Գիտությունը հանուն անվտանգության ու զարգացման

 

Կորոնավիրուսի համավարակի  և պատերազմի հետևանքների պատճառով ծայրահեղ ծանր վիճակում հայտնված Հայաստանի համար փրկօղակ կարող է լինել գիտության ուժեղացումը։ Ահա այս համոզմունքով հայաստանյան ավելի քան 700 ընկերություններ միավորվել են «Գիտուժ»  նախաձեռնության շուրջ՝ գիտության ոլորտում իրավիճակը շտկելու առաջարկություններ և պահանջներ ներկայացնելով  կառավարությանը։  WomenNet.am -ը զրուցել է նախաձեռնության ակտիվ մասնակիցներ`  Հասմիկ Մարտիրոսյանի, Սվետա Ջաղացպանյանի,  Նարե Գևորգյանի և Լիանա Ավետյանի հետ:

 

 

Նախաձեռնությանը միացած «Սիներջի Ինթընեշընլ Սիսթըմզ» ընկերության գործառնությունների գծով տնօրեն Հասմիկ Մարտիրոսյանը ցավով է փաստում, որ հայաստանցի երիտասարդ մասնագետները, որոնք բավականին մրցունակ են միջազգային շուկայում, լքել են հայրենիքն ու իրենց գործունեությունը շարունակում են ուրիշ երկրներում։

 

 

Երբ ուսանող էր, Հասմիկ Մարտիրոսյանն ու ևս երեսուն ուսանողներ արժանացել էին տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ նախագահի մրցանակին։ Տարիներ առաջ, երբ որոշել է հանդիպում կազմակերպել այդ տարվա մրցանանակիրների մասնակցությամբ, պարզել է, որ շուրջ երեսուն տաղանդավոր երիտասարդներից որևէ մեկը Հայաստանում չէ։

 

«Մեզ օր առաջ անհրաժեշտ է հզորացնել մեր երկրի տնտեսությունն ու զարգացնել անվտանգությունը։ Այժմ նպաստավոր պահ է, քանի որ բազմաթիվ երիտասարդներ՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս պատրաստ են իրենց ներդրումն ունենալ այդ գործում։ Պետության՝ գիտության նկատմամբ վերաբերմունքը փոխելու համար գիտական ու գործարար համայնքների այսչափ միասնական պատրաստակամություն գրեթե չի եղել»,-ասում է նա։

 

Հասմիկ Մարտիրոսյանն ընդգծում է,  երբ երկրի բնական պաշարները քիչ են, իսկ աշխարհագրական դիրքը՝ ոչ բարենպաստ, մնում է բոլոր բացերը լրացնել՝ օգտագործելով մտավոր պաշարը։

 

 

«Գիտուժ»-ին միացած Hi-Tech Gateway ընկերության Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր և ղեկավար, դասախոս Սվետա Ջաղացպանյանը, ով նաև գիտահետազոտական աշխատանքներ է ղեկավարում, գիտության հատկացումների շարունակական ավելացումը կարևորում է նախ ուղեղների արտահոսքը կանխելու, ինչպես արդեն երկրից հեռացած գիտնականներին վերադարձնելու առումով։

 

 

«Հայատանում այսօր չի կարևորվում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը։ Բոլորը կարևորում են արդեն պատրաստի պրոդուկտը, որպեսզի վերցնեն ու օգտագործեն։ Բայց ինժիներիական պրոդուկտները նախ պետք է մի քանի տարի հետազոտական ու փորձարարական աշխատանքների ենթարկվեն»,-WomenNet.am-ի հետ զրույցում ասում է Սվետա Ջաղացպանյանը։

 

 

Նրա ղեկավարած ընկերության միկրոէլեկտրոնիկայի բաժինը ստեղծել է «անտառի պահապան» անունով պրոդուկտը։ Այն մեկ ու կես տարի գիտահետազոտական աշխատանքների փուլ է անցել։

 

 

«Նման լուծումը դեռ աշխարհում չկա։ Մենք ստեղծել ենք անտառների մոնիտորինգի համակարգ, որը տեղորոշում է կրակն ու ապօրինի ծառահատման դեպքերը, այն անլար է, էլեկտրախնայող է, նույն մարտկոցներով կարող է աշխատել մինչև վեց տարի։ Մենք այն փորձարկել ենք Ստեփանավանի անտառներում, ինչից հետո որոշ փոփոխություններ ենք արել»,-ասում է ընկերության ղեկավարն ու նշում, որ դրա նկատմամբ արդեն հետաքրքրություն կա։

 

 

Չնայած օրենսդրական որոշ կարգավորումների հետևանքով դժվարություններ են առաջացել արտադրանքի արտահանման ժամանակ, սակայն «անտառի պահապանը» հիմա Մալազիայում է, թեստավորվում է։

 

 

 Սվետան հույս ունի, որ նաև «Գիտուժ»-ի աշխատանքի արդյունքում Հայաստանում գիտնականի, գիտության ոլորտի նկատմամբ հասարակության, կառավարության վերաբերմունքը կփոխվի։ Նա ասում է՝ ճանաչում է մարդկանց, որոնք ինժեներական հսկայածավալ, բարդ ու կարևոր աշխատանք են իրականացնում, սակայն գիտական աստիճան չունեն։

 

 

«Եվ սա զուտ այն պատճառով, որ գիտությունը վերջին մի քանի տասնամյակում  այնքան էլ գրավիչ չի եղել, գիտնականի համար դժվար է հացի խնդիր լուծել»,-ասում է նա՝ ավելացնելով, որ այս պահին առավել շատ, քան երբևէ Հայաստանին գիտության զարգացում ու դրա արդյունքում պետության հզորացում է հարկավոր։

 

 


Մարմնի քաշը և ֆիզիկական ակտիվությունը վերահսկող կոշիկի խելացի ներդիրի հեղինակ  Embry  ընկերությունը ևս միացել է «Գիտուժ»-ին: Ընկերության չորս հիմնադիրներից երկուսը կանայք են, ինժեներական, տվյալագիտական կարևոր գործը վստահված են կանանց։ (Լուսանկարում ընկերության համահիմնադիրներից երեքն են ՝ Լիանա Ավետյանը, Սարքիս Կարապետյանը և Նարե Գևորգյանը)։

 

 

Embry-ի համահիմնադիր, դիզայնի գծով գլխավոր տնօրեն, Techնոտան համահիմնադիր Նարե Գևորգյանը (լուսանկարում աջից)  WomenNet.am-ի հետ զրույցում նշում է՝ մի քանի հարյուր ընկերությունների միավորեց գիտակցումը, որ Հայաստանում գիտությունը մահանում է։

 

 

«Մեր ընկերության փորձից կարող եմ ասել, որ գիտական միջավայրի, խմբերի բացակայությունը դանդեղեցնում է աշխատանքը, ազդում է արտադրանքի որակի վրա։ Եթե մենք ունենայինք գիտական խմբեր ու լիներ համագործակցություն, ամեն ինչ շատ ավելի արագ, հեշտ ու արդյունավետ կլիներ։ Ես սա ասում եմ՝ որպես փոքր ստարտափի հիմնադիր։ Ընկերությունը ստեղծել է նոր տեխնոլոգիա, որի պահանջարկը կա, բայց գիտական միջավայրի բացակայության հետևանքով հապաղումներ կան»,-գիտության առկա վիճակի բացասական ազդեցությունը սեփական օրինակով ներկայացնում է Նարեն։

 

 

Ի դեպ,  նախավաճառքի մասին հայտարարությունից հետո Embry-ի արտադրանք ներդիրն ու տվյալների բազայով հավելվածի պատվերներ են եղել ԱՄՆ-ից, Եվրոպայից, նաև Հայաստանից։ Առաքումները կսկսվեն ապրիլից, իսկ դրան նախորդել են բազմաթիվ ու երկարատև ուսումնասիրություններ, հետազոտություններ։ Օրինակ, իրենց հիմնական շուկա համարվող Կալիֆորնիայի բնակիչների վարքագիծն ուսումնասիրելու համար եղել են այդ նահանգում, անձամբ հետևել մարդկանց նիստուկացին, խոսքին, սովորություններին։

 

 

Ներդիրի առաջին փորձարկողները ընկերության աշխատակիցներն են, Նարեն էլ ամեն օր օգտագործում է՝ անընդհատ մտմտալով արտադրանքն էլ ավելի բարելավելու համար։

 

 

Ստարտափի  համահիմնադիր սննդաբան Լիանա Ավետյանը պատմեց, որ ԱՄՆ-ում աշխատել է ավելորդ քաշ ունեցող մարդկանց հետ։ 

 

 

«Հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ հարցրեցին՝ ընկերությունում քանի տոկոսն են կանայք, ես չունեի այդ պատասխանը։ Արագ հաշվեցի, պարզվեց 47 տոկոսը կանայք են, նաև չորս համահիմնադիրներից երկուսն են կանայք։ Բայց աշխատակիցների ընտրությունը կատարելիս մենք առաջնորդվում ենք մասնագիտական հմտություններով ու որակներով»,-ասում է նա։

 

 

 

«Գիտուժ» նախաձեռնության շուրջ միավորված ընկերությունները նշում են՝ կան գիտության զարգացմանն ուղղված ծրագրեր, կան սրտացավ և մրցունակ մասնագետներ, սպասում են միայն Ազգային ժողովի և Կառավարության ցանկությանը և որոշմանը։ Առայժմ գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքներից գոհ չեն։

 

 

«Ժամանակն է բազմաթիվ կրկնվող խոսքերից անցնել կոնկրետ գործողություննների։ Մեր վճարած հարկերը ճիշտ վերաբաշխեք և խելամիտ օգտագործեք։ Ավելացրե՛ք գիտության համար պետական հատկացումները՝ ապահովագրելով Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը»,-նշում են նրանք։

 

 

Մեր զրուցակիցների տեղեկացմամբ, «Գիտուժ»  նախաձեռնության մասնակիցներն իրավիճակի կայունացման, ապա նաև զարգացման համար կառավարությունից պահանջում են հենց այս տարի առնվազն 50%-ով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները,  ինչպես նաև գիտության ոլորտը կարգավորող օրենքում ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեն։ Այս պահանջով ստորագրահավաքին արդեն մոտ 5800 մարդ է միացել։

 

Նախաձեռնության անդամ ընկերություններն իրենց հերթին պատրատ են իրենց ռեսուրսներով, հնարավորություններով աջակցելու այս կարևոր գործին։ Արդյունքում ակնկալում են, որ խնդիրը կունենա հայեցակարգային լուծում, երիտասարդ մասնագետները դրական ուղերձներ կստանան՝ Հայաստանում գիտությամբ զբազվելու համար, գիտությունը կզարգանա՝ շղթայաբար զարգացնելով գրեթե բոլոր ոլորտները՝ կրթությունից մինչև տնտեսություն։

 

Հ. Կարապետյան

 

 

 

Դիտումների քանակը` 1282

Գլխավոր էջ