«Երբ ամեն մեկը պատասխանատու է  դառնում դիմացինի առողջության համար»

 

 

Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու անդամ Սվետլանա Պետրոսյանը համոզված է, որ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն եղանակը մեկն է` կարողանալ յուրաքանչյուրին անհատապես բացատրել և հասկացնել խնդրի լրջությունը, իրական ռիսկերը, վարակից գրագետ պաշտպանվելու ձևերը և որ ամեն մեկը  այս պայմաններում պատասխանատու է նաև իրեն շրջապատող մարդկանց առողջության համար: Առաջնորդվելով այդ սկզբունքով նա  արդեն մեկ տարի շարունակ պայքարում է, որ իր համայնքի բնակիչները չկորցնեն զգոնությունը: Մտահոգ է, որ պատերազմից հետո համաճաարակի հետ կապված միջոցառումները  թուլացել են.

 

-Անվտանգության կանոնների պահպանումը թուլացել է, բայց վտանգը չի վերացել: Մարդկանց մի հատված հիասթափություն ապրեց, պատերազմական իրավիճակը ազդեց մարդկանց տրամադրության վրա, բայց հսկողությունը դեռևս պահպանվում է, տեսչական մարմնի կողմից կատարվում են ստուգումներ` և բժշկական հաստատություններում, և առանձին կազմակերպություններում: Սակայն փողոցում դիմակ կրող մարդկանց թիվը պակասել է, եթե ամիսներ առաջ հազվադեպ էին բաց դեմքով  մարդիկ, հիմա կարելի է ասել մի մասը կրում է, մյուսը` ոչ: Չկրողների մեծամասնությունը  երիտասարդներն են,- ասում է նա:

 

Տիկին  Սվետլանան սակայն  չի ընդունում որևիցէ  պատճառաբանություն դիմակ չկրելու համար, ասում է հիվանդացության դեպքերը միշտ էլ անփութության հետևանք էին, ու այսօր էլ  թեև հիվանդացողների թիվը նվազել է,  բայց հիվանդությունը չի վերացել և եթե համավարիկի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը սա է, ապա այդ կարգը պետք է պահպանեն բոլորը: 

 

Արդեն 41 տարի Սվետլան Պետրոսյանն աշխատում է Ալավերդու բժշկական կենտրոնում` բուժքույր է, և տարիրքային, և մասնագիտական  առումով ռիսկային գոտում է, սակայն կարանտինի մեկ տարվա  ընթացքում ոչ մի օր չի բացակայել աշխատանքից և չի դադարել պայքարել համաճարակի տարածումը կանխելու համար՝ օգտագործելով նաև իր ավագնու անդամի կարգավիճակը: Նա Աքորի գյուղի բնակիչ է, բայց  երկար տարիներ  աշխատելով առողջապահական ոլորտում ճանաչում է նաև հարակից գյուղերի բոլոր բնակիչներին, շատերի հետ ունի մտերիմ հարաբերություններ և սրտացավ է  ոչ միայն իր գյուղի, այլ ամբողջ խոշորացված համայնքի բնակչների համար: Համաճարակի սկզբում, երբ տեղեկատվության պակաս կար,  նա շրջայցեր էր կազմակերպում գյուղերում, բացատրում նոր վարակի վտանգների մասին, հորդորում և պահանջում էր դիմակներ և ձեռնոցներ կրել, իր հնարավորությունների սահմաններում օգնել է անհատական պաշտպանչի միջոցներ ձեռք բերել իր այն համագյուղացիներին, ովքեր դրա հնարավորությունը չունեին:.  

 

-Մասնագիտական ունակություններս և մարդկանց հետ ստեղծված վստահելի հարաբերությունները ինձ թույլ են տալիս, որ ես բացատրական աշխատանքներ տանեմ և մեր Աքորի գյուղում, և ամբողջ համայնքում` շրջայցեր եմ կազմակերպել, փորձել եմ մարդկանց բացատրել, թե ինչու՞ է անհրաժեշտ այս միջոցառումները և թե ի՞նչ պետք է արվի վարակից խուսափելու համար: Հաճախ մի մարդուն տասն անգամ  հարկ էր լինում բացատրել  ի՞նչ վտանգներ է  պարունակում, ի՞նչ ավարտ կարող է ունենալ,- ասում է նա, և նշում, որ երբևիցէ չի զլացել կրկին ու կրկին բացատրել, համոզել, հորդորել – հատկապես շատ դժվար էր մարդկանց համոզել դիմակներ կրելը, սկզբում բոլորը թերահավատ էին` մտածում էին, որ այս ամենը շոու է, սակայն այնուամենայնիվ կարողացա հասնել արդյունքի, ինքս շատ ուշադիր եմ, ու շատ զգաստ այս հարցում, բոլորին էլ իմ չափով վախեցնում եմ, ոչ թե նրա համար, որ խուճապի մատնվեն, վախենան, այլ զգոն լինեն,- պատմում  է  նա:

 

 

Ասում է, հիմա արդեն տնայցեր չի անում, բայց խանութում, փողոցում, հասարակական միջավայրերում, տրանսպորտում պարտադիր հետևում է, որ բոլորը անհատական պաշտպանիչ միջոցներով լինեն.

 

-Նախորդ օրն էլ տրանսպորտում երկու երիտասարդ բաց  դեմքով էին, հորդորեցի որ իրենց պաշտպանեն վարակից, պարզվեց  գրպանում ունեին, սակայն զլացել էին դլել- ասում է նա և սրտնեղում, որ, այնուամենայնիվ, կա մարդկանց մի խումբ, որը տեսնելով այս մեկ տարվա  իրավիճակը, միևնույն է, դիմակ այդպես էլ չի կրում:

 

Այս առումով շատ կարևոր էր ներգրավել համաճարակի դեմ պայքարում հենց համայնքի երիտասարդներին, որոնք  համաձայնության գալով համայնքապետարանի հետ կարել են 4000-ից ավելի դիմակներ: Ալավերդու բժշկական կենտրոնում ախտահանելուց հետո,  այդ դիմակները բաժանել են համայնքի բնակիչներին: Սկզբում  խիստ կարիքավորներին,  հետո համայնքապետի հետ միասին բոլոր նրանց ովքեր այս կամ այն պատճառաբանություննեն էին ասում արդարանալու համար:

 

Համավարակի դեմ պայքարում նա կարևորում է նաև պատկան մարմինների ճիշտ և ժամանակին կատարված քայլերը, իսկ համայնքներում համայնքապետարանների ճիշտ աշխատանքը:  Ալավերդի համայնքում կատարված կանխարգելիչ աշխատանքների և  ախտահանման որակը նա բարձր է գնահատում.

 

-Հենց համաճարակի սկզբից արագ արձագանքել են` ձեռք առնելով կանխարգելիչ բոլոր անհրաժեշտ միջոցառումներ,- վստահեցնում է նա և ավելացնում,- ախտահանել են փողոցները, մայթերը, շուկայամերձ տարածքները, հասարակական տրանսպորտի գործարկումից հետո նաև տրանսպորտը, տաքսիները նույնպես ախտահանվել են, նա պատնում է, որ  անգամ տաքսու վարորդներին են սովորեցրել  ինչպես պետք է ճիշտ ախտահանել տաքսին` յուրաքանչյուր հաճախորդից հետո:

 

Ավագանու անդամը նշում է, որ  համայնքապետարանի ճիշտ և ժամանակին է կատարված աշխատանքի արդյունքում  էր, որ համաճարակի բռնկումը իրենց համայնք մի փոքր ուշ էր հասել.   

 

 – Բայց տուժողներ միևնույն է շատ եղան,- ,- ցավով նշում է նա, -մահեր էլ ունեցանք` չեմ ժխտում, հիմնականում ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդիկ են մահացել, բայց ունեցանք մահվան դեպքեր, երբ չունենալով  ուղեկցող հիվանդություններ, և լինելով բավականին երիտասարդ մահացան Քովիդից. պարզապես ուշ դիմեցին, երբ օգնել արդեն հնարավոր չէր:  Հիմա մարդիկ գիտակցում են, որ ժամանակին պետք է դիմեն բժշկի:

 

Տիկին Սվետլանային առողջական խնդիրներով համագյուղացիները միշտ են դիմել, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում զանգերի թիվն ավելացել է.

 

 – Երևի մարդկանց մոտ հավատը կա իմ խորհրդատվության նկատմամբ… Փառք աստծո, որ դեռ կարողանում եմ մեր գյուղացիներին օգտակար լինել` այդ աշխատանքը իմ կողմից կատարվում է սրբորեն: Եթե հնարավոր է ես գնում  տեսնում եմ հիվանդին , փորձում եմ օգնել, իսկ եթե խնդիրներն ավելի բարդ են` զանգահարում եմ շտապօգնություն, կամ մեր գյուղի բուժամբուլատորիայի բժշկին, հաճախ նեղ մասնագիտական խորհուրդների համար դիմում եմ Ալավերդու ԲԿ-ի բժիշկներին, – ասում  է նա  և ժպտալով ավելացնում,  որ ինքը կարծես թե կապող օղակ լինի մարդկանց և բուժհաստատությունների միջև:  

 

Եզրափակելով զրույցն ասում է, որ  լավատես է և վստահ է, եթե կատարվեն մասայական պատվաստումներ արդեն հնարավոր կլինի խոսել կորոնավիրուսի հաղթահարման մասին:

 

                                                                         

 Կարինե Պետրոսյան

 

 

 

Դիտումների քանակը` 2176

Գլխավոր էջ