«Զապել» միջազգային ֆորումը կմիավորի կին գրողներին
«Աշխարհում ավելի շատ կանայք են կարդում, բաց ավելի շատ տղամարդկանց են կարդում»
Փետրվարի 4-ին՝ հայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ, ազգային-հասարակական անվանի գործիչ, Զապել Եսայանի ծննդյան օրն է: Օրվա առթիվ Երևանում ազդարարվեց «Զապել» կին գրողների միջազգային ֆորումի մեկնարկը: Ֆորումը կոչվել է 20-րդ դարի կանանց իրավահավասարության հարցերը մշտապես բարձրաձայնող Զապել Եսայանի անունով։
Ֆորումի կազմակերպիչներն այսպես են ձևակերպում իրենց նպատակը.
«Իր օրինակով Զապել Եսայանը, ինչպես նաև ֆորումի մասնակից մյուս` թե՛ հայ, թե՛ օտարազգի կանայք ամենևին նպատակ չունեն ապացուցելու իրենց գոյության կարևորությունը կամ շնորհի համարժեքությունը իրենց տղամարդ գրչընկերների հանդեպ։ Ֆորումը կտրամադրի հարթակ` ներկայանալու և միջազգային մակարդակում երկխոսություն ստեղծելու համար։ Մասնակիցներն իրենց օրինակով կոգևորեն երիտասարդներին և գրող լինելու բացարձակ քաջությունը կփոխանցեն մեզ բոլորիս՝ ապրելու, ստեղծագործելու և երջանիկ լինելու համար»:
Դեռ նախորդ տարի ֆորումի նախաձեռնողներ Newmag հրատարակչությունը և «ԱՐԻ» գրականության հիմնադրամը մտադիր էին նույն խորագրով փառատոն անցկացնել, սակայն կորոնավիրուսի համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումները ստիպեցին վերանայել որոշումը, բայց՝ ոչ հույսը։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արևիկ Աշխարոյանն «Արմենպրես» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ փառատոնը ֆորումի վերածելու համար ուրախ են, տարվա ընթացքում մեկ անգամ անցկացվելիք միջոցառման փոխարեն ստեղծվում է մի հարթակ, որի հանդիսատեսն ավելի մեծ է լինելու։
Միջազգային հարթակում կին գրողները կներկայացնեն իրենց պատմությունները՝ կայանալու ճանապարհին իրենց առջև ծառացած մարտահրավերների, անհաջողությունների, հիասթափությունների, դժվարությունների մասին։ Ֆորումի ծրագրում տեղ կգտնեն ելույթներ և դասախոսություններ, հարցազրույցներ, պանելային քննարկումներ և այլ միջոցառումներ։
Նախագծի գլխավոր ու առաջանային նպատակն է հայ կին գրողներին առավել տեսանելի դարձնելը, ինչպես նաև արտասահմանցի կին գրողներին ու նրանց գործերը հայ ընթերցողին ներկայացնելը, հայ և արտասահմանցի կին գրողների միջև երկխոսություն ստեղծել։ Կազմակերպիչները հույս ունեն, որ Հայաստանը վաղ թե ուշ կկարողանա «Զապել» փառատոն անցկացնել՝ հյուրընկալելով բազմաթիվ գրողների։
Արևիկ Աշխարոյանի խոսքով, ժամանակն է նաև ազատվել այն գաղափարից, որ կինը`որպես գրող սահմանափակված է «թույլատրելիի» սահմաններով կամ, որ գրող լինելը կնոջ «գործ չէ»։ Եվ այս առումով, ուսանելի է Զապել Եսայանի օրինակը… 1915 թվականի ապրիլի 24-ի գիշերն աքսորի ենթակա հայ մտավորականներից միակ կինը, ում անունը գրված է եղել նախապես կազմված ցուցակում, Զ. Եսայանն էր: Դիպվածով մազապուրծ Հայոց ցեղասպանությունից՝ շուրջ երեք ամիս փախստականի կյանք է վարել, ապա մեկնել է Բուլղարիա, Ռումինիա, իսկ 1915 թվականի վերջին՝ եկել Կովկաս:
«Նա փաստավավերագրել է այդ ընթացքում իր տեսածը, լսածը։ Շատ ազդեցիկ ժառանգություն է թողել նա որպես ականատես-գրող, բայց այստեղ կարևոր է նրա կանացի ձայնը։ Մենք ուզեցինք, որ Զապելի անունն էլ ավելի բարձր հնչի, նրա մասին աշխարհն իմանա»,-ասաց Արևիկ Աշխարոյանը։
«Newmag» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանն էլ ներկայացրեց Zabel.am կայքը, որը գործարկվել է օրեր առաջ։ Իր խոսքով, կայքում կհրապարկվեն տեղի ունենալիք հանդիպումների, քննարկումների մասին անոնսներ, հոդվածներ, տեսանյութեր, լուսանկարներ,գրական աշխարհի իրադարձություններ, նորություններ, հարցազրույցներ: «Հեղինակներ» բաժնում կներկայացվեն ֆորումի հետ համագործակցող հայաստանցի, սփյուռքահայ, օտարերկրացի գրողները, նրանց՝ արդեն հրատարակված ու անտիպ գործերը։ Դրա հետ մեկտեղ ֆորումի կազմակերպիչները նկատում են, որ ընթերցողը գրեթե չի ճանաչում հայ ժամանակակից կին գրողներին…
Ֆորումն արդեն փետրվարը հռչակել է հայ կին գրողների ամիս, մարտը՝ գերմանացի գրողների, ապրիլը՝ ռուս գրողների։ Նախաձեռնողները պատրաստակամ են համագործակցել տարբեր հիմնադրամնի, կազմակերպությունների հետ՝ հարթակում ներկայացվող կին գրողների ու նրանց գործերի ցանկն ընդլայնելու համար։
«Մենք այս պահին էլ բանակցությունների, քննարկումների մեջ ենք, թե սփյուռքահայ, թե արտասահմանցի գրողների հետ։ Արձագանքները բավականին դրական են։ Այս պահին ձեռնպահ կմնամ անուններ տալ, դրանց մասին տեղեկություններ կհրապարկվեն շուտով մեր կայքում»,-ասաց Արևիկ Աշխարոյանը։
Նրա խոսքով, գերմանացի կին գրողների հարցազրույցների ընթացքում պարզ է դարձել, որ կին գրողների խնդիրները գրեթե միանման են, այնպիսի զարգացած եվրոպական երկրում, ինչպիսին Գերմանիան է, կանայք անտեսված են, հրատարակվելու, առավել լսելի դառնալու խնդիր ունեն։
Գոհար Մանուկյանն էլ փոխանցեց ֆրանսիացի կին գրողի հարցազրույցի ժամանակ հնչեցրած մտահոգությունը, աշխարհում ավելի շատ կանայք են կարդում, բաց ավելի շատ տղամարդկանց են կարդում։
Հ. Կարապետյան
Կարդացեք Զապել Եսայանի մասին մեր կայքում.
«Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց…». Զապել Եսայանի նամակը դստերը
Զապել Եսայան. «Իրեն հարգող կնոջ իդեալը միայն հաճելի լինելու մեջ չէ»…
Փարիզը մեծարում է Զապել Եսայանին…
Սկյուտարում՝ Զապել Եսայանի հետքերով
«Զապել Եսայանին վերագտնելով»…/ թրեյլեր
Ադանայի կոտորածը` մի առաջադեմ կնոջ գրչով
Ցեղասպանության մասին նոր փաստաթուղթ է հայտնաբերվել
Փարիզի փողոցներից մեկը կանվանակոչվի Զապել Եսայանի պատվին
Դիտումների քանակը` 1223