Նոր շունչ, նոր անուն. պատերազմն ու կորոնավիրուսը խոչընդոտ չեն, երբ կա ձգտում ու նպատակ

Ծանր ու ողբերգական 2020 թվականը մեծ հարված հասցրեց նաև Հայաստանի տնտեսությանը՝ բազմաթիվ անհատ ձեռներեցներ և փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ չդիմացան ու դադարեցրեցին իրենց գործունեությունը, ամենուր կարելի է տեսնել փակված  կամ վարձով տրվող տարածքներ, որոնք նախկինում աշխույժ գործող բիզնես- կետեր էին:  Սակայն այդ դժվարին ժամանակահատվածը նաև բացառություններ ունի…

 

 

Բոլորովին վերջերս Երևանում բացվեց երիտասարդ ոճաբան Իրինա Երիցյանի բուտիկ-ատելիեն, որը առաջին հայացքից  գերում է իր գույներով՝ ինտերիերի վառ կանաչն ու դեղինը անմիջապես լուսավորում են անգամ ամենամռայլ օրը… Իրինան այդ պոզիտիվ էներգետիկան լրացնում իրենով, ասում է՝ որքան էլ կյանքը դժվար է, միշտ պետք է փորձես ինքդ քո ամեն մի օրը կառավարես ու ուժերդ ուղղես երազանքիդ իրագործմանը՝ անտեսելով մարտահրավերները, կարծրատիպերը, բազմաթիվ խոչընդոտները…

 

 

WomenNet.am-ը զրուցում է  երիտասարդ ոճաբանի հետ, ով բավականին հանդուգն ու վստահ հայտ է ներկայացրել հայաստանյան նորաձևության շուկայում՝  հերթական անգամ ապացուցելով, որ ռիսկային որոշումներ ոչ միայն տղամարդիկ են ընդունում, և հատկապես  ճգնաժամերի ժամանակ կանայք  ավելի հաճախ են կլիշեներ փշրում և նորարար գաղափարներ գեներացնում…  Ի դեպ, ինչպես մեր զրուցակիցն է նկատում, նորաձևության մեջ նորարար լինելը պարտադիր պայման է…

 

 

Նորաձևության և բրենդի կառավարման մասնագետ Իրինան կրթություն է ստացել Իտալիայում և Ավստրիայում, սովորել Միլանի Istituto Marangoni-ում (FASHION AND LUXURY Brand Management), ապա ուսումը շարունակել է EXTRA DESIGN բաժնում,  մարքեթինգի կառավարման մագիստրոսի կոչում ստացել է IBS Budapest-ում:

 

 

Միլանից՝ վիրավոր Երևան

 

-Ինձ շատ են հարցնում, թե ինչու որոշեցի վերադառնալ Հայաստան, այն էլ այս ծանր պահին, թողնելով Միլանը, որտեղ 2015-ին հիմնադրել էի Yerishi բրենդը (luxury ձեռագործ պայուսակների ապրանքանիշ):  Որոշումս երբ կայացրեցի, ոչ մի վայրկյան անգամ չեմ կասկածել, որ այն ճիշտ է, հակառակը՝ ես ուզում եմ օրինակ դառնալ, որ մարդիկ  վերադառնան, չվախենան ու դրանով հանդերձ փակեն այն վատն ու բացասականը, որ գեներաացվել է մեր երկրում: Թե՛ իմ կրթությունը, թե՛ իմ փորձը, որ ունեցել եմ արտերկրում ես ուզում եմ փորձել ծառայեցնել իմ հայրենիքում. մենք այստեղ ապրելով չենք տեսնում, թե ինչ է կատարվում դրսում, բայց ի սկզբանե, երբ ես կրթություն էի ստանում, ես միշտ գիտակցել եմ, որ այն միայն իմ համար չեմ ստանում, որ մի օր ես վերադառնալու եմ, որ ծառայեցնեմ այն իմ երկրին:

 

Ինձ անշուշտ  զգուշացնում էին, որ հայաստանյան շուկան հիմա բազմաթիվ ռիսկեր է պարունակուն նոր գործ սկսելու տեսանկյունից: Բայց ես չեմ վախենում և չեմ վախեցել. Ի վերջո, եթե ես վախենամ, մյուսը վախենա, ապա ինչպե՞ս ենք փորձելու առողջացնել երկրի տնտեսությունը: Իսկ եթե այսօրվա դրությամբ մենք համախմբվենք ու չվախենանք, ապա մեր երկիրը իսկապես կծաղկի: Մենք մի օրվա համար չենք ապրում, այլ իրապես ապրում ենք, որպեսզի  մեկս մյուսին օգնենք: Հենց այդպես էլ ծնվեց «Yerishi design spot»-ը, որն իր հետ գույն և տրամադրություն կբերի հայ կանանց և ոչ միայն: Հագուստը մարդու համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ յուրաքանչյուր հագուստ իր հերթին ունի որոշակի հոգեբանություն՝ կանայք պետք է կարողանան հագուստի միջոցով շեշտել իրենց վառ անհատականությունը, ներկայանալի լինեն համապատասխան միջավայրին:

 

Yerishi-ի թիմը փոքր չէ՝ ամեն մի ուղղություն իր մասնագետն ունի ու ինձ համար դա սկբունք է՝ աշխատում են նեղ մասնագետներ, որոնք հենց այդ պրոֆիլով են վերապատրաստվել: Կյանքում ամենաթանկ բանը դա ժամանակն է և եթե մարդ իր ժամանակը նվիրել է կոնկրետ մասնագիտության, ապա հենց դրանով պետք է զբաղվի: Ես այդպես եմ առաջնորդվում թիմ համալրելուց: Այդ իսկ պատճառով մեր թիմը փոքր չէ, կամ, ինչպես ասում են, ես բավարար թվով աշխատատեղեր եմ ստեղծել (ժպտալով նկատում է, որ Հայաստանում այս ինֆորմացիան չափազանց կարևորվում է- խմբ.):

 

Լինել կին նշանակում է ունենալ դժվարություննե՞ր

 

-Ես շատ լուրջ խոչընդոտներ ու դժվարությունների եմ հանդիպել իմ կյանքում ու կարիերայում հենց այն պատճառով, որ ես կին եմ: Թվում է, թե ապրել, կրթվել ու կարիերայիս  հիմքը դրել եմ արտերկրում, որտեղ կանանց իրավունքները ավելի պաշտպանված են, բայց կարող եմ ասել, որ կանայք ամենուր բախվում են խնդիրների ու դժվարությունների հանդիպում: Ինչպես ասում են՝ գոյատևում է ամենաուժեղը, ուղղակի պետք է չկոտրվել ու գնալ առաջ, դեպի նպատակ: Ես չեմ սիրում խոսել այդ ամենի մասին, որովհետև ավելի կարևոր է այն, որ ես անցել եմ, հաղթահարել եմ դժարությունները և այսօր ունեմ այն, ինչին ձգտել եմ: Կանայք չպետք է վախենան, կանայք իրենց էությամբ շատ ուժեղ ու խիզախ են և ընդամենը պետք է դիտարկեն բարդություններն ու շատ դեպքերում արհեստական ստեղծվող խոչընդոտները, որպես ևս մեկ փորձություն, առավել ևս, որ մեր կյանքն ամբողջությամբ փորձություն է:

 

Հագուստ, թե՞ աքսեսուարներ. սա է հարցը

 

-2015 թվականին Միլան քաղաքում հիմնադրելով  Yerishi-ն, որը luxury ձեռագործ պայուսակների ապրանքանիշ է,  չէի էլ պատկերացնի, որ հագուստը այսքան կսիրեմ, որովհետև ես սովոր էի  աշխատել կաշվե իրերի հետ: Ես շատ լավ «զգում եմ» կաշին,  ու ամենասկզբում ստեղծում էի միայն պայուսակներ: Հագուստի հետ իմ աշխատանքում, միևնույն է,  անպակաս են զամշը և կաշին: Ինձ համար ամենակարևորն այն է, որ կինը կամ տղամարդը այդ հագուստը կրելուց զգան սերը և սիրով լցվեն: Եվ գուցե տարօրինակ բան ասեմ, բայց երբ իմ աշխատակիցները վատ տրամադրություն են ունենում, նրանք չեն կարողանում աշխատել՝ գիտակցելով որ այն անպայման կփոխանցվի կրողին: Հագուստը իսկապես կապ ունի հոգեկան տրամադրության հետ և ես այդ  կապի հետ հաշվի եմ նստում:

 

 

Առաջիկա պլանները

 

 

-Yerishi-ն մեծանալու և ընդլայվելու է: Խոսքը ոչ միայն բուտիկ-ատելիեների թվի ավելացման մասին է, ինչը իմ առաջիկա ծրագրերում է, այլև ես արտադրություն եմ պատրաստվում բացել: Yerishi-ի հագուստը ծնվում է Երևանում, պայուսակները՝ Իտալիայում, բայց Հայաստանում էլ կլինի դրանց արտադրությունը: Ես իսկապես  ցանկանում եմ, որպեսզի Հայաստանում Yerishi-ի օգնությամբ ավելի զարգանա նորաձևություն հասկացությունը և որ ես կկարողանամ դրանում ներդնել իմ արտերկրներում ստացած կրթությունը: Եվ ես գիտեմ մեկ բան՝ պետք է համախմբվենք հանուն մեկ նպատակի, ուժի՝ խթանել փոքր ու միջին բիզնեսի առաջխաղացմանը Հայաստանում: Ես վստահ եմ, որ կհաջողենք:

 

 

Լիա Խոջոյան

 

 

 

Դիտումների քանակը` 1303

Գլխավոր էջ