«10 միլիոն»-ը ՝ միասնականության կոչ և հզորացման միակ գրավական․ Արաքս Մադոյան
Հայկական արտադրանքը աշխարհին պատշաճ ներկայացնելու գաղափարն իր շուրջը միավորեց երիտասարդ մասնագետներ Արաքս Մադոյանին և Սաթենիկ Մկրտչյանին։ Նրանց համատեղ ծրագիրը հավակնում է դառնալ հայաստանյան բիզնեսի դեսպանը ողջ աշխարհում։ «10 միլիոն» նախագծի մասին զրուցել ենք համահիմնադիր Արաքս Մադոյանի հետ։
– Ինչպե՞ս առաջացավ «10 միլիոն» նախագծի գաղափարը: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
– Այն փաստը, որ մեր Հայրենիքի ամենամեծ ներուժը մարդն է, կարծես թե գաղտնիք չէ։ Եւ այդ՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ ահռելի ներուժի համախմբումն է մեր երկրի հզորացման միակ գրավականը։ Ցավոք, այսօր Հայաստան-Սփյուռք կապը չի գտնվում այն հարթության վրա, որտեղ կարող էր և պետք է լիներ։ «10 միլիոն» համահայկական նախագծի շուրջ մտորումները սկիզբ առան հենց այս համատեքստում։ ‹‹10 միլիոն››-ը նախևառաջ համախմբվածության և միասնականության կոչ է աշխարհասփյուռ հայությանը։ Այն բավական ծավալուն նախագիծ է, որն իր մեջ ներառում է ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, տուրիզմի, իրավունքի ու բիզնեսի ոլորտներում։
– Ինչո՞ւ այն անվանեցիք «10 միլիոն»: Նախագծի հիմքում աշխարհասփյուռ հայության հավաքականության գաղափա՞րն է:
– Այո, Դուք շատ ճիշտ նկատեցիք։ Աշխարհասփյուռ հայության մասին խոսելիս մենք հաճախ ենք պայմանական 10 միլիոն թիվը նշում, չնայած, ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ թիվը շատ ավելի մեծ է։ Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր հայի փոքրիկ ներդրումն անգամ մեր Հայրենիքի լուսավոր ապագայի հիմքն է դառնալու։ Հատկանշական է, որ «10 միլիոն» անվանումը ծնվեց մեկ այլ համահայկական նախագծի շուրջ քննարկումների արդյունքում։
– Ազդե՞ց արդյոք պատերազմը նախագծի վերաբերյալ Ձեր պատկերացումների, դրա իրականացման ձևերի վրա:
– Բնականաբար ազդեց։ Դեռևս պատերազմի օրերին մեզ համար պարզ էր, որ բացի առաջնագծից կարևոր է ամուր պահել նաև թիկունքը։ Իսկ թիկունքում առաջնահերթ խնդիրը՝ երկրի տնտեսության հզորացումն է։ Այդ համատեքստում տեղական արտադրության խթանումը դառնում է գերխնդիր։ Եւ միայն աշխարհասփյուռ հայության ջանքերը միավորելով է, որ հնարավոր է այդ խնդրի լուծման ուղիներ գտնել։ Համոզված եմ՝ այս հարցում յուրաքանչյուր հայի ներդրում որոշիչ է:
Այդ օրերին էր, որ նախագծի համահիմնադիր Սաթենիկ Մկրտչյանի հետ քննարկումների արդյունքում ծնվեց մի գաղափար, որը հետագայում դարձավ ‹‹Գնի՛ր հայկականը, հզորացրու՛ Հայաստանը›› նախաձեռնություն։
– ‹‹Գնի՛ր հայկականը, հզորացրու Հայաստանը›› մեծ նախաձեռնության առաջին հանգրվանն է, կարծես: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
– Անցնող տարին Հայաստանի տնտեսության համար չափազանց ծանր տարի էր և բազմաթիվ մանր ու միջին արտադրողներ կանգնեցին գոյության խնդրի առջև։ Գաղտնիք չէ, որ հայաստանյան շուկան, ընդհանուր առմամբ, փոքր է: Բիզնեսի զարգացման միակ հնարավորությունը արտահանումն է: Հատկապես փոքր ու միջին ընկերությունների գործունեության պահպանման ու նաև զարգացման նպատակով «10 միլիոն» նախագծի շրջանակներում նախաձեռնեցինք ‹‹Գնի՛ր հայկականը, հզորացրու Հայաստանը›› արշավը։
Նախաձեռնության շրջանակներում աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին, ինչու չէ նաև նրանց օտարազգի ընկերներին կոչ ենք անում գնել հայկականը, բայց ոչ թե դա անել բարեգործական սկզբունքով, այլ գնել հայկական որակյալ ապրանք, որն առօրյայում անհրաժեշտ արտասահմանյան ապրանքների լիարժեք այլընտրանք կդառնա։ Այն ընկերությունները, որոնց հետ մենք համագործակցում ենք, առաջարկում ու ապահովում են անհրաժեշտ որակ և մրցունակություն:
Նախագծի շրջանակներում առաջիկայում www.10million.am կայքում կլինի հայկական արտադրության ապրանքների օնլայն վաճառք, ինչպես նաև մեր տարբեր հարթակների՝ Ինվեստ ամսագրի www.investmagazine.am և www.miasin.am -ի միջոցով կներկայացվեն այդ ընկերությունների պատմությունը, հիմնադիրներին, արտադրությանը վերաբերող այլ հետաքրքիր մանրամասներ։ Հարկ է նշել, որ յուրաքանչյուր ընկերության համար մշակվել է սփյուռքում՝ հայկական լրատվամիջոցների ու ինֆլյուենսերների միջոցով ներկայացնելու ռազմավարություն:
– Կարծում եք Սփյուռքը կարո՞ղ է բիզնես գործընկեր դառնալ Հայաստանի Հանրապետության համար: Եվ արդյոք Հայաստանը մրցունա՞կ է համաշխարհային շուկայում:
– Մեզ համար կարևոր է, որ մեր հայրենակիցները՝ անկախ իրենց բնակության վայրից ու երկրից, սովորություն ձեռք բերեն գնել հայկական պրոդուկտներ: Մանավանդ որ վերջին տարվա ընթացքում օնլայն գնումները ավելի մեծ թափով են մտել մեր կենցաղ: Նշենք նաև փաստը, որ տարիներ շարունակ Սփյուռքը եղել է Հայաստանի ամենամեծ «ներդրողը», եթե հաշվի առնենք, թե որքան հայազգի բիզնեսմեններ են Հայաստանում ձեռնարկատիրությամբ սկսել զբաղվել: Ժամանակի ընթացքում օրակարգերը կարող են փոխվել: Մենք չենք կարող ուղիղ ներդրումների կոչ անել մեր հայրենակիցներին, սակայն հորդորել, որ գնեն հայկականը, նույնիսկ պարտավորված ենք:
Հարցի երկրորդ մասին անդրադառնալով՝ նշեմ, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն ընկերությունների պրոդուկտների որակին, որը ներկայացնելու ենք կայքում: Մենք վստահ ենք, որ մրցունակության կարևորագույն նախապայմանը որակն է: Եվ մենք մեր ընտրությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում արտադրողին ավելի մեծ ուշադրություն դարձնել որակին: Հակառակ պարագայում, ոչ մեկ պարտավոր չէ գնել ապրանք, որն անորակ է:
– Ո՞րն է Ձեր գործառույթը ‹‹Գնի՛ր հայկականը, հզորացրու Հայաստանը›› նախաձեռնության մեջ:
–Մեր գործառույթը կայքի ներկայացումն է ու պրոմոցիան: Մենք իրականացնում ենք իրազեկման արշավ, որն այնքան կարևոր է յուրաքանչյուր արտադրողի ճանաչելու համար: Բացի այդ կազմակերպում ենք լոգիստիկայի աշխատանքները:
– Նախաձեռնությունն արդեն ունի՞ շոշափելի արդյունքներ, որոնք կարող ենք ներկայացնել հանրությանը, թե այն դեռ սաղմնային փուլում է:
-Այս պահին նախաձեռնությունը սաղմնային փուլից անցել է «լույս աշխարհ գալու» և լայն հանրությանը, աշխարհի 10 միլիոն մեր հայրենակիցներին ներկայանալու փուլ: Ընդամենը մի քանի հստակեցման շտրիխներ են մնացել, որոնք մեծապես պայմանավոված են իրավական-թղթաբանական հարցերով:
– Ովքե՞ր կամ ո՞ր կազմակերպությունները կարող են Ձեր միջոցով իրենց ներկայացնել աշխարհին:
– Բոլոր այն արտադրողները, որոնք ստեղծում են հագուստ, կոշիկ, զարդեր, տնային պարագաներ, մանկական խաղեր և այլն, կարող են համագործակցել մեզ հետ։ Այսինքն, մեր առաջնային թիրախը մանր ու միջին արտադրողներն են, քանի որ ստեղծված ծանր իրավիճակում ամենառիսկային գոտում հենց նրանք են հայտնվել։
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 1775