Ստամբուլն ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու Էրդողանի որոշման
Թուրքիայում գործող՝ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ողջ երկրի տարածքում բողոքի ակցիաներ են նախաձեռնում ընդդեմ Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշման:
Նշենք,որ Թուրքիան առաջինն էր 2011 թվականին ստորագրել Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով: Եվ ահա 10 տարի անց ՝ այս տարվա մարտի 20-ին Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել է Ստամբուլյան կոնվենցիային Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը:
Այդ որոշումը սառը ցնցուղ էր ԵԽ-ի, ՄԱԿ-ի, այդ կազմակերպությունների տարբեր կառույցների, պաշտոնյաների ու փորձագետների համար։ Հայտարարությանը հետևեցին քննադատություններ, բողոքներ, կոչեր՝ ուղղված Թուրքիային։ Դժգոհություններ ու բողոքի նոտաներ եղան նաև Թուրքիայում։
Էրդողանի որոշմանը հակադարձում են՝ Ստամբուլի կոնվենցիան անհրաժեշտ գործիք է պայքարելու աճող ընտանեկան բռնությունների դեմ։
«Ռոյթերզ»-ը գրում է՝ ԵԽ համաձայնագիրը կոչված է կանխելու, հետաքննելու, վերացնելու ընտանեկան բռնությունները, խթանել գենդերային հավասարությունը։ Չնայած Թուրքիան այն ստորագրել էր 2011 թվականին, սակայն վերջին տարիներին այդ երկրում ֆեմիցիդն ավելացել է։
Կոնվենցիայից դուրս գալու համար պաշտոնապես ոչ մի պատճառ չի ներկայացվել, միայն Էրդողանի ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները նշում են, որ ներքին օրենսդրական կարգավորումները ավելի լավ կարող են պաշտպանել կանանց իրավունքները, քան արտաքին ամրագրումները։
«Մեր դատական համակարգը բավականաչափ դինամիկ և ուժեղ է, որպեսզի անհրաժեշտության դեպքում նոր կանոնակարգեր կիրառի»,-Թվիթերի իր էջում գրել է ընտանիքի, աշխատանքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Զեհրա Զումրութը։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, մի շարք փաստաբաններ այն կարծիքին են, որ կոնվենցիան չի կարող այդպիսի որոշմամբ չեղյալ հայտարարվել:
Այդ որոշման կապակցությամբ Թուրքիայի պետական խորհրդում գործ է հարուցվել:
Թուրքիայի դատավորների և դատախազների միության (YARSAV) նախկին նախագահ Օմեր Ֆարուք Էմինաղաօղլուն Twitter-ում գրել է, որ այդ հարցը դատարան է տեղափոխել: Նա նշել է, որ պետխորհրդում գործը հարուցվել է մի կնոջ անունից և ուղղված է ոչ թե Թուրքիայի նախագահի անձի, այլ նախագահականի դեմ:
«Ամեն օր մենք արթնանում են ու լսում ֆեմիցիդի դեպքեր։ Մահերը երբեք չեն ավարտվում։ Կանայք մահանում են»,-«Ռոյթերզ»-ին ասել է որոշման դեմ ակցիայի մասնակից ստամբուլցի ուսանող Հատիս Յոլչուն։
Ըստ իրավապաշտպանների Թուրքիայում տարեկան 440 կին է սպանվում ընտանեկան բռնությն հետևանքով:
«Էրմենիհաբեր»-ն ավելի ուշ գրեց, որ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու պատճառը որոշ խմբերի կողմից կոնվենցիայի՝ միասեռականությունը խրախուսելու վերաբերյալ արած մանիպուլյացիաներն են:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Ֆաթմա Քայան էլ հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է Ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն ընդունել «Անկարայի կոնվենցիան»՝ ավելի ուշ տեղեկացնելով, որ աշխատում են «Անկարայի չափանիշների» վրա:
Միջազգային կառույցների արձագանքը՝ «Կործանարար լուր է»
Արձագանքելով Թուրքիայի նախագահի որոշմանը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարություն է տարածել։
«Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու մասին լուրը կործանարար է»,-նշել է ԵԽ կին պաշտոնյան։
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ստամբուլյան կոնվենցիան ընդգրկում է եվրոպական 34 երկիր և լայնորեն դիտվում է որպես ոսկե չափանիշ միջազգային ջանքերում, որոնք գործադրվում են պաշտպանելու մեր հասարակություններում կանանց և աղջիկներին ամենօրյա բռնություններից։
«Այս քայլը հսկայական հետընթաց է այդ ջանքերի համար և առավել ցավալի է, քանի որ այն վտանգում է կանանց պաշտպանությունը Թուրքիայում, ամբողջ Եվրոպայում և դրանից դուրս»,-նշել է նա։
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն այն անխոհեմ որոշում է որակել, որը խարխլում է կանանց իրավունքները և սխալ ազդանշան է ուղարկում Թուրքիայում և դրանից դուրս գտնվող բոլոր կանանց:
«Երբ երկրում աճում են ֆեմիցիդը և կանանց նկատմամբ բռնության այլ ձևեր, Թուրքիան չպետք է հետ կանգնի և նվազեցնի դրա դեմ պայքարի իր գործիքները»,-նշել է նա։
Միյատովիչը միաժամանակ աջակցություն է հայտնել Թուրքիայի կանանց՝ նշելով, որ կարող են իր վրա հույս դնել իրենց իրավունքների պաշտպանության ու Ստամբուլի կոնվենցիան առաջ մղելու ու դրա դրույթներն իրականացնելու հարցում։
ԵԽ թվիթերյան էջը հիշեցնում է, որ կոնվենցիան վավարեցրել են 34 անդամ երկրներ, ևս 11 երկիր ստորագրել է, դեռ չի վավերացրել։ Նրանց թվում է նաև Հայաստանը:
Թուրքիայի որոշմանն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի գործակալությունները՝ կոչ անելով այդ երկրին դուրս չգալ կոնվենցիայից։
«ՄԱԿ-ի գործակալությունները շաբաթ օրը Թուրքիային կոչ են արել վերանայել իր` կանանց նկատմամբ բռնությունը, այդ թվում ընտանեկան բռնությունը կանխարգելելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տարածաշրջանային հիմնական պայմանագրից դուրս գալու որոշումը»,-ասված է ՄԱԿ-ի պաշտոնական էջում։
Նշվում է, որ Թուրքիայում կանանց նկատմամբ բռնության ծավալներն առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում։ Խնդրի վերաբերյալ ազգային վերջին հետազոտությունն իրականացվել է 2014-ին, դրա արդյունքների համաձայն, երբևէ ամուսնացած կանանց 38 տոկոսը ֆիզիկական և (կամ) սեռական բռնության են ենթարկվել իրենց կյանքի ընթացքում:
«Տարեկան հարյուրավոր կանայք են սպանվում։ Մենք պնդում ենք, որ Թուրքիայի կառավարությունը պետք է շարունակի պաշտպանել բոլոր կանանց ու աղջիկների իրավունքները, շարունակի աջակցել այդ պաշտպանությանը, այդ թվում ՝ հավատարիմ մնալով Ստամբուլյան կոնվենցիայի լիարժեք իրականացմանը», – ասված է գործակալությունների հայտարարության մեջ։
Գործակալություններն ընդգծում են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների՝ մասնավորապես մեկուսացումների, տնտեսական խնդիրների հետևանքով կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունների թին ավելանում է։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետներն էլ Թուրքիայի որոշումը որակում են մեկ քայլ հետ։
«Այս որոշումը վտանգավոր ուղերձ է հղում այն մասին, որ կանանց նկատմամբ բռնությունները կարևոր չեն, ինչն արտահայտվում է բռնարարներին քաջալերելու վտանգով ու բռնությունների կանխարգելման միջոցների թուլացմամբ»,-նշել է ՄԱԿ-ի՝ կանանց դեմ բռնությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դուբրավկա Սիմոնովիչը։
Փորձագետները նշում են, որ Ստամբուլի կոնվենցիան առաջինը վավերացրած Թուրքիան այսօր նման որոշում կայացնում առանց խորհրդարանական ու հասարակական քննարկումների։ Նրանք երկկխոսության կոչ են անում Թուրքիային, ինչպես նաև հորդորում են խորհրդակցություններ անցկացնել ինչպես ակադեմիական շրջանակների, այնպես էլ քաղհասարակության, խորհրդարանի, հասարակության հետ։
Բացի այդ նրանք կոչ են անում Թուրքիային հավաքագրել ու վերլուծել Ֆեմիցիդի մասին տվյալները, որոնք թույլ կտան կանխել խնդիրը։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1146