միևնույն է  օրենքը չի կարող լիարժեք պաշտպանել մարդուն, եթե հասարակության մեջ դրան ուղղված նպաստավոր պայմաններ չկան: Մեկը մյուսի հետ շղթայական կապ ունեն:

 

Իմ կարծիքով,  ամենակարևոր նախապայմանը նա է, որ բոլոր տուժած մարդիկ հետամուտ լինեն իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանությանը:  Եվ նույն այդ դաժան  դեպքերի միջոցով, դրանց վերհանմամբ ու քննարկմամբ մենք պետք է հասնենք արդարադատության` այդ դեպքում միայն կարող ենք ասել, որ մեր իրավունքները վերականգնվեցին և մենք էլ պաշտպանված ենք:

 

 Էնզելա Մակարյան

 

 

Դիտումների քանակը` 7295

Գլխավոր էջ