Հելլեն Երեմյան. «ճանաչել ու սիրել հայրենիքը»
Հզոր և պաշտպանված հայրենիք ունենալու համար պետք է ճանաչել այն, -համոզված է Հելլեն Երեմյանը: Հայրենիքի հանդեպ սերն ու նվիրվածությունը Հելլենի համար մի շարք գաղափարների հիմք են հանդիսացել, որոնց մի մասն արդեն իրականություն է դարձել, մեծ հետաքրքրություն առաջացնելով թե փոքրերի, թե մեծահասակների շրջանում:
Այդ գաղափարների շուրջ WomenNet.am-ը զրուցեց Հելլեն Երեմյանի հետ, ով երկար տարիներ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում աշխատել է որպես գիդ-էքսկուրսավար, իսկ այսօր համագործակցում է «Տիր-Ար թրավել» ընկերության հետ՝ Հայաստանի տեսարժան վայրեր այցելող զբոսաշրջիկներին, նաև մեր հայրենակիցներին ներկայացնելով Հայաստանի պատմությունը:
-Ինձ շատ է դուր գալիս իմ մասնագիտությունը, որը հայրենիքի տեսարժան վայրեր շրջագայելու մեծ հնարավորություն է տալիս, ավելի խորությամբ ես ճանաչում հայրենի բնաշխարհը, երկրի պատմությունը, հիանում, սիրում ու կապվում ես հայրենի հողին:
Առավել ևս հաճելի է, երբ իմացածդ փոխանցում ես զբոսաշրջիկին, պատասխանում նրա հարցերին, ներկայացնում այս կամ այն հուշարձանի մասին ավելին, քան կարող է նա իմանալ: Շրջագայության ընթացքում ինքս էլ սկսեցի ավելի մանրակրկիտ ուսումնասիրել հուշարձանները, խաչքարերը, վանքերն ու եկեղեցիները, քարանձավները, լճերը, գետերը…: Ու որքան շատ տեղեկություններ էի հավաքում, այնքան բազմաճյուղ էր դառնում տուրերի ուղղությունները և, անշուշտ դառնում ավելի հետաքրքիր:
Շրջագայության ընթացքում սկսեցի մտածել հայրենի բնաշխարհը երեխաներին, ինչու չէ նաև մեծահասակներին խաղի ձևով ներկայացնելու գաղափարի շուրջ: Գուցե հենց այդ պահին ծնվեց հայրենաճանաչողության թեմայով խաղեր ստեղծելու գաղափարը:
Խաղը կյանքի մոդել է, որի միջոցով, հատկապես երեխաներին տրվում է հնարավորություն միաժամանակ ուսանել, խաղալ և ճանաչել սեփական արժեքները: Խաղը կոչվում է «Հայոց աշխարհի վանքերն ու եկեղեցիները»: Ի դեպ, այս խաղում ներառված են ոչ միայն Հայաստանի, այլև Արևմտյան Հայաստանի և Արցախի վանքերն ու եկեղեցիները: Խաղը կարևոր է նրանով, որ նպաստում է ճանաչել հայրենի ժառանգությունը, եթե անգամ հնարավոր չի եղել այցելել, ապա իմանալը պարտադիր է: Մենք կորցրել ենք պատմական հայրենիք, որտեղ բազմաթիվ մշակութային ավերված կոթողներ են մնացել: Ու կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ դպրոցական, երիտասարդ, պարզապես հայ մարդ պարտավոր է ծանոթանալ դրանց: Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով մենք կորցրել ենք Արցախի մի զգալի հատված իր մշակութային ժառանգության՝ եկեղեցիների, վանքերի հետ միասին: Հայտնի չէ, ներկա սերնդին բախտ կվիճակվի արդյոք տեսնել դրանք: Իսկ այս խաղի միջոցով գոնե կծանոթանան Արցախի մշակութային կոթողներին՝ սրտում ունենալով կորցրածը հետ վերադարձնելու փափագը:
– Կներկայացնե ՞ք խաղը…
-Խաղն ունի 130 քարտ՝ պատկերներով, 30 հարցից բաղկացած երկլեզու հարցաշար, տեղանուններով քարտեր: Խաղի ընթացքում մասնակիցը պետք է գուշակի սեղանին փռված քարտերի երեսին պատկերված հուշարձանը՝ եկեղեցին կամ վանքը: Քարտի դարձերեսին ներկայացված է տվյալ հուշարձանի մասին համառոտ տեղեկություն: Այս խաղը կարող են խաղալ խմբով, նաև երկու-երեք հոգով:
Խաղը որպես օժանդակ նյութ ներառված է դպրոցական ծրագրում: Համագործակցում եմ Երևանի, Գյումրու, Վանաձորի, Հրազդանի, Նոր- Հաճնի դպրոցների հետ: Երևանի և մարզերի մի շարք դպրոցներում կազմակերպում եմ խաղ-դասեր: Իհարկե, սկզբում մտավախություն ունեի, որ նրանց գուցե շատ չհետաքրքրի, սակայն իրենց ակտիվ մասնակցությունը փարատեց մտավախությունս:
Մեկ այլ խաղը՝ լոտոյի սկզբունքով եմ ստեղծել , կոչվում է «Ծովից ծով»: Այս խաղում դարձյալ ներառված են Հայաստանի, Արևմտյան Հայաստանի և Արցախի քարանձավները, ջրվեժները, լճերն ու գետերը, ամրոցները: Նշված վայրերից շատերն այցելել եմ, դրանց լուսանկարներից շատերն ինքս եմ արել, մի մասն էլ օգտվել եմ պրոֆեսիոնալ լուսանկարիչների գործերից:
Ի դեպ, «Ծովից ծով» խաղի հեղինակային իրավունքը ձեռք բերելուց հետո այն արժանացավ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի հավանությանը, որի միջոցով էլ պատկառելի մի խմբաքանակ ուղարկվել է սփյուռքի դպրոցներ:
Ասեմ, որ իմ երկու խաղերի հանդեպ հետաքրքրությունը մեծացավ հատկապես COVID-19 համավարակի պատճառով պարտադրված ինքնամեկուսացման շրջանում: Օրեր, անգամ ամիսներ տանը փակված փոքրերն ու մեծերը սիրով խաղում էին և հիմա էլ խաղում են այս խաղերով, արդյունքում կանխելով ոչ միայն վարակի տարածումը, այլև ընդլայնում մշակութային գիտելիքների շրջանակը:
-Ուրիշ ի՞նչ գաղափարներ ունեք և հաջողվե՞լ է դրանք իրականացնել …
-Իմ հաջորդ գաղափարը, որն իրողություն եմ դարձրել, արևմտահայերեն հեքիաթների գրքի հրատարակումն է: Արևմտահայերեն հեքիաթների գրքեր մեզ մոտ գրեթե չկան, եղածն էլ սահմանափակ է, ես շատ եմ շփվում սփյուռքահայերի հետ, նրանք շատ հաճախ են մասնակցում տուրերի, և հաճախ դժգոհում, որ արևելահայերենով կարդալու հետ խնդիրներ ունեն, շատ բառեր չեն հասկանում: Ցանկացա ստեղծել արևմտահայերեն հեքիաթների գիրք, որը սփյուռքահայ երեխաները սիրով կկարդան: Գրքի բոլոր էջերը պատկերազարդված են մանրանկարչությամբ, թռչնագիր տառերով, որոնց հեղինակը Մատենադարանի գիտաշխատող Սուսաննա Կիրակոսյանն է:
Աշխատանքի մեջ առանց սեր ներդնելու հնարավոր չէ, հետևաբար ամեն մանրուքի մեծ ուշադրություն եմ դարձնում. սկսած նյութի ընտրությունից, թղթի գույնից և որակից, ամեն ինչ պետք է կատարյալ լինի: «Արևմտահայերեն հեքիաթներ« գրքում Հովհ. Թումանյանի որոշ հեքիաթներից բացի ներառված են նաև 1914 թվականին Պոլսում հրատարակված մի քանի հեքիաթներ ևս: Այս գիրքը ևս հասանելի դարձավ աշխարհասփյուռ մեր երեխաներին:
Ցանկանում եմ խաղերի տարբերակով հանրությանը ներկայացնել նաև այլ նախագծեր՝ հին հայկական հանելուկների , հայկական ճաշատեսակների և շատ այլ թեմաների միջոցով: Վերջինիս հարցով խորհրդակցում եմ հայ անվանի խոհարարների հետ, ուսումնասիրում մեր ներկա և պատմական բնակավայրերի ավանդական ճաշատեսակները: Այժմ զբաղված եմ այդ գաղափարների իրագործմամբ:
– Կարծում եք հեքիաթներն ու խաղերը բավակա ՞ն են հայրենիքը սիրելու համար…
-Համոզված եմ, որ նաև դրանց շնորհիվ է հայրենիքը դառնում սիրելի: Եթե չճանաչես երկիրդ, չիմանաս նրա պատմությունը, սրտացավ չինես հուշակոթողի, խաչքարի, ամեն թիզ հողակտորի համար, չես կարող այն պահպանել և պաշտպանել: Զինվորին հերոսության մղողն այդ թիզ հողի հանդեպ ունեցած սերն է, դրանում համոզվել ենք բոլոր նախկին և արցախյան վերջին պատերազմի ժամանակ: Հարկավոր է սիրել ու ճանաչել հայրենիքը, ինչին միտված են իմ գաղափարները: Իսկ ինչ վերաբերում է խաղին ու հեքիաթին, ապա դրանք հարստացնում են երևակայությունը, բացահայտում սեփական հնարավորություններն ու գիտելիքների պաշարը, առաջացնում հայրենի բնաշխարհին ու նրա պատմությանն առավել ծանոթանալու, ավելին տեսնելու և զգալու ցանկություն…
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 2180