Ճգնաժամի ժամանակ կանայք ավելի լավ առաջնորդներ են. հետազոտություն
Բազմիցս է խոսվել այն մասին, որ կանայք Covid-19 ճգնաժամի պայմաններում իրենց դրսևորել են որպես ավելի լավ առաջնորդներ, քան տղամարդիկ: Դա են փաստում նաև 2020 թվականի մարտից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում անցկացված Harvard Business Review-ի հետազոտության տվյալները, ըստ որոնց կանայք իրենց գործընկերների կողմից գնահատվել են որպես ավելի արդյունավետ առաջնորդներ: Ընդ որում համավարակի պայմաններում տղամարդկանց և կանանց միջև տարբերությունը ավելի մեծ է, քան դա բացահայտվել էր նախկինում կատարված հետազոտությունների արդյունքում, ինչը, թերևս, ցույց է տալիս, որ կանայք, որպես կանոն, ավելի արդյունավետ են գործում ճգնաժամի ժամանակ։ Մասնավորապես, կանայք ավելի բարձր են գնահատվել առաջնորդության արդյունավետությունը բնորոշող 19 կարողություններից 13-ում…
Ըստ հետազոտության հեղինակներ՝ Jack Zenger -ի և Joseph Folkman -ի, կին առաջնորդների կարիերան ներկայացնելիս՝ կա մի երևույթ, որը կոչվում է «ապակե ժայռ»։ Դա «ապակե առաստաղ» հասկացության նմանությամբ ստեղծված եզրույթ է, որը նկարագրում է առաջընթացի անտեսանելի խոչընդոտները, որոնց հետ կանայք հաճախ առնչվում են, երբ կազմակերպության բարձր մակարդակներում առաջընթաց են նախատեսում: «Ապակե ժայռը» վերաբերում է իրավիճակին, երբ կազմակերպությունում առաջացած դժվարությունների ժամանակ պատասխանատու պաշտոնին է նշանակվում կին առաջնորդ՝ կազմակերպությանը դժվարին կացությունից հանելու համար։ Այսինքն, երբ կանանց վերջապես հնարավորություն է տրվում իրենց դրսևորել ղեկավար պաշտոնում, նրանց, սովորաբար, տրվում է այն, ինչն արդեն կոտրված է, և որտեղ ձախողման հավանականությունը մեծ է:
Հետազոտողների դիտարկմամբ՝ դա բավական հաճախ է տեղի ունենում, և դա ստիպում է մտածել, թե գուցե կանայք, իսկապե՞ս, ավելի արդյունավետ են ղեկավարում ճգնաժամի պայմաններում։ Գուցե հենց այդ պատճառո՞վ է, որ դժվարին ժամանակներում նրանց են հանձնում կառավարման ղեկը։
Covid-19 ճգնաժամի ժամանակ աշխարհն ականատես եղավ, որ կին առաջնորդներն իրենց աշխատանքն ավելի լավ են կատարում, և այս հետազոտությունը հաստատում է դա։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Covid-19-ին առնչվող արդյունքները, ներառյալ հիվանդության և մահացության ցուցանիշները, պարբերաբար ավելի լավ են եղել կանանց կողմից ղեկավարվող երկրներում: Մեկ այլ հետազոտությունից պարզ է դարձել, որ ԱՄՆ-ի այն նահանգները, որոնց ղեկավարները կանայք են եղել, մահացության առավել ցածր ցուցանիշներ են գրանցել: Harvard Business Review-ի հեղինակները որոշել են դիտարկել համապարփակ գնահատման գլոբալ տվյալների բազան՝ տեսնելու, թե արդյոք որևէ օրինաչափություն կա նրանում, թե ինչպես են տղամարդ և կին առաջնորդները կազմակերպությունների ներսում արձագանքում և հակազդում ճգնաժամերին:
Ո՞վ է համարվում ճգնաժամային իրավիճակում ավելի փորձառու առաջնորդ
2019-ին Harvard Business Review-ն վերլուծություն էր հրապարակել, ըստ որի կանայք իրենց հետ աշխատողների կողմից գնահատվել են որպես առավել լավ առաջնորդներ՝ տղամարդկանց համեմատ։ Վերլուծության տվյալները հիմնված են եղել ավելի քան 60 000 առաջնորդների մասին գնահատականների վրա (22 603 կին և 40 187 տղամարդ): 2020-ին ուսումնասիրվել են Covid-19 համավարակի առաջին փուլի ընթացքում հավաքագրված նմանատիպ տվյալները՝ տեսնելու, թե արդյոք այս վարկանիշները փոխվել են։
2020 թվականի մարտից հունիս ընկած ժամանակահատվածում 454 տղամարդ և 366 կին գնահատվել են իրենց առաջնորդության արդյունավետության տեսանկյունից: Նախահամաճարակային վերլուծության համաձայն՝ պարզվել է, որ առաջնորդության գրեթե բոլոր հմտություններում կանայք գերազանցում են տղամարդկանց: Համավարակի պայմաններում տարբերությունն ավելի զգալի է եղել՝ 19 հմտություններից 13-ի դեպքում կանայք զգալիորեն ավելի բարձր են գնահատվել, քան տղամարդիկ։ Տղամարդիկ առավել բարձր են գնահատվել միայն մեկ չափորոշիչով՝ տեխնիկական/ մասնագիտական կարողությունների համար, սակայն տարբերությունը վիճակագրական առումով նշանակալի չի եղել։ Ի դեպ, ռիսկի դիմելու կարողությունը գրեթե հավասար է գնահատվել կին և տղամարդ առաջնորդների դեպքում:
Ինչո՞ւ են կին առաջնորդները համարվում ավելի արդյունավետ
Յուրաքանչյուր ղեկավար, որը ներգրավված է եղել հետազոտության մեջ, գնահատվել է նաև իր աշխատողների կողմից։ Գնահատականը հիմնվել է նրանց պատասխանների վրա, որոնք վերաբերել են նրանց գոհունակության և աշխատանքներում ներգրավվածության աստիճանին։ Տղամարդ առաջնորդների հետ աշխատողների ներգրավվածության մակարդակը ցածր է եղել միջինից՝ 49.2 %, իսկ կին առաջնորդների անմիջական ղեկավարությամբ աշխատողների նույն ցուցանիշները զգալիորեն ավելի բարձր են եղել 55.2 %:
Հասկանալու համար, թե որն է ներգրավվածության մակարդակի տարբերության պատճառը, հետազոտողները դիտարկել են այն հատկությունները, որոնք հարցվողները համարել են ամենակարևորը՝ ճգնաժամի ընթացքում։ Հատկանշական է, որ հարցվողներն ավելի մեծ նշանակություն են տվել անձնային հմտություններին, ինչպիսիք են «ներշնչող և մոտիվացնող լինելը», «հաղորդակցման հրաշալի հմտությունները», «համագործակցություն/թիմային աշխատանքը» և «հարաբերությունների կառուցումը»։ Այս բոլոր ցուցանիշներով կանայք ավելի բարձր են գնահատվել: Վերլուծությունը հաստատել է այն, ինչ հետազոտողները վեր էին հանել ԱՄՆ նահանգապետերի վերաբերյալ համանման ուսումնասիության արդյունքում․ կին առաջնորդներն ավելի շատ էին տեղյակ իրենց աշխատակիցների վախերի, բարեկեցության վերաբերյալ մտահոգությունների և իրենց ծրագրերի հանդեպ վստահության մասին:
Ամենաարժեքավոր բանը, թերևս, որ հետազոտողները հավաքագրել են ճգնաժամի ողջ ընթացքում, հազարավոր հարցվածների կարծիքն է այն մասին, թե ինչն են նրանք այժմ գնահատում և ինչ են ակնկալում առաջորդներից: Ըստ այդմ, նրանք ցանկանում են այնպիսի առաջնորդներ ունենալ, որոնք ունակ են առանցքային և նոր հմտություններ սովորելու, ովքեր կարևորում են աշխատողների շարունակական զարգացումը նույնիսկ դժվարին ժամանակներում, ովքեր ցուցաբերում են ազնվություն և միասնականություն, և ովքեր զգայուն են և ըմբռնող այն սթրեսի, անհանգստության և հիասթափության նկատմամբ, որոնք զգում են մարդիկ:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հատկություններ են, որոնք ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ։ Բայց, քանի որ ճգնաժամը շարունակվում է և ահագնանում շատ վայրերում, բոլոր առաջնորդները՝ անկախ սեռից, պետք է ձգտեն բավարարել այդ պահանջները։
Աղբյուրը՝ Harvard Business Review
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
COVID-19. կին ղեկավարները լավագու՞յնն են ճգնաժամի պայմաններում
Կին առաջնորդներն ընդդեմ համավարակի. առավելությունների գաղտնիքը
Ջասինդա Արդերնի ղեկավարած Նոր Զելանդիան հաղթեց COVID 19-ի դեմ մարտում
«Կորոնավիրուսի դեմ պայքարի գաղտնի զենքը կանայք են». միջազգային մամուլ
«Կանայք՝ կորոնավիրուսի դեմ պայքարում». հրապարակվել է «ՀԱՎԱՍԱՐ» տեղեկագրի նոր համարը
Դիտումների քանակը` 1555