Կանանց առաջնորդությունը հանուն հավասար ապագայի
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իրենց ուղերձներում ՄԱԿ-ն ու բոլոր միջազգային կազմակերպությունները շեշտադրել են կանանց առաջնորդության ընդլայնամն խնդիրը՝ հավատարիմ մնալով այս տարի որպես օրվա հիմնական նշանաբան ընտրված այդ թեմային:
ՄԱԿ-Կանայք գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկայի Կանանց միջազգային օրվա առթիվ հայտարարության հիմնական մեսիջը նույնպես կանանց առաջնորդությունն էր.
«Մեր ուշադրության կենտրոնում է կանանց առաջնորդությունը և կանանց ներկայացվածությունը բոլոր այն ոլորտներում, որտեղ ներկայումս հիմնականում տղամարդիկ են որոշումներ ընդունում, ընդ որում կանանց կյանքին վերաբերող որոշումներ: Ընդհանուր առմամբ, կանանց շահերի ներկայացվածության աղետալի ցածր մակարդակը չափազանց երկար ժամանակ է դիտվում… Մեզ պետք է կանանց այնպիսի ներկայացուցչություն, որը կարտացոլի բոլոր կանանց և աղջիկների կարողությունները բոլոր ոլորտներում՝ մշակութային, սոցիալական, տնտեսական և քաղաքական: Սա է միակ ճանապարհը, որով մենք կհասնենք հասարակության մեջ իրական փոփոխությունների, որոնք կանանց կներգրավեն որոշումների կայացման մեջ` հավասար կերպով և ի օգուտ բոլորիս»:
ՄԱԿ-Կանայք կառույցը նշում է նաև , որ կանանց առաջնորդության թեման համահունչ է մեկ շաբաթից մեկնարկող Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի առաջնահերթություններին, որոնց թվում է հանրային կայնքում և որոշումների ընդունման մակարդակում կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցության խնդիրը: Բացի այդ կանանց միջազգային օրը համախմբում է ողջ աշխարհի կանանց գալիք «Հավասարության սերունդ» ֆորում / Generation Equality Forum / շուրջ ` գործելու հանուն բոլորի հավասար ապագայի: ֆորումը գենդերային հավասարության ներդրումների և գործողությունների համար ամենակարևոր միջոցառումն է համարվում: Այն կմիավորի կին առաջնորդներին, փորձագետներին և ակտիվիստներին ամբողջ աշխարհից` անվտանգ վիրտուալ հարթակում գալիք սերունդների համար տրանսֆորմատիվ և տևական փոփոխությունների տեսլականը նախանշելու համար: Միջոցառումը մեկնարկում է Մեխիկոյում մարտի 29-ից 31-ը և իր գագաթնաժողովը կանցկացնի Փարիզում 2021 թ.-ի հունիսին:
Իմացեք ավելին Generation Equality Forum-ի մասին, հանդիպեք ակտիվիստներին և ոգեշնչվեք առաջնորդ կանանց պատմություններից:
***
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին Հայաստանն ընտրվեց «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» գործողությունների կոալիցիայի առաջնորդ երկիր:
«Հավասարության սերունդ» ֆորումը գործում է Գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման պատասխանատու մարմնի՝ ՄԱԿ-Կանայք կառույցի (UN-Women), ինչպես նաև Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների նախաձեռնությամբ՝ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ։
Նախաձեռնությունը միտված է պետությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համագործակցության խթանմանը՝ Կանանց հարցերով համաշխարհային չորրորդ համաժողովի և դրա շրջանակներում ընդունված Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 25-րդ տարելիցի համատեքստում։
Ֆորումը կառուցված է 6 թեմատիկ կոալիցիաների շուրջ, որոնք միտված են գենդերային հավասարության և կանանց իրավունքների կենսագործմանը և խթանմանը տնտեսական հզորացման, առողջապահության, կլիմայի, ինչպես նաև գենդերային բռնության կանխարգելման, ֆեմինիստական շարժումների և առաջնորդության ոլորտներում։
Կոալիցիաների առաջնորդների կազմում ընդգրկված են թվով 20 երկրներ, ՄԱԿ համակարգի մաս կազմող և միջազգային այլ կառույցներ, բարեգործական կառույցներ, ինչպես նաև ոլորտում հայտնի հասարակական կազմակերպություններ։
Առաջնորդների ընտրությունը կայացվել է համապատասխան թեմատիկ ոլորտում թեկնածուների հանձնառության դրսևորման, ոլորտում արձանագրած առաջընթացի և այլ չափանիշների հիման վրա։ Տեխնոլոգիաների և նորարարության ուղղությամբ թեմատիկ կոալիցիայի համար առաջնորդության իր թեկնածությունն առաջադրելիս՝ Հայաստանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթություններն` ուղղված կանանց իրավունքների պաշտպանության, քաղաքական և տնտեսական ոլորտներում կանանց դերի բարձրացմանը, ինչպես նաև տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտներում ՀՀ արձանագրած առաջընթացն ու հանձնառությունները։
«Տեխնոլոգիաների և նորարարության» թեմատիկ կոալիցիայի աշխատանքներն ուղղորդվելու են առաջնորդ ընտրված 3 երկրների՝ Հայաստանի, Ֆինլանդիայի և Թունիսի կողմից, ՄԱԿ մանկական հիմնադրամի /UNICEF/ և Հեռահաղորդակցության միջազգային միության /ITU/ հետ համագործակցությամբ։
«Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում նախաձեռնվում է նաև Կանանց, խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործողության վերաբերյալ նորարարական համաձայնագրի մշակումը, որը միտված է ռեսուրսների ներդրմանը` խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործողությունների ապահովման նպատակով։ Համաձայնագիրը կամրապնդի արդեն իսկ առկա նախաձեռնությունների և համագործակցությունների համակարգումը՝ վերահաստատելով կանանց և երիտասարդների մասնակցության կարևորությունը խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործընթացներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ 1325 բանաձևի ընդունումից 20 տարի անց։
Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է «Հավասարության սերունդ» ֆորումի կայքում։
Թեմայի շուրջ առավել մանրամասն.
«Հավասարության սերունդ» համաժողովին ընդառաջ
Կանանց միջազգային օր. COVID-19-ի ճգնաժամը կնոջ դեմք ունի
Դիտումների քանակը` 897