«ԱԺ–ն պարտավոր էր գերիների վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ հանդես գալ ». Աննա Գրիգորյան
«Թիվ 1 մանդատ ունեցող կառույցը՝ ԱԺ–ն, պարտավոր էր գերիների վերաբերյալ առնվազն դատապարտող հայտարարությամբ հանդես գալ», – լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած, անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով վերջերս է պատգամավոր դարձել՝ Սյունիքից ընտրված եւ մանդատը ժամկետից շուտ վայր դրած Տիգրան Կարապետյանի փոխարեն:
«Դժվար թե որևէ մեկը մեր խորհրդարանում Ադրբեջանին դատապարտելու դեմ կարտահայտվի»
Աննա Գրիգորյանի տեղեկացմամբ, խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել հայտարարության մի նախագիծ, որով առաջարկվում է դատապարտել գերության մեջ գտնվող զինվորականների ու քաղաքացիականների հայրենադարձումը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը: Հայտարաթության հեղինակները պատերազմից հետո Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլից» դուրս եկած ու հիմա որևէ խմբակցությունում չընդգրկված 3 պատգամավորներ են` Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանն ու Վարդան Աթաբեկյանը: Նրանց պնդմամբ`պահելով գերիներին` Ադրբեջանը քաղաքականացնում է մարդասիրական գործընթացը, ձգձգելով նրանց վերադարձը` խախտում ստանձնած միջազգային պարտավորությունները՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի շրջանակում (118-րդ հոդված«Ռազմագերիներն ազատվում եւ հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»), ուստի պետք է արժանանա միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների խիստ գնահատականին ու դատապարտմանը: Այս ձևակերպումները նաև հայտարարության նախագծում են տեղ գտել.
«ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը և արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու՝ Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, ուստի պետք է արժանանան միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների խիստ գնահատականին և դատապարտմանը»:
Նախագծում հիշատակվում է նաև ավելի վաղ՝ 2020թ. դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ուղերձը, որով հայոց խորհրդարանը կոչ էր անում միջազգային հանրությանը ՝ հորդորել Ադրբեջանին՝ անհապաղ հանձնել հայ ռազմագերիներին ու անազատության մեջ հայտնված քաղաքացիական անձանց։ Նոր՝ այս անգամ ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող բնույթի հայտարարությամբ նախագծի հեղինակները միջազգային հանրությունից ակնկալում են, որպեսզի այն պարտադրի Ադրբեջանին կատարել ժնևյան կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորությունները: Նախագիծը համաձայնեցրել են նաև Արտգործնախարարության ու Մարդոի իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, որպեսզի չվնասեն գերիներին: Հայտարարության նախագիծն ընդունելոի համար առնվազն 67 կողմ ձայն է անհրաժեշտ, այսինքն` խորհրդարանական մեծամասնությունը պետք է կողմ լինի: Հայտարարության հեղինակները մինչև նախագիծը շրջանառության մեջ դնելը, արդեն իսկ դռնբակ քննարկումներ են անցկացրել իշխող ուժի ներկայացուցիչների հետ, և, իրենց խոսքով, մոտեցումը դրական էր; Նրանց համոզմամբ, խորհրդարանը պետք է իր գնահատականը տա, և դժվար թե որևէ մեկը մեր խորհրդարանում Ադրբեջանին դատապարտելու դեմ կարտահայտվի:
Էլ ի՞նչ նոր զիջումներ պետք է անենք, Սյունիքում այլևս զիջելու բան չկա…
Անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նաև Սյունիքի անվտանգության և նոր տարածքներ կորցնելու վտանգին: Նրախոսքով, փաստորեն, մենք զիջել ենք Սյունիքի անվտանգության գոտին և այսօր ստացվում է, որ Ադրբեջանի Զինված ուժերը կանգնած են մեր օդանավակայանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա, կան գյուղեր, որոնք մի քանի մետր հեռավորության վրա են:
«Այսինքն, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սրանք տեղի են ունեցել բանավոր փոխըմբռնմամբ, մենք տեսնում ենք, որ կա ևս մեկ հուշագիր, հստակ կետով, և ես չգիտեմ, թե ապագայում հնարավոր կլինի սա չեղարկել, թե ոչ: Կարծում եմ, եթե հնարավոր չլինի չեղարկել այդ կետերը, ապա հնարավոր չի լինի պահպանել Սյունիքի անվտանգությունը: Այնտեղ կետ կա նաև Դավի Բեկ, Գորիս և Կապան ճակատային ճանապարհների համատեղ օգտագործման մասին», – ասաց Աննա Գրիգորյանը:
Ըստ նրա՝ ակնհայտորեն ամեն օր երևում է, որ կա լրացուցիչ հուշագիր, որն իրականացվում է և որևէ հիմք չկա դրան չհավատալու: «Էլ ի՞նչ նոր զիջումներ պետք է անենք, Սյունիքում այլևս զիջելու բան չկա, և քաղաքացիները վախենում են, որ կարող են GPS-ով գալ ու սահմանազատում անել… Սյունեցիները պնդում են, որ ամենօրյա իրենց անվտանգությունը պետք է ապահովվի, քանի որ ոչ բոլոր տեղերում են, որ հայ կամ ռուս սահմանապահներ են կանգնած: Հետևաբար, որպեսզի մարդիկ տանը հանգիստ քնեն կամ երեխաները բակում խաղան, անհրաժեշտություն է առաջանում, որ իրենք պաշտպանված լինեն, իրենց ձեռքին էլ պետք է համապատասխան զենք ունենան: Իհարկե, ընթացակարգերը պետք է հստակեցվեն , թե ովքեր կարող են ձեռք բերել զենք, ինչպիսի պայմաններում»,- ասաց նա և հավելեց, որ շուտով Սյունիքում մի քանի գյուղ ևս սահմանապահների հսկողության տակ կանցնեն:
«Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել, այս պահին էլ այլ պատգամավորների հետ նախաձեռնություն եմ մշակում, որպեսզի սահմանամերձ գյուղերում տրվեն լրացուցիչ արտոնություններ: Սահմանապահների թիվը դեռ պետք է ավելանա»,- ամփոփեց պատգամավորը:
Ճեպազրույցի մանրամասները տեսանյութում.
Հիշեցնենք, որ Աննա Գրիգորյանը, ով պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի (Սյունիք) տարածքային ընտրական ցուցակով, որոշում կայացրեց վերցնել իրեն վստահված մանդատը, բայց դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից, հետևյալ կերպ էր բացատրել իր որոշման դրդապատճառները.
«Սիրելի հայրենակիցներ, որոշում եմ կայացրել վերցնել ձեր կողմից ինձ տրված մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։ Մեր երկրի համար այս դժվարին և պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։ Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի»:
Նշենք, որ Գրիգորյանը ծնունդով Սյունիքից է, ծնվել է 1991թ. Կապանում: 2011թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի «Թարգմանչական գործ» բաժինը, 2013թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2017թ.` ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը: 2013 թվականից դասավանդում է «Քվանտ» վարժարանում: 2020 թվականին եղել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ: Ամուսնացած է, ունի մեկ զավակ։
Դիտումների քանակը` 1229