«Պատերազմի ժամանակ մենք զրո դերակատարություն ունեինք՝ իբրև քաղաքական իշխանության ներկայացուցիչ». Թագուհի Թովմասյան

 

«Ես չեմ ուզում պատասխանատվություն կրել մի բանի համար, որից տեղյակ չեմ, չունեմ դրա բացատրությունն ու հիմնավորումը: Մենք անտեղյակ ենք եղել պատերազմի հանգամանքներից: Ինձ մի բարձրաստիճան ուժային զանգեց ու հարցրեց՝ դուք խմբակցությունում տեղյա՞կ եք, թե ՌԴ-ն մեզ ինչ է առաջարկում, դուք պետք է հետաքրքրվեք: Չհասցրինք, այդ գիշեր փաստաթուղթը ստորագրվեց, առանց մեկ կրակոցի մենք Քարվաճառը հանձնեցինք թշնամուն», – ասել է  երեկ «Արմնյուզ» հեռուստաընկերության «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ  ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով դուրս էր եկել «իմ քայլը» խմբակցությունից անցյալ տարվա նոյեմբերին՝ Արցախում պատերազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո:  

 

 

«Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը, ոչ թե հակառակը, չգնահատել դա՝ նշանակում է հայրենիքի մասին առնվազն թյուր պատկերացում ունենալ: Մենք չափից ավելի ներողամիտ ենք Ադրբեջանի նկատմամբ, այո, հարևանների հետ պետք է հարևանություն անել, եթե նա հարևանի նման է: Հայաստանից զրո արձագանքը ինձ վախեցնում է: Հայաստանի քաղաքացին միայնակ է ադրբեջանական զինուժի դեմ, և եթե հայտարարությունը եռակողմ էր, ո՞ւր է երրորդ կողմը, ավելին՝ երբեմն երկրորդ կողմն էլ չկա»,- ասել է նա:

 

 

Նրա խոսքով,  հոգով պարտություն կրելն ամենավատ բանն է, պետք է որպես ինքնիշխան երկրի խորհրդարան՝ միասնական խոսք ասենք, այդ պատճառով մի քանի անկախ պատգամավորներով որոշել են հայտարարության նախագիծ մշակել, որով դատապարտում ենք Ադրբեջանի հակամարդկային պահվածքը գերիներին վերադարձնելու հարցում:

 

 

Անկախ պատգամավորի կարծիքով՝ բանակցությունները ճկուն տանելու արդյունքում կարելի էր պատերազմից նվազագույն կորուստներով դուրս գալ, գոնե գերիների փոխանակման ժամանակացույց սահմանել. «Չկար որևէ մեկը, որ մեզ՝ պատգամավորներիս, տեղեկացներ, թե ինչ է կատարվում երկրում: Մենք զրո դերակատարություն ունեինք՝ իբրև քաղաքական իշխանության ներկայացուցիչ: ԳՇ պետի նամակից հետո ինձ համար պարզ էր, թե ինչպես են կայացվել որոշումները, չէ՞ որ նա ամեն գնով խնդրում էր կանգնեցնել պատերազմը: Մենք պետք է իրատես լինեինք, նույնիսկ միայն ադրբեջանական բանակին չէինք կարող հաղթել», – ասում է պատգամավորը՝ նշելով, որ  իշխանությունը պետք է հիմնավորի, թե ինչ հույսով էր հայտարարում «նոր պատերազմ, նոր տարածքներ».

 

 

 «Մեր բանակը նույնիսկ ամբողջ ծավալով ներգրավված չի եղել պատերազմում: Հպարտ էինք մեր բանակով, բայց ստեղծվեցին կուսակցական, քաղաքական գործիչների անձնական օգտագործման ջոկատներ: Հայաստանին հաղթանակ պարգևած մարդկանց անվանարկելը մեզ լավ տեղ չէր տանելու: Պատերազմը կառավարվել է անշնորհքաբար՝ միանձնյա և ամբարտավան որոշումներով: Այս իշխանությունը ձախողել է և պետք է գնա կամ առնվազն նոր քննություն պետք է հանձնի»,- ամփոփել է Թագուհի Թովմասյանը:

 

 

Մանրամասները հաղորդման տեսագրության մեջ.

 

 

 

Հիշեցնենք, որ լրագրող Թագուհի Թովմասյանը , ով ընտրվել էր պատգամավոր «Իմ քայլը» դաշինքի թիվ 8 ընտրատարածքի ( Գեղարքունիքի մարզ ) տարածքային ընտրական ցուցակով,  հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշման մասին նոյեմբերի 16-ի գիշերը.

 

 

«Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում: Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից… Ուզում եմ հատուկ ընդգծել, որ պատգամավորական մանդատից չեմ հրաժարվում։ Հետայսու կգործեմ որպես անկախ պատգամավոր։ Ես ընտրվել եմ վարկանիշային ընտրակարգով, անելիք ունեմ մարզում»,-գրել էր նա իր ֆեյբուքյան էջում։ 

 

 

Ավելի ուշ նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, հայտարարության մասին իմացել է մամուլից, դրա հաջորդ օրը մեկնել է Արցախ, հանդիպումներ ունցել, այնտեղ տեսել է միայն ցավ ու հիասթափություն։ ««Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշումը բողոք է իմ կորսված հայրենիքի համար, անորոշության ու անկարողության համար»,-ասաց  նա՝ ավելացնելով, որ քաղաքական որևէ օրակարգ չի սպասարկում, իր օրակարգում իր ընտրողների և հայրենիքի շահն է, որն այսօր գտնվում է վիրավոր, ծանր, վիրավորված արժանապատվությամբ ու փաստաթղթով հանձնված վիճակում։ Ավելացրեց՝ մանդատից չի հրաժարվում իր ավագ գործընկերների, հարգարժան արցախցիների խորհրդով։

 

Դիտումների քանակը` 926

Գլխավոր էջ