Անկախ կին պատգամավորները միավորվել  են  «Արցախ» նախաձեռնության  շուրջ

 

Որոշել ենք դառնալ «Արցախի ձայնը»  խորհրդարանում, թե չէ այնպիսի տպավորություն է, որ հանձնեցինք, պրծանք», — հայտարարեց  ԱԺ արտահերթ նիստի ընթացքում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝  տեղեկացնելով, որ պատգամավորներ Աննա Գրիգորյանի և Սոֆյա Հովսեփյանի հետ միասին  որոշել են  միավորվել «Արցախ նախաձեռնության շուրջ:   Նշենք, որ  Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ  անկախ կին պատգամավորները  հանդես են գալիս  միասնական դիրքորոշմամբ՝  քաղաքական նախաձեռնություն ձևավորելով դրա շուրջ:     

 

 

«Ես և իմ գործընկեր Աննա Գրիգորյանը երեկ ենք վերադարձել Արցախից, ու նաև Սոֆյա Հովսեփյանի հետ միասին որոշել ենք ոչ իրավաբանական ձևակերպմամբ ձևավորել «Արցախ» նախաձեռնություն»,-  Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ նշեց, որ թեկուզ կարճաժամկետ ընթացքով, բայց իրենք այս խորհրդարանում ուզում են լինել «Արցախի ձայնը»։

 

 

«Արցախը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի: Այս պատերազմը ցույց տվեց, որ ոչ թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, այլ Արցախով է պայմանավորված Հայաստանի անվտանգությունը: Հիմա Գեղարքունիքում ու Սյունիքում տեսնում ենք, թե որքան մեծ դեր ուներ Արցախը՝ մեր անվտանգության առումով»,- նշեց պատգամավորը:

 

 

Նրա խոսքով,  Արցախի հարցը կարծես ՀՀ խորհրդարանից դուրս է մղվել, և միայն մի պատգամավոր՝ Տարոն Սիմոնյանն է մի քանի անգամ խոսել Արցախի խնդրի մասին։

 

 

«Մենք մեծապես մոռացել ենք Արցախը, և այնպիսի տպավորություն է, որ հանձնեցինք, պրծանք։ Բայց այդպես չէ, մենք շարունակելու ենք Արցախը պահել մեր ուշադրության կենտրոնում»,- նշեց պատգամավորը՝  նկատելով, որ Արցախի մասով մենք հատուկ վերաբերմունք պիտի ունենանք, հատկապես՝ պատերազմից հետո:

 

 

«Արցախ» նախաձեռնությանը  միացած Աննա Գրիգորյանն  իր ելույթում  նշեց,  որ ԱԺ-ում չեն քննարկել Արցախի կարգավիճակի հարցը և  այն հարցը, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայ մշակութային արժեքները ոչնչացվում են, չեն խոսել նաեւ Արցախի սահմանների ու Սյունիքի սահմանների մասին:

 

 

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը,  Աննա Գրիգորյանը և Սոֆյա Հովսեփյանը դուրս են եկել «Իմ քայլը» խմբակցությունից  Արցախի հարցում սկզբունքային անհամաձայնությունների պատճառով:   

 

Դիտումների քանակը` 1076

Գլխավոր էջ