Մարտի 8. Կանայք COVID-19-ով պայմանավորված ճգնաժամի առաջնագծում
Այս տարի Կանանց միջազգային օրն անցնում է «Կանայք և առաջնորդությունը. ստեղծենք հավասար ապագա COVID-19 աշխարհում» համընդհանուր նշաբանի ներքո, որը խորհրդանշում է ողջ աշխարհի կանանց և աղջիկների հսկայական ջանքերը՝ COVID-19 համավարակից վերականգնելու և ավելի հավասար ապագա կերտելու գործում՝ բացահայտելով նաև այդ հարցում դեռևս առկա բացերը:
Կանանց միջազգային օրվան նվիրված այս տարվա բոլոր ուղերձները շեշտադրում են կանանց առաջընթացի վրա համավարակի երկակի ազդեցությունը՝ նշելով, որ, մի կողմից, խորացել է գենդերային անհավասարությունն ու կանանց վրա ճնշումը, և մյուս կողմից ՝ ի հայտ են եկել կանանց արդյունավետ ղեկավարման բազմաթիվ օրինակներ:
«Մենք նշանավորում ենք այսօր այն կանանց, ովքեր առաջնորդում են իրենց երկրներն ու համայնքները COVID-19-ով պայմանավորված հրատապ ճգնաժամերի պայմաններում», – նշում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իր ուղերձում:
Անդրադառնալով օրվա խորհրդին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը նշում է, որ կին առաջնորդներն իրենց դրսևորեցին ինչպես երբեք: Այն երկրներում, որտեղ կանայք են ղեկավարում, ավելի քիչ են COVID-19 վարակի դեպքերը և հաջող վերականգնման ավելի խոստումնալից նախադրյալներ կան, նկատում է նա: Դրա հետ մեկտեղ, համաճարակը բացահայտել և ավելի է սրել կանանց և աղջիկների առջև ծառացած լուրջ խնդիրները, հանգեցրել որոշակի հետընթացի սեռերի հավասարության ուղղությամբ մինչ այդ արձանագրված ձեռքբերումներում: Այս ամենը հղի է այն վտանգով, որ ճգնաժամը զգալիորեն կդանդաղեցնի դեպի սեռերի հավասարություն հետագա առաջընթացը:
Համավարակի սկզբից ի վեր աշխատանքը և եկամուտները կորցրած մարդկանց թվում կանայք շատ ավելին են, քան տղամարդիկ: Կանայք 24% -ով ավելի հավանական է, որ կորցնեն իրենց աշխատանքը և եկամուտները: Զգալիորեն մեծացել է նաև գենդերային աշխատավարձի տարբերությունը, այդ թվում նաև առողջապահության ոլորտում: Թեև կանայք առաջատար դիրքերում են COVID-19- ի դեմ պայքարում, որպես առաջնագծի և առողջապահության ոլորտի աշխատողներ, որպես գիտնականներ, բժիշկներ և խնամողներ, այնուամենայնիվ, ՄԱԿ-ի գնահատականներով, նրանք աշխարհում 11 տոկոսով պակաս աշխատավարձ են ստանում, քան իրենց տղամարդ գործընկերները:
ՄԱԿ-ի ղեկավարի դիտարկմամբ, ինքնամեկուսացման ռեժիմի կիրառման և դպրոցների և մանկապարտեզների փակման պատճառով, զգալիորեն ավելացել է տնային չվճարվող աշխատանքի ծավալը, ներառյալ փոքր երեխաների, ծերերի և հաշմանդամների խնամքը: «Միլիոնավոր աղջիկներ կարող են երբեք դպրոց չվերադառնալ: Մայրերը, հատկապես միայնակ մայրերը, հայտնվել են ծայրահեղ ծանր պայմաններում », – ասել է Գուտերեշը՝ նշելով, որ COVID-19 համավարակին զուգահեռ ողջ աշխարհում կտրուկ աճել են ընտանեկան բռնության, մարդկանց թրաֆիքինգի, սեռական շահագործման և երեխաների ամուսնությունների դեպքերը:
Համաճարակի դեմ պայքարի շրջանակներում բժշկության առանցքը կազմող կանայք կրկին հայտնվել են լուսանցքում: 87 երկրներից ժամանած COVID-19-ի հետ կապված խնդիրներով առաջադրանքային խմբերի կազմի վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց միայն 3,5 տոկոսն ւստ սեռի հավասակշռված կազմ ունեն: Իսկ համաճարակի մասին համաշխարհային լուրերում կանայք որպես փորձագետ հանդես են գալիս յուրաքանչյուր հինգ դեպքերից միայն մեկում:
«Աշխարհին նոր խթան է պետք` կանանց առաջնորդությանը սատարելու և նրանց հավասար մասնակցությանը նպաստելու համար», – ասել է Գուտերեշը` հիշեցնելով, որ COVID-19- ի դեմ պայքարում առավել քան երբևէ ապացուցվեց կանանց ղեկավարության արդյունավետությունը՝ ի դեմս մի շարք երկրների կին ղեկավարների կողմից ցուցաբերած COVID-19 համաճարակին օրինակելի արձագանքմանը:
«Վերջին մեկ տարվա ընթացքում կանանց գլխավորությամբ երկրները գրանցել են վիրուսի փոխանցման ավելի քիչ դեպքեր և հաճախ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել վերականգնման համար», – նշել է Գլխավոր քարտուղարը: Նա նաև ընդգծել է կանանց հասարակական կազմակերպությունների կարևոր դերը բնակչությանը, հատկապես տեղական մակարդակում, ծառայությունների և տեղեկատվության տրամադրման բացերը լրացնելու գործում:
Գլխավոր քարտուղարի դիտարկմամբ, կանանց կողմից ղեկավարվող կառավարություններն ավելի շատ գումար են ծախսում սոցիալական պաշտպանության վրա և ավելի մեծ ջանքեր գործադրում աղքատության դեմ պայքարում: Կին պատգամավորները ավելի կոշտ քաղաքականություն են վարում կլիմայի փոփոխության նկատմամբ: Եվ պարզվում է, որ խաղաղության պայմանագրերը, որոնցում ներգրավված են կանայք, ավելի տևական են:
«Միևնույն ժամանակ, կանայք կազմում են աշխարհում բոլոր պատգամավորների և ազգային օրենսդիր մարմինների անդամների միայն մեկ քառորդը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մեկ երրորդը և նախարարների միայն մեկ հինգերորդը: Միայն 22 երկրներում կանայք պետությունների կամ կառավարությունների ղեկավարներ են», – նշում է Գլխավոր քարտուղարը՝ մտահոգություն հայտնելով, որ ներկայիս տեմպերով չի հաջողվի հասնել գենդերային հավասարությանը խորհրդարաններում մինչև 2063 թվականը, ինչպես որ պլանավորված էր: «Եվ կառավարությունների ղեկավարների շրջանում գենդերային հավասարություն ապահովելու համար կպահանջվի ավելի քան մեկ դար», – ավելացրել է ՄԱԿ-ի ղեկավարը:
Նրա կարծիքով, ապագայում իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ է վերացնել առկա գենդերային դիսբալանսը: «Կանայք հավասար իրավունք ունեն լիարժեք մասնակցելու իրենց կյանքի վրա ազդող որոշումների կայացմանը: Ես հպարտ եմ, որ ՄԱԿ-ի ղեկավարության մեջ ձեռք է բերվել գենդերային հավասարություն », – շեշտել է Անտոնիո Գուտերեշը:
Խոսելով համաճարակից վերականգնման մասին՝ նա առաջարկել է մշակել մի շարք կանանց և աղջիկներին աջակցող միջոցառումներ, ներառյալ հատուկ քվոտաների օգտագործումը, որոնք ուղղված կլինեն կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածություն ապահովելու համար: ՄԱԿ-ի ղեկավարն առաջարկել է վերացնել արգելքները, ապահովել կանանց լիարժեք ինտեգրումը տնտեսության մեջ, չեղյալ համարել բոլոր խտրական օրենքները, ընդունել ծրագիր` ուղղված կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դադարեցմանը և ապահովել դրա իրականացման ֆինանսավորումը: Նա կոչ է արել ցուցաբերել քաղաքական կամք, որն անհրաժեշտ է խնդրի լուծման համար:
«Աշխարհին հնարավորություն է տրվել ազատվել համակարգային խտրականությունից, որը արմատացել է շատ սերունդների մեջ: Եկել է ժամանակը կառուցելու մի ապագա, որում իշխելու է հավասարությունը», – կոչ է արել ՄԱԿ-ի ղեկավարը:
Դիտումների քանակը` 1551