Ճանապարհորդությունների ժամանակ գործած շարֆերի ջերմությունը՝ կարիք ունեցողներին

«Կուզեի՝ բոլորն այնքան լավ ապրեն, որ աջակցության, օգնության կարիք չլիներ: Ես ինձ բարեգործություն անող չեմ համարում, ավելին՝ բարկանում եմ, երբ ինձ ասոցացնում են բարեգործության հետ», – ասում է ճանապարհորդ-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը:

 

Կյանքի մի փուլում Լիլիթը թողեց կայուն աշխատանքն ու սկսեց ճանապարհորդել Հայաստանով, որպեսզի, ինչպես ինքն է ասում,  ավելի լավ ճանաչի ու օգնի մարդկանց  ճանաչելու Հայաստանը: Ճանապարհորդությունների մասին նա պատմում է իր բլոգում, իսկ վերջին ամիսներին ճամփորդելու ընթացքում գործում է բազմագույն շարֆեր: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու էներգետիկան: Արցախյան պատերազմից հետո շարֆերի վաճառքից գոյացած գումարով Լիլիթը փորձում է աջակցել արցախցիներին:  Նաև Հայաստանը ճանաչելու իր գաղափարը  պատերազմից հետո նոր ու շատ ավելի կարևոր խորհուրդ ստացավ…

 

 

Ուզում եմ ճանաչելի դարձնել Հայաստանը հենց հայաստանցիների համար

 

 

Ես Լիլիթ Խաչատուրյանն եմ, ունեմ ճանապարհորդական բլոգ ու փորձում եմ ճանաչելի դարձնել Հայաստանը հենց հայաստանցիների համար։ Հայաստանը, բնականաբար, նաև Արցախն է իր մեջ ներառում։ Չգիտեմ՝ որքանով է լավ ստացվում կամ չի ստացվում, բայց ունեմ ընթերցողների խումբ, որոնք սկսել են Հայաստանով ավելի շատ հետաքրքրվել:

Շարֆեր գործելու նախաձեռնությունը սկսվեց հենց այդ ճանապարհորդությունների ընթացքում։ Չնայած օրերս շատ հագեցած եմ լինում՝ երեկոյան, երբ գալիս եմ գիշերակացիս վայր, լինում է՝ քնել չեմ ուզում, չեմ ուզում համացանց մտնել, այդպես մի օր որոշեցի հետս վերցնել թելերն ու շյուղերը։ Գործել սիրում եմ. թերապիայի, մեդիտացիայի նման մի բան է ու թույլ է տալիս ամեն ինչից կտրվել, կենտրոնանալ, դասավորել մտքերդ։ Մի քանի շարֆ գործելուց հետո մարդկանց արձագանքները բավականին դրական էին, ասում էին՝ շատ սիրուն է: Որոշեցի փորձնական վաճառք անել։ Բլոգում վաճառքի դրեցի ու լավ ընդունվեց, որովհետև այդ շարֆերն ունեն նաև իրենց պատմությունը՝ գործվում են ճանապարհորդությունների ընթացքում։

Դու գնում ես ձեռագործ շարֆ, մեկ ուրիշը ստանում է այդ գումարով գնված անհրաժեշտ պարագաներ

Պատերազմի ընթացքում ու դրանից հետո, եթե ոչ յուրաքանչյուրիս տանն, ապա հարևանի, հարազատի տանը կար մի արցախցի, որն աջակցության կարիք ուներ և ինձ մոտ միտք առաջացավ՝ կարելի է շարֆերի վաճառքից ստացված գումարով օգնել նրանց։

 

Կոնցեպտը հետևյալն է՝ դու գնում ես ձեռագործ շարֆ, իսկ ինչ-որ մեկն ունենում է այդ շարֆի գումարով գնված անհրաժեշտ պարագաներ։

 

Ստացվեց այնպես, որ ծանոթացա արցախցի մի միայնակ կնոջ հետ: Նա Հադրութից էր, պատերազմում որդուն էր կորցրել: Հենց նրան էլ իմ շարֆերի վաճառքով փորձեցի փոքր-ինչ օգնել:

Ոչ մի դեպքում չէի ցանկանում նրա մասին մանրամասն տվյալներ, առավել ևս՝ լուսանկար հրապարակել։ Կար մտավախություն, որ, գուցե, ինձ չհավատան, բայց միևնույն է՝ դա ինձ համար սկզբունքային էր։ Ես ուղղակի փորձում էի մարդկանց ցույց տալ, որ կարող ենք անտարբեր չլինել:

Մարդն իր բնույթով էգոիստ է, մենք տաք տեղում նստած ենք ու հաճախ չենք էլ մտածում դրսում սառողի մասին։ Չգիտեմ, իմ մտածոության մեջ շատ բան փոխվեց հատկապես սահմանամերձ գյուղեր այցելելուց հետո։ Այնտեղ լինելուց հետո հասկանում ես՝ ինչքան ուրիշ են քո խնդիրները։

 

Ճանապարհորդություններիցս հետո սկսել եմ ավելի իրական իրականության մեջ ապրել

 

 

Ճամփորդել սկսել եմ մոտ 2 տարի առաջ, որովհետև հասկացա՝ մենք Հայաստանը չենք ճանաչում: Մեզանից շատերն են ասում՝ «գնանք, ստեղ ինչ կա՞ անելու», բայց այդ «ստեղը» նույնիսկ չեն ճանաչում:

Ճանապարհորդությունները նաև շատ են օգնում, որ ինքդ քեզ բացահայտես:
Այս ընթացքում ես շատ եմ փոխվել, սկսել եմ ավելի իրական իրականության մեջ ապրել, որովհետև Երևանում իրականությունն այլ է, Երևանից դուրս՝ միանգամից փոխվում է և դու հասկանում ես, որ Հայաստանում կան շատ բազմաշերտ իրականություններ. ինձ նաև դա է հետաքրքիր, ես կորողանում եմ միանգամից գտնվել այդ իրականության բոլոր շերտերում, որովհետև Լոռիում լրիվ ուրիշ իրականություն ու նաև հայացքներ են, Շիրակում՝ լրիվ ուրիշ։

Ինչ–որ չափով նաև կարող եմ ասել, որ փորձում եմ սովորեցնել մարդկանց, որ ձեր մարզ կարող են գալ կարճ մազերով, մեծ ուսապարկով, միայնակ ճամփորդող աղջիկներ ու դրա վրա պետք չէ զարմանալ (ծիծաղում է – հեղ.):

Ես մարզերի մարդկանցից շատ բան եմ սովորել։ Իրենց ազնվությունն է ուրիշ, անկեղծությունը։ Շատ դեպքերում նկատել եմ, որ սկսել եմ իրենց նման շատ բարևել մարդկանց, ասել շնորհակալություն։ Մտնում ես գյուղ, սկսում ես բոլորին բարևել ու դա նորմալ է, այստեղ մեկին բարևում ես՝ զարմանում են։ Մի անգամ կինոթատրոններից մեկում բարևեցի մաքրուհուն ու նա զարմացավ, թե առավոտից այստեղ աշխատում եմ, առաջին մարդն ես, որ բարևեցիր։

Ամեն օրը պայքար է



Երբ ունեի կայուն աշխատանք, որն, ի դեպ, շատ սիրում էի, ինձ միևնույն է մի բան չէր հերիքում: Ռիսկային էր թողնել ամեն ինչ ու բացել ճամփորդական բլոգ, բայց արեցի: Երբ ասում ես՝ որոշել եմ բլոգինգով զբաղվել, մարդկանց թվում է՝ ահա, ընդամենն ինսթագրամի էջ է բացելու, այնինչ ես բլոգիս վրա բավականին շատ ժամանակ եմ ծախսում, որովհետև հեղինակային հոդվածներ եմ գրում, փորձում եմ գնալ որևէ գյուղ ու քաղել մաքսիմալ հնարավոր ինֆորմացիան։

Դժվարություններ կան, բայց արածս գործը շատ եմ սիրում ու երևի դա է առաջ մղողը։ Ամեն օրը պայքար է, եկել հասել եմ մի կետի ու կարող եմ այդպես թողել, բայց ամեն օր պայքարում եմ գործս ավելի լավ անելու համար։

 

Անցած տարի սկսեցի նաև լեռնագնացությամբ զբաղվել ու ինձ համար նպատակ էր մեկ օրում բարձրանալ Արագածի միանգամից 4 գագաթները։ Մենք քայլեցինք 14 ժամ ու սա կարևոր մարտահրավեր էր. բնությունը թույլ է տալիս հասկանալ՝ ինչի համար ես ապրում, որովհետև շատ դեպքերում մենք չենք գնահատում այն, ինչ ունենք։ Կյանքը ցույց տվեց՝ այսօր դու կաս, վաղը կարող ես չլինել։

 

Ամենատպավորված ճամփորդություններիցս Սյունիքն եմ հիշում: Այնտեղ ես տեսել եմ Ակսել Բակունցի Մթնաձորը։ Եղել եմ նաև Հարժիս գյուղում, որտեղ հնգադեմ կուռք էին գտել: Այն հիմա պահվում է Գորիսի թանգարանում և իր տեսակով եզակի է՝ նախաքրիստոնեական ժամանակաշրջանի։

 

Այդ գյուղում այնքան արժեքավոր բաներ կարելի էր գտնել, կարծում եմ՝ եթե ամեն մեկն իր տան բակում մի քիչ փորեր, շատ նմուշներ կգտներ: Ընդհանուր գյուղը շատ հետաքրքրիր էներգետիկա ուներ։ Հյուր էինք մի տանը. մեզ ընդունեցին, հյուրասիրեցին ու զգում եմ՝ տան կինն անհանգիստ է, ասում եմ՝ ի՞նչ խնդիր կա, պատասխանում է՝ «ճիշտն ասած, ամուսնուս եմ սպասում ու պիտի տոլմա փաթաթեմ», ասեցի՝ բերեք (ծիծաղում է- հեղ.): Նստեցինք, զրուցեցինք, միասին փաթաթեցինք։

Ճամփորդությունների ժամանակ մարդկանց քո մի մասնիկն ես դարձնում, դու էլ իրենց ես մի մասնիկ թողնում քեզնից:

 

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Լիլիթ Խաչատուրյանի անձնական արխիվից

 

 

 

Դիտումների քանակը` 989

Գլխավոր էջ