«Ուզում եմ գյուղաբնակ կանայք զգան, որ մենակ ու անտեսված չեն». Ստելլա Սարուխանյան
Հաճախ մարդիկ սեփական անգործությունն ու անճարակությունը փորձում են արդարացնել գումարներ չունենալու հանգամանքով, մինչդեռ «Հայ Գյուղը» Սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր Ստելլա Սարուխանյանի համոզմամբ միշտ չէ, որ գումարը էական է ինչ-որ լավ ու նոր բան ստեղծելու համար:
Ցանկությունն ու նեղության մեջ հայտնված մարդկանց օգնելու ձգտումը օրեր առաջ Ստելլային տարավ Գորիս, որտեղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի և Քուբաթլուի շրջաններից վերաբնակեցված 15 բազմանդամ ընտանիք է ապրում: Այդ ընտանիքները տարիներ առաջ Արցախ են մեկնել Հայաստանից՝ արտոնությունների տրամադրման երաշխիքով: Նրանք օգտվել են Արցախի կառավարության կողմից աջակցության բոլոր ծրագրերից, սակայն արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում հարկադրված տեղափոխվել են Հայաստան:
Ստելլան Գորիս էր մեկնել Գորիսի Կանանց զարգացման ռեսուրս-կենտրոնի հրավերով, որտեղ արցախցի և տեղաբնակ կանանց համար անցկացրեց նոր տեսակի մշակաբույսերի մշակման, խնամքի վերաբերյալ դասընթաց, համոզված լինելով, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքներին կանանց ներգրավածությունը կօգնի փոքր-ինչ շեղվել պատերազմի հուշերից ու մեղմել կորստի ցավը, որ արցախցի և հայաստանցի կանայք զգան, որ մենակ ու անտեսված չեն:
-Պատերզմի առաջին օրից մինչ ավարտը չեմ քնել, հեռախսն ու համակարգիչը ձեռքիս պատասխանել եմ բոլոր նրանց հեռախոսազանգերին, ովքեր աջակցություն էին խնդրում: Ամեն օր ստանում էի 50-ից ավելի զանգ: Իմ ֆեյսբուքյան էջում ստեղծած «Դեղին թագավորության» շնորհիվ 100-ից ավելի ընտանիքների տեղավորել եմ Հայաստանի տարբեր մարզերի գյուղերում: Ես գտնում եմ, որ փողն այնքան կարևոր չէ, որքան ակտիվությունն ու նախաձեռնությունը: Ընդամենը կարողացել եմ Արցախից եկած ընտանիքներին օգնելու իմ նախաձեռնության մասին ահազանգել ֆեյսբուքյան էջում, և ուրախ եմ, որ մարդիկ արձագանքել են ինձ: Այս կերպ արցախցի վերաբնակեցված ընտանիքներին օգնել ենք հագուստով, մթերքով, տնային կենդանիներով՝ մեկին՝ այծ, մեկին՝ ճագար կամ հավ, օգնել ենք տնային կահույքով կամ այլ անհրաժեշտ պարագաներով,– ասում է Ստելլան:
Նախքան պատերազմը Ստելլան սեփական նախաձեռնությամբ մեկնել է Արցախ, հանդիպել Ասկերանի «Կանանց ակումբի» անդամների հետ, այնուհետև որոշել է ՀՀ Վարդենիսի շրջանից անցնել Արցախ և վերադառնալ Սյունիքով, ընթացքում ծանոթանալով գյուղերի խնդիրներին: Սակայն երկրորդ նախաձեռնությունը չիրականացավ ու նա որոշեց աջակցել Արցախից Հայաստան վերաբնակեցված ընտանիքներին:
Ստելլային մտահոգում են Հայաստանի սահմանամերձ գյուղերի վիճակը: Այս պահին նրա ուշադրության կենտրոնում են Սյունիքի մարզի գյուղերը, բարձրաձայնում է դրանցում առկա խնդիրների մասին: Սակայն նպատակը ոչ թե բողոքելն է, այլ դրանց լուծում տալու ցանկությունը:
–Սյունիքի սահմանամերձ գյուղեր կան, որտեղ բնակիչները սահմանը կիսում են ադրբեջանցիների հետ: Եղել եմ Ագարակ գյուղում, որի բնակիչները հիրավի հերոսներ են, որոնց առջև պետք է խոնարհվել: Եթե ես զբաղվեի երկրի ռազմավարական կառավարման պլանի մշակմամբ, կմտածեի, թե ինչպես անել, որպեսզի հայկական 950 գյուղերի, 18 քաղաքների բնակչությունն ապրի ապահովված: Եթե մեծամասամբ վատ են ապրում, ուրեմն, կառավարման մեխանիզմներն այն չեն: Կարելի է չէ՞ զարգացնել գյուղական տուրիզմը, տեղական բիզնեսը, բարձրարժեք մշակաբույսերի մշակումը: Բայց այս ամենը չպետք է թողնել անհատի ուսերին, հարկավոր է պետական հոգածություն, աջակցություն, խրախուսում: Ասում ենք Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչները հերոսական ժողովուրդ են, որ պետք է խոնահրվել նրանց առաջ, իսկ այդ խոնարհումն ինչպե ՞ս պիտի արտահայտվի: Այդ բնակիչները պետք է ազատվեն բոլոր տեսակի կոմունալ վարձավճարներից: Պատգամավորները պետք է սա հասկանան, ընտրվելուց հետո չմոռանան խոստումները, պետք է գնան գյուղացու դուռը բացեն, ամեն մի տատիկի հետ նստեն սուրճ խմեն, սրտակից զրույց վարեն: Ախր, կրակը պիտի քչփորես, որ վառ մնա, չքչփորես, կմարի, –ասում է Ստելլան:
Նրա նախաձեռնություններն ակտիվ են եղել նաև կորոնավիրուսի սկզբնական շրջանից ի վեր: Ստելլան <Կանաչ արահետ> ՀԿ-ի հետ միասին այցելել է Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի մարզեր և 200-ից ավելի ընտանիքների հատկացրել փաթեթավորված հիգիենայի պարագաներ՝ ձեռնոցներ, դիմակներ, ախտահանիչ նյութեր, սնունդ, տնկիներ, սերմեր: Այդ ընթացքում Ստելլան ինքն է վարակվում կովիդով և անձամբ զգում COVID -19-ի ողջ «դաժանությունը», իսկ լիովին ապաքինվելուց հետո հանձն է առնում կամովին շարունակել այցելել գյուղերն ու մարդկանց բացատրել վարակից խուսափելու, կանխարգելիչ միջոցառումների կիրառման կարևորությունը:
-Ստացվեց այնպես, որ կարծես ինտեգրվեցինք ու սկսեցինք ապրել կորոնայի հետ: Դրա հետ զուգահեռ տեղի ունեցավ մահաբեր պատերազմը, ու ցավն այն էր, որ համավարակի բազմաթիվ մահերից բացի պատերազմում կորցրիքն մեր գենոֆոնդի մի զգալի մասը… Ցավոք, այս օրերին դարձյալ թուլացել է համավարակի հանդեպ զգոնությունը, և մահերը շարունակվում են …
Ստելլա Սարուխանյանի ինքնակամ նվիրումը հայ գյուղին նախաձեռնություն է, ու նաև առաքելություն: Որտեղ էլ ներկայանում է, ասում է՝ «Ես եմ հայ գյուղը, ու իմն են հայ գյուղի խնդիրները: Նա այս տարի Հայաստանի շուրջ 200 գյուղերի խնդիրների լուծման վերաբերյալ ծրագրով դիմել է ՀՀ կառավարությանը:
–Ծրագրի իրագործման, կազմակերպվող սեմինարների համար ինձ շատ գումար հարկավոր չէ, բոլոր գյուղերի ընտանիքներն այցելելու համար բավական է ընդամենը ճանապարհածախսի, գիշերակացի ու սերմերի գումար: Յուրաքանչյուր ընտանիք մտնելիս սերմեր կնվիրեմ, նախ, որ դատարկաձեռն չմտնեմ տուն, և հետո նրանց հետ կզրուցենք սերմերի ճիշտ մշակման մասին: Կարևորում եմ բակլազգիների մշակումը, քանի որ դրա պահանջարկը հանրապետությունում կա: Օրինակ, ինչու՞ պետք է սոյան ներկրվի դրսից, եթե ունենք հող, որը կարելի է ազոտով հարստացնել սոյայի միջոցով: Հողն իրոք գոյատևման միջոց է, և շատ դեպքերում միակ կերակրողը: Եթե կառավարությունն արձագանքի իմ նախաձեռնությանը, ապա պատրաստ եմ մեկ առ մեկ շրջել Հայաստանի բոլոր գյուղերով, նպաստել համայնքների զարգացմանը: Մեր ապագայի գրավականը նաև հզոր ռեսուրսներով հայ գյուղն է, – համոզված է Ստելլա Սարուխանյանը:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 1263