Աջակցություն բազմազավակ ընտանիքներին. նոր օրենքը ներկայացվել է քննարկման
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Բազմազավակ ընտանիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համաձայն, բազմազավակ ընտանիք է համարվում Հայաստանի Հանրապետությունում բնակվող ընտանիք, որում ամուսնական մեկ զույգը, իսկ միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողը, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ծնել և (կամ) որդեգրել են առնվազն չորս երեխա/զավակ: Ընդ որում, երեխաների թվում հաշվի չեն առնվում սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամվող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցող երեխաները:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ բազմազավակ ընտանիքների պետական աջակցության համակարգային միջոցառումների իրականացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներկա ժողովրդագրական կացությամբ, որը, նախ և առաջ, կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ: Այն չի ապահովում անգամ բնակչության պարզ վերարտադրություն, որի համար անհրաժեշտ է 2.1 երեխա: Սակայն, միայն պարզ վերարտադրության հաղթահարմամբ (մեկ ընտանիքում 2-3 երեխա) հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն և հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացմա։
Այսինքն, ժողովրդագրական կայունության հաստատման և պահպանման համար հարկավոր է ոչ միայն ապահովել պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը, կտրուկ ավելացնել առնվազն 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը՝ վերջիններիս տալով որոշակի երաշխիքներ:
«Կարիք կա բարձրացնել 4-րդ և հաջորդ երեխաների ծնունդը խթանող ժողովրդագրական քաղաքականության հասցեականությունը, քանի որ ներկայումս գործող բազմազավակ ընտանիքների աջակցման սակավաթիվ ծրագրերը, չհանդիսանալով բազմազավակության խրախուսման միջոց, ընդամենը լուծում են արդեն իսկ դժվարին կացության մեջ հայտնված այդ ընտանիքների որոշակի խնդիրները», – ասված է օրինագծի հիմնավորման մեջ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվող օրինագիծը հնարավորություն կտա հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել նրանց տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։
Օրենքի համաձայն, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին կտրամադրվի աջակցության հետևյալ տեսակները՝
-դրամական աջակցություն,
-առողջության ապահովագրություն,
-բնակարանային պայմանների բարելավման աջակցություն,
-բնակարանի/տան տրամադրում,
-կրթության վճարի փոխհատուցում,
-պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում,
-աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Օչինագշով նաև նախատեսվում է ազմազավակ ծնողների պետական խրախուսումը: Մասնավորապես, այն բազմազավակ ծնողները, իսկ միածնող ընտանիքի դեպքում` միակ բազմազավակ ծնողը, որոնք (որը) ծնել կամ որդեգրել են (է) և խնամում են (է) վեց և ավելի երեխա, պարգևատրվում է Ծնողական փառքի մեդալով:
Ակնկալվում է, որ բազմազավակության խրախուսման նոր օրենքը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը, նրանց առաջնահերթ կենսական պահանջմունքների բավարարմանն ու ժողովրդագրական կայունության ապահովմանը։
Ի դեպ, ըստ օրինագծի հիմնավորման մեջ ներկայացված վիճակագրական տվյալների, 2009թ․ ընդհանուր երեխաների կարգաթվում չորրորդ երեխաները կազմել են ընդհանուրի 1,9 տոկոսը, 2019թ․-ին՝ 3,5-ը, սակայն 2019թ․-ի ցուցանիշը բավականին զիջում է 1990 թ․-ին՝ 5,8 տոկոս։ 2009 թ․-ից հետո 4-րդ և հաջորդ երեխաների թվի աճը հիմնականում պայմանավորված է նաև այն հանգամանով, որ 2009թ․ 3-րդ և հաջորդ երեխաների միանվագ դրամական նպաստը դարձավ 430 հազար, իսկ 2014թ․-ից 3-րդ և 4-րդ երեխաների համար 1 մլն, իսկ 5-րդ և հաջորդների համար՝ 1,5 մլն դրամ։
5-րդ և հաջորդ երեխաների ծնունդը առավել խնդրահարույց է, քանի որ շատ քիչ ընտանիքներ են գնում այդ քայլին։ 2019թ․-ին 5-րդ և հաջորդ երեխաների թիվը կազմել է ընդհանուրի 1 տոկոսը, թեև 1990 թ․-ին այն կազմել էր 3.2 տոկոսը։ 2019 թ․ տվյալներով 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդը կազմել է ընդհանուրի 24,9 տոկոսը, թեև վերջին տասնամյակում իրականացված հետազոտությունները փաստում են, որ վերարտադրողական տարիքում գտնվող ընտանիքների կանայք և տղամարդիկ առավելապես հակված են երեք և ավելի երեխա ունենալուն՝ համապատասխանաբար 42․8 և 38․6 տոկոս դեպքերում։
Միաժամանակ, ինչպես նշված է օրինագծի հիմնավորման մեջ, մոտակա տասնամյակում վերարտադրողական ակտիվ շրջան է մուտք գործում 1990-ական թթ․ երկրորդ կեսին ծնված սերունդը, որոնք 40 տոկոսով ավելի քիչ են, քան 1980-ական թթ․ ծնվածները։ Սա նշանակում է վերարտադրողական պոտենցիալի նշանակալի նվազում, որը կարող է միայն փոխհատուցվել ընտանիքներում 4-րդ և հաջորդ երեխաների ծնունդով։
Օրենքի նախագծին կարելի է ծանոթանալ և առաջարկություններ ներկայացնել ՀՀ Կառավարության Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այս հղումով:
Դիտումների քանակը` 1323