Ավարտվեց  Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը. պետությունները պարտավորվեցին ապահովել կանանց  քաղաքական առաջընթացը

 

Աշխարհում իշխանության ղեկին գտնվող կանանց թիվն աճում է, բայց եթե այս գործընթացը չարագացվի, քաղաքականության մեջ լիարժեք հավասարության պետք է սպասել 130 տարի: ՄԱԿ-ում ավարտված կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի մասնակիցները մտադիր չեն սպասել. նրանք վճռական են գործելու:

 

 

Համաձայնեցված եզրակացություններ

 

Մարտի 26-ին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (ԿԿՀ) 65-րդ նստաշրջանը ավարտեց իր երկշաբաթյա աշխատանքները `ընդունելով համաձայնեցված եզրակացություններ (Agreed Conclusions) կոչվող փաստաթուղթը, որով  աշխարհի առաջնորդները հաստատուն պարտավորություն ստանձնեցին զգալիորեն արագացնել կանանց  ներկայացվածությունը պետական  և հանրային կառավարման ղեկավար պաշտոններում, ինչպես նաև քայլեր ձեռնարկել կանանց նկատմամբ բռնությունը վերացնեու ուղղությամբ:

 

Հիշեցնենք, որ 65-րդ նստաշրջանի հիմնական թեմաները` կանանց լիարժեք և իրական մասնակցություն հասարակական կյանքում և կարևոր որոշումներ կայացնելու գործընթացներին, ինչպես նաև գենդերային բռնության վերացում:

 

 

«Սա 15 տարվա ընթացքում Կանանց կարգավիճակի հանձնաժողովի առաջին նստաշրջանն է, որը վերաբերում է հասարակական կյանքում կանանց մասնակցության խնդրին, և այս համաձայնեցված եզրակացությունները կարևոր առաջընթաց են գրանցում», – ասաց ՄԱԿ-Կանանց գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան:

 

 

Եզրափակիչ փաստաթղթի ընդունումից առաջ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նախագահ  և ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ  Մհեր Մարգարյանն ընդգծեց համավարակով պայմանավորված դժվարությունների և մարտահրավերների պայմաններում համաձայնեցված արդյունքի հասնելու կարևորությունը։ ՀՀ մշտական ներկայացուցիչը բարձր գնահատեց մի քանի շաբաթ տևած բանակցություններում ներգրավված պատվիրակությունների ջանքերը փաստաթղթի համաձայնեցման գործում՝ նշելով դրա նշանակությունը բոլոր ոլորտներում կանանց և աղջիկների լիարժեք և արդյունավետ մասնակցության և կանանց նկատմամբ բռնության վերացման հարցում։

 

 

Համաձայնեցված եզրակացությունները սահմանում են խորհրդատվություններ հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պետական իշխանության մարմիններում կանանց լիարժեք և հավասար մասնակցությանն ուղղված հստակ միջոցառումներ: Ընդգծվում է  ուժեղացված քաղաքական կամքի առակայությունը որպես անհրաժեշտ նախադրյալ այդ նպատակին հասնելու համար: Կարևորվում են ժամանակավոր հատուկ միջոցները (քվոտաները),  կանանց նկատմամբ խտրականության վերացման համար օրենսդրական փոփոխությունները, նորարարական միջոցների մշակումը և թիրախների ու ժամանակացույցի հաստատումը գործադիր, օրենսդիր և դատական իշխանության մարմիններում կանանց հավասար մասնակցության նպատակով։ Փաստաթուղթը նաև ամրագրում է խաղաղության գործընթացներին կանանց ներգրավման կարևորությունը, ինչպես նաև՝ կանանց և աղջիկների հանդեպ բռնության բոլոր ձևերի կանխարգելման ու վերացման առաջարկություններ։

 

 

Դրվագներ քննարկումներից

 

Սովորաբար մարտին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանը շատ մարդաշատ է. կանանց կարգավիճակի հանձնաժողովի նիստում հավաքվում են կառավարությունների, կանանց կազմակերպությունների ներկայացուցիչներ և ակտիվիստներ ամբողջ աշխարհից: Այս տարի հանդիպումները հիմնականում անցնում էին վիրտուալ ձևաչափով, բայց քննարկումները պակաս թեժ չէին, և «լուսանցքում» անցկացվող բազմաթիվ միջոցառումներ առաջ բերեցին կարևոր խնդիրներ և հարթակ ստեղծեցին բոլոր սերունդների և հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների համար:

 

 

ՄԱԿ-ի օրացույցի ամենանշանակալի միջոցառումներից մեկը համարվող Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանի քննարկումներին ելույթներով հանդես եկան ավելի քան հարյուր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և նախարարներ։ Նստաշրջանի աշխատանքներին հետևել են աշխարհի տարբեր երկրների 800-ից ավելի հասարակական կազմակերպությունների հազարավոր ներկայացուցիչներ։ Նստաշրջանի շրջանակներում կազմակերպվել էին նաև մի շարք առցանց միջոցառումներ նվիրված աշխարհում կանանց և աղջիկների խնդիրներին ու իրավունքների պաշտպանությանը։

 

 

Քննարկումների ընթացքում շեշտադրված այն փաստը, որ կանայք դեռ կազմում են խորհրդարանականների միայն քառորդ մասը, միայն 13 տոկոսն է  կարևոր բանակցությունների մասնակից և  6 տոկոսը՝ միջնորդներ խաղաղ գործընթացներում: Սա նշանակում է, որ մարդկության կեսն, ըստ էության, դուրս է մղված քաղաքական որոշումների կայացման գործընթացից:

 

 

Օրինակ, ինչպես նշել է Մոլդովայում ՄԱԿ-ի կանանց ներկայացուցիչ Դոմինիկ Ստիանոսկան, Ուկրաինայի վերջին ընտրությունների ժամանակ ավելի քիչ կին է ընտրվել տեղական ինքնակառավարման մարմիններում, քան նախկինում:  Ըստ ֆորումի շատ մասնակիցների պատճառը կայանում է կին քաղաքական գործիչների նկատմամբ բռնության աճող մակարդակի մեջ, հատկապես տեղական մակարդակում: Կանանց համար լուջ խորընդոտ են հանդիսանում նաև գենդերային կարծրատիպերը:  Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում անցկացված հարցումների համաձայն, կանանց 49,5%-ը և տղամարդկանց 66%-ը տղամարդկանց համարում են ավելի արդյունավետ առաջնորդներ:

 

 

Ավելին, համաճարակի պատաճառով հետընթաց է  արձանագրվել  հավասարության հարցերում: Կանայք ավելի շատ են տուժում սահմանափակումներից. նրանք կորցրել են իրենց աշխատանքը և սովորելու հնարավորությունները, իսկ բռնության մակարդակն էլ ավելի է աճել ամբողջ աշխարհում:

 

 

Այնուամենայնիվ, ՄԱԿ-ը պնդում է, որ այս և այլ խոչընդոտները հաղթահարելի են: «Եթե մենք ուզում ենք պաշտպանել այն մարդկանց իրավունքները, ում ծառայում ենք, [ցանկացած իշխանության] ղեկավարությունը պետք է արտացոլի բնակչության կազմը», – նստաշրջանում ասել է Գլխավոր ասամբլեայի նախագահ Վոլքան Բոզկիրը: «Մենք պետք է վերացնենք կանանց խոչընդոտները քաղաքականության մեջ և, մասնավորապես, վերջ դնենք բռնության ցանկացած դրսևորումներին»:

 

 

Քննարկումների կենտրոնում էր նաև կանանց նկատմամբ բռնության խնդիրը՝ 66 հազար կին ամեն տարի մահանում է բռնությունից. սա իսկական համաճարակ է: Ամենից հաճախ մարդասպան է դառնում մտերիմ անձնավորությունը՝ ինտիմ զուգընկերը, բայց աշխարհի շատ երկրներում չեն հավաքագրում նման երեւույթների վիճակագրությունը, և  այս բացը պետք է առաջին հերթին լրացվի, համոզված են ՄԱԿ-ում:

 

 

Պետությունների երկու երրորդը օրենքներ է ընդունել գենդերային բռնության դեմ, բայց դրանք հեռու են ամենուրեք կիրառվելուց: Միջխորհրդարանական միության ղեկավար Մարտին Չունգոնգը կարծում է, որ բռնության դեմ պայաքարում հակառակ սեռի աջակցությունն անփոխարինելի է. «Եթե դուք տղամարդկանց չեք ներգրավում կանանց պաշտպանության գործում, իմ կարծիքով, ջանքերը դատապարտված են ձախողման», – ասել է նա:

 

 

Ֆորումի ընթացքում կարևորվեց կանանց  առաջնորդության  արդյունավետության գաղափարը: Կանայք որպես առաջնորդներ հակված են ավելի մեծ ուշադրություն դարձնել սոցիալական պաշտպանության, առողջապահության և «կանաչ» տնտեսության խնդիրներին, բացի այդ  նրանք նաև ապացուցել են, որ ավելի լավ են հաղթահարում համաճարակը: Դրա հետ մեկտեղ,  87 երկրների տվյալների համաձայն, համաճարակի դեմ պայքարող բարձր մակարդակների աշխատանքային խմբերում միայն 3,5%-ն  էին կազմում կանայք:

 

 

«Մարդկությունը 130 տարի չի սպասի գենդերային հավասարության հասնելու համար. այդ նպատակին պետք է հասնել շատ ավելի վաղ», – այս  նպատակադրմամբ ավարտվեց  Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը ՝ փաստելով, որ պայքարը հանուն հավասարության շարունակվում է:

 

Մեկնարկել է «Հավասարության սերունդ» ֆորումը

 

 

Էստաֆետը փոխանցվեց «Հավասարության սերունդ» եռօրյա ֆորումին, որը մեկնարկել է  Մեքսիկայում մարտի 29-ին: «Հավասարության սերունդ» ֆորումը ՄԱԿ-Կանայք կառույցի  (UN-Women),   Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների համատեղ նախաձեռնությունն է՝ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ։  Ֆորումը պետք է կայանար դեռ անցյալ տարի, սակայն հետաձգվեց համավարակի պատճառով:

 

 

Ֆորումի շրջանակում անդարադարձ է կատարվելու  ընդդեմ  կանանց նկատմամբ բռնության պայքարին, նրանց տնտեսական իրավունքներին, վերարտադրողական առողջությունը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների  հասանելիությունն ու կանանց  քաղաքական մասնակցությունը:  Ֆորումը կառուցված է 6 թեմատիկ կոալիցիաների շուրջ, որոնք միտված են գենդերային հավասարության և կանանց իրավունքների իրագործմանը և խթանմանը վեց ուղղություններով:  Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին  Հայաստանն ընտրվեց «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» գործողությունների կոալիցիայի առաջնորդ երկիր:

 

 

 «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում նախաձեռնվում է նաև Կանանց, խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործողության վերաբերյալ նորարարական համաձայնագրի մշակումը, որը միտված է ռեսուրսների ներդրմանը` խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործողությունների ապահովման նպատակով։ Համաձայնագիրը կամրապնդի արդեն իսկ առկա նախաձեռնությունների և համագործակցությունների համակարգումը՝ վերահաստատելով կանանց և երիտասարդների մասնակցության կարևորությունը խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործընթացներին՝  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ 1325 բանաձևի ընդունումից 20 տարի անց։

 

 

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է «Հավասարության սերունդ» ֆորումի  կայքում։

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ.

 

Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջան. oրակարգում կանանց լիարժեք մասնակցությունն է որոշումների կայացմանը

NGO CSW -65. մեկնարկել է քաղաքացիական հասարակության վիրտուալ ֆորումը

«Կանայք պետք է լինեն համավարակից հետո վերականգնման առաջնագծում և առանցքում»

«Պատերազմի և համավարակի միջև»․ ականատեսների պատմություններ»

Մարտի 8. Կանայք COVID-19-ով պայմանավորված ճգնաժամի առաջնագծում

Կանանց առաջնորդությունը հանուն հավասար ապագայի

Կանայք քաղաքականության մեջ – 2021. հրապարակվել է նոր քարտեզը

Աշխարհում խորհրդարանականների 25,5%-ը  կանայք են

«Հավասարության սերունդ» համաժողովին ընդառաջ

«Հավասարության սերունդ» ֆորում.  Հայաստանն ընտրվեց «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր

 

Դիտումների քանակը` 1136

Գլխավոր էջ