«Անկախ նրանից՝ որքան է մեղքի իմ բաժինը, ցանկանում եմ ներողություն խնդրել». Տաթևիկ Հայրապետյան
«Ինձ շատ դժվար է պատերազմից հետո մոտենալ այս ամբիոնին և դիմել ձեզ»,- այսպես սկսեց իր խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին:
«Ամիսներ շարունակ ես փորձել եմ վերգտնել իմ ես-ը: Փորձել եմ հասկանալ իմ թերացումները և գտնել այն ուղիները, որոնց միջոցով կարող եմ դեռևս օգտակար լինել քաղաքացիներին և իմ հայրենիքին։ Արցախն իմ ինքնության անբաժանելի մասն է: Ես ես եմ նաև Արցախի շնորհիվ: Ու հիմա ամենից շատ ցավ եմ ապրում՝ մտածելով իմ Արցախի, իմ ընկերների, իմ հայրենակիցների մասին: Վերհիշելով այն թանկ ու հոգեհարազատ վայրերը, որտեղ մենք իրապես երջանիկ ու ազատ ենք եղել, և որոնք հիմա գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո:
Անկախ նրանից, թե որքան է իմ մեղքի բաժինը այսօր ստեղծված իրադրության համար, ես ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնք անասելի ցավ ու տառապանք են տեսել, որոնք տեսել են ամենաթանկ մարդկանց…
Ես ներողություն եմ խնդրում իմ հասակակից այն երիտասրդ կանանցից, որոնք հարկադրված են միայնակ մեծացնել իրենց երեխաներին: Ես ներողություն եմ խնդրում մեր բոլոր զոհերի ընտանիքներից, իրենց թափած արցունքների, անքուն գիշերների, կրած անդառնալի կորուստների համար: Ես ներողություն եմ խնդրում դեռևս Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցներից և նրանց ընտանիքներից այս սարսափելի փորձության համար: Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն տղաներից, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել այս պատերազմում: Ձեր սխրանքի շնորհիվ է, որ այսօր կանք մենք ու կամ ես այստեղ կանգնած», – ասաց պատգամավորը:
Պատգամավորը նշեց, որ ինքն իր տեղում պատրաստ է անել ամեն հնարավորը նրանց ցավը, վիշտը մի քիչ մեղմելու, նրանց խնդիրներին լուծում տալու համար:
Դիտումների քանակը` 826