Global Gender Gap-2021. Հայաստանը վատթարացրել է իր դիրքերը

 

Գենդերային հավասարությանը պետք է սպասել ևս 135.6 տարի

 

«Ոչ մենք, ոչ էլ մեր երեխաներից շատերն իրենց կյանքի ընթացքում գենդերային հավասարության ականատես չեն լինի», – նման վատատեսական կանխատեսում է հրապարակել  հրապարակել Համաշխարհային տնտեսական ֆորումն իր Գենդերային խզման վերաբերյալ 2021-ի զեկույցում՝ ընդգծելով, որ կորոնավիրուսային համավարակի բացասական ազդեցության պատճառով հետընթաց է տեղի ունեցել նաև գենդերային հավասարության առումով:  Արդյունքում վատթարացել են նաև այդ ուղղությամբ  անցյալ տարվա  կանխատեսումները: Ըստ նոր կանխատեսման լիակատար գենդերային հավասարությանը  հասնելու համար կպահանջվի  ևս 135.6 տարի, այն դեպքում, երբ անցյալ տարվա զեկույցով կանխատեսմամբ՝ 99,5 տարի էր անհրաժեշտ:

 

 

«Կորոնավիրուսի համավարակը նոր պատնեշներ է առաջացրել ներառական ու բարգավաճ հասարակություններ ու տնտեսություններ կառուցելու գործում։ Ավելի վաղ առկա գենդերային խզվածքները ճգնաժամն ասիմետրիկ կերպով խորացրել են։ Ոլորտներում, որոնք առավել շատ են տուժել համավարակով պայմանավորված սահմանփակումների հետևանքով, առավել շատ կանայք են ներգրավված։ Հաշվի առնելով տանը լրացուցիչ աշխատանքի ու աջակցության անհրաժեշտությունը՝ ճգնաժամը կանգնեցրել է գենդերային հավասարության առաջընթացը մի քանի երկրներում ու ոլորտներում»,-նշվում է զեկույցի նախաբանում, որը հեղինակել է Նոր տնտեսության ու հասարակության կենտրոնի ղեկավար ու գորադիր տնօրեն Սաիդա Զահիդին։

 

 

Նա հույս է հայտնում, որ զեկույցը կծառայի որպես առաջնորդներին՝ գենդերային հավասարության հասնելուն ուղղված գործողությունների իրականացման կոչ, գենդերային հավասարությունը դիտարկելով որպես հետճգնաժամային վերականգնման ընթացքում մեր հասարակությունների ու գործունեության գկխավոր նպատակ։

 

 

Զեկույցում հրապարակված են տվյալներ 156 երկրների վերաբերյալ։ Արդյունքների հաշվարկման մեթոդոլոգիան նույն է, այն չի փոխվել 2006-ից ի վեր։  Ներկայացվում են չորս ոլորտներում՝ տնտեսության, քաղաքականության, կրթության ու առողջապահության մեջ գենդերային հավասարության միտումները, ձեռնարկված միջոցառումները գնահատվում են 0-1.000 բալանոց համակարգով։

 

 

Զեկույցի 15-րդ հրատարակության տվյալները, որոնք հրապարակվել են համավարակի բռնկումից ավելի քան  մեկ տարի անց,  ցույց են տալիս, որ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակն ու դրա հետ պայմանավորված տնտեսական անկումն առավել ոիժեղ ազդել են կանանց, քան տղամարդկանց վրա՝ մասամբ բացելով այն խզվածքները, որոնք արդեն փակվել էին։

 

 

Վերոհիշյալ չորս ոլորտներից քաղաքականության մեջ է, որ գենդերային առավել մեծ խզումն է արձանագրվել։ Ոլոտում կանայք ընդամենը 22 տոկոսն են, վերջին հրատարակության համեմատ առաջընթացը կազմում է 2.4 տոկոս։

 

 

 

 Առաջընթացի առկա տեմպերի պարագայում, զեկույցի հեղինակների հաշվարկով, միայն 95 տարի անց հնարավոր է հասնել գենդերային հավասարության։ 156 երկրներում միջին հաշվով կանայք 35 500 խորհրդարանական տեղերից զբաղեցնում են 26.1%-ը, 3400 նախարարներից 22.6%-ն են կանայք։

 

 

 

Այս տարվա հունվարի 15-ի դրությամբ զեկույցում ներառված 156 երկրներից 81-ում երբեք կառավարության ղեկավարը կին չի եղել։ Հիմք ընդունելով աճի առկա միտումը՝ քաղաքականության այս մակարդակում գենդերային հավասարության հասնելու համար կպահանջվի 145.5 տարի։

 

 

 

Տնտեսության մեջ կանանց մասնակցության ու հնարավարությունների ոլորտում գենդերային խզվածքն իր մեծությամբ երկրորդն է։ Խզվածքի 58 տոկոսը փակված է, սակայն նման դանդաղ առաջընթացի պարագայում կպահանջվի 267.6 տարի, որպեսզի խզվածքն ամբողջությամբ վերանա։

 

 

 

Կրթական նվաճումների, առողջապահության ոլորտներում գենդերային խզվածքը գրեթե վերացել էր՝  95 տոկոսով, 37 երկրներում արդեն հավասարություն էր հաստատված։ Մինչդեռ, ճանապարհի «վերջին կիլոմետրում» առաջընթացը դանդաղել է։ Խզվածքն ամբողջությամբ վերանալու համար կպահանջվի ևս 14.2 տարի։ Միաժամանակ, հաշվի առնելով համավարակի հետևանքով սահմանափակումները, դրանցով պայմանավորված եկամտի շարունակական տատանումները՝ բացի լրացման համար ժամանակը կարող է անորոշ լինել։

 

 

 

 

Նշենք, զեկույցի համաձայն, վարկանշային ցուցակում առաջատարներ են Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան։ Ցուցակի վերջին հորիզոնականներում են Սիրիան, Պակիստանը, Իրաքը, Եմենը, Աֆղանստանը։

 

 

 

 

Հայաստանը 114-րդն է

 

 

Այս տարվա զեկույցի համաձայն, Հայաստանի դիրքերը 16 կետով վատացել են. 156 երկրների շարքում մեր երկիրը 114-րդ տեղում է՝ Ֆիջիի ու Մալավիի մեջտեղում։ Համեմատության համար նշենք, որ նախորդ զեկույցում 153 երկրների շարքում Հայաստանը 98-րդ տեղում էր։

 

 

Այս տարի հարևան երկրներից Վրաստանը՝ 49-րդ տեղում է,  Ադրբեջանը՝ 100-րդ, Թուրքիան՝ 133-րդ տեղում, Իրանը՝ 150-րդ,  Ռուսաստանը՝ 81-րդ տեղում։

 

 

 

 

Տնտեսության ոլորտում մասնակցության ու հնարավորությունների ապահովման տեսակետից Հայաստանն վատացրել է իր դիրքերը 16 կետով, այս տարվա զեկույցում   96–րդ տեղում է՝ Մոզամբիկի ու Հյուսիսային Մակեդոնիայի մեջտեղում։ Պատճառը համավարակի ազդեցությունն է աշխատանքային շուկայի, այդ թվում կանանց զբաղվածության ցուցանիշների վրա: Հիշեցնենք, որ այս ոլորտում  վարկանիշը  կազմելիս հաշվի են առնվում տղամարդկանց և կանանց զբաղվածության մակարդակի հարաբերակցությունը, հավասար վարձատրությունը հավասար աշխատանքի դիմաց, տղամարդկանց և կանանց մասնաբաժինը մասնագետների և տեխնիկական աշխատակիցների կազմում,  ղեկավար պաշտոններում կանանց ընդգրկվածությունն  ու այլ ցուցանիշները։ 

 

 

 

Չորս ոլորտներից լավագույն դիրքում է կրթության ոլորտում՝ այդ ցուցանիշով զբաղեցնելով 46-րդ հորիզոնականը, և այդ դիրքում էր նաև անցյալ տարի։ Հարևան երկներից միայն 30-րդ հորիզոնականում հանգրվանած Վրաստանն է, որ այս ցանկում առաջ է անցել մեզանից։ Այս ոլորտում վարկանիշը  կազմվում է գրագիտության մակարդակի, բարձրագույն կրթության, վերապատրաստումների հասանելիության  և այլ ցուցանիշների հիման վրա։

 

 

 

Առավել վատ արդյունք ենք գրանցել առողջապահության ոլորտում՝ ներառվելով հետնապահ երկրների թվում։ Այս ցանկում Հայաստանը 156 երկրների թվում 150-րդն է (անցյալ տարի 148 էր), նրան հաջորդում են Վիետնամը, Քաթարը, Պակիստանը, Ադրբեջանը, Հնդկաստանը, Չինաստանը։ Նման արդյունքը պայմանավորված է նաև պտղի՝ սեռով պայմանավորված սելեկտիվ աբորտներով։ Զեկույցում որպես վատ ցուցանիշ ունեցող երկրներ ընգծված են Հայաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանն ու Վիետնամը։ Այս ոլորտում վարկանշային աղյուսակը կազմվում է նաև մայրական, մանկական մահացության, հղիության արհեստական ընդհատումների, նախածննդյան խնամքի, ծնունդն ընդունեղ բուժանձնակազմի հմտությունների ու այլ գործոնների հիման վրա։

 

 

 

Քաղաքականության ոլորտում հավասարության ցուցանիշով Հայաստանը 132-րդ տեղում է` վատացնելով իր ցուցանիշն անցյալ տարվա համեմատ 18 կետով։ Այդ ցուցանիշով մեր երկիրը զիջում է անգամ Չադին, Գվատեմալային, Ղազախստանին, Կոնգոյին ու էլի շատ երկրների։  Միաժամանակ գրանցած արդյունքով Հայաստանն  առաջ է անցնում  Ռուսաստանից, Թայլանդից, Ադրբեջանից, Սաուդյան Արաբիայից, Քաթարից, Նիգերիայից, Եմենից, Իրանից ու այլ երկրներից։

 

Այս ոլորտում հաշվի են առնում տվյալ երկրի խորհրդարանում և գործադիր մարմնի բարձրագույն  պաշտոններում  կանանց ներկայացվածությունը: Զեկույցում ներառված տարեվերջյան տվյալներով խորհրդարանում կանանց ներկայացվածությունը 22.7%, նախարարների թվում  0%, այսինքն հաշվի է առնվել այն  կարճ ժամանակահատվածը, երբ կառավարության կազմում կին նախարար չի եղել: Հիշեցնենք, որ Զարուհի Բաթոյանը ազատվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից անցյալ տարվա նոյեմբերին և մինչև այս տարվա հունվար, երբ Անահիտ Ավանեսյանը դարձավ Առողջապահության նախարար, կառավարության կազմում կին նախարար չի եղել:

 

 

  Զեկույցին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ

 

Հայաստանի մասին մանրամասն զեկույցի 101-102-րդ էջերում։

 

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

 

Դիտումների քանակը` 2246

Գլխավոր էջ