Պատգամավորներն ընդդեմ դպրոցներում հովանավորչության
Այսօր ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած հայտարարությունների ժամին միանգամից երկու պատգամավոր՝ Անի Սամսոնյանը և Սոֆյա Հովսեփյանն անդրադարձել են դպրոցներում տնօրեններին նշանակելու հարցում հովանավորչության խնդրին:
Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խոսել է Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցի դասապրոցեսի խաթարման մասին: Նրա խոսքով՝ հունվարի 22-ին տեղի է ունեցել դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթ և երկու թեկնածուները ստացել են 4-ական հավասար ձայներ, իսկ նշանակման հարցի որոշումը մնացել է ԿԳՄՍ նախարարին:
Պատգամավորը տեղեկացրեց, որ թեկնածուներից մեկը տվյալ դպրոցի գործող տնօրենն է (Մետաքսյա Բաբայան), մյուսը՝ Աբովյանի մեկ այլ 10-րդ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհին (Քարմիլե Առաքելյան): Վերջինին նախարարության որոշմամբ նոր տնօրեն նշանակելուց հետո դպրոցի ուսուցչական անձնակազմն ասել է, որ կդիմի գործադուլի, իսկ աշակերտներն էլ հայտարարել են՝ դասադուլի: Մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող մանկավարժները պնդում են, որ մեկ տարի առաջ կրթօջախի կառավարման խորհրդի կազմը փոխել են, ընդգրկելով անդամների թվում Կոտայքի նախկին մարզպետ աշխատող Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի անդամներին ու մտերիմներին, որոնք և ձայն են տվել Առաքելյանին: Ընդ որում , իրենց խոսքով, նորնշանակ տնօրենն էլ Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատեց, որ կառավարության հայտարարությունները բարեփոխումների մասին որևէ արդյունքի չեն բերել, ինչի արդյունքում խորհուրդներ ու տնօրեն ընտրելիս շարունակում են տեսնել հովանավորչություն: Ըստ պատգամավորի՝ հովանավորչությունը ևս կոռուպցիայի տարատեսակ է և պաշտոնյաները պետք է զերծ մնան դրանից:
Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ անդրադարձել է Գյումրու թիվ 25 դպրոցում տեղի ունեցող բողոքի ցույցերին ընդդեմ «անցանկալի» տնօրենի: Հիշեցնենք, որ թե՛ դպրոցի անձնակազմը, և թե՛ ծնողները փոխվարչապետ Տիգրան Ավինյանին մեղադրում են հովանավորչությամբ տնօրեն նշանակելու մեջ։ Նոր տնօրենը Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանի քույրն է՝ Իրինա Բաղդասարյանը։
Վերջինս մինչ նշանակումը Գյումրու թիվ 9 դպրոցի փոխտնօրենն էր։ Նա, թեև արդեն ներկայանում է աշխատանքի, սակայն դպրոցի անձնակազմը ու ծնողները շարունակում են բողոքի ցույցերը, նրանք պահանջում են փոխել որոշումը ու տնօրեն նշանակել իրենց թեկնածուին՝ դպրոցի պատմության երկարամյա ուսուցիչ Մերուժան Մինասյանին։
Սոֆյա Հովսեփյանն՝ անդրադառնալով դպրոցում տիրող իրավիճակին՝ հայտնեց, որ ԱԱԾ-Ն նոր գործառույթ է սկսել կատարել, այն է՝ վախեցնել ուսուցիչներին և երեխաներին դպրոց չտանող ծնողներին։ Պատգամավորը նշել է, որ ցավոք, մեր օրերում էլ դպրոցում նշանակումներ են կատարվում քաղաքական պատվերով կամ քաղաքական հայացքներով, ինչպես եղել է նախկինում։
Պատգամավորի ներկայացմամբ, ընտրության արդյունքում երկու ձայն ստացողը հաղթեց չորս ձայն ստացողին, և փոխվարչապետի ձեռքով նշանակվեց փոխտնօրեն, ընդ որում գրեթե ոչ մի բացատրություն չտրվեց։ Սեֆյա Հեվսեփյանի խոսքով, հարցը բարձրաձայնել է նաև վարչապետի մոտ , ասացին՝ անպայման հետևողական կլինեն։
«Հետևողականությունն այն է, որ մեկ շաբաթ շարունակ դպրոցում դասերը խաթարված են։ Սարսափելին մեկ այլ բան է․ պարզվում է՝ ազգային անվտանգությունը փոխանակ այսօր զբաղվի դիակների դուրս բերման կամ գերիների հարցերով, և այլն, պարզվում է՝ զբաղվում է ծնողներին և ուսուցիչներին վախեցնելու գործով։ Ես երեկ նոր պարզել եմ, թե մեր երկրում ազգային անվտանգությունն ինչ ֆունկցիա ունի, մինչև էսօր չգիտեի։ Եվ ոստիկանությունն է նույն հարցով զբաղվում, իսկ ես այստեղից ուղղակի կոչ կանեմ՝ զերծ մնացեք դպրոցից և թույլ տվեք, որ օրենքի շրջանակում լուծվի այդ դպրոցի հարցը, այլապես սա հերթական քաղաքականացված նշանակման գնահատականը կլինի, թերևս այդպես էլ կա», -հայտարարեց Սոֆյա Հովսեփյանը։
Դիտումների քանակը` 1073