«Օրորոցը» վերածնվեց. Տավուշի սահմանամերձ համայնքների նորածին ունեցող ընտանիքներն աջակցություն ստացան

Հեռավոր 2002 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու կանանց 30 հասարակական կազմակերպություններ համատեղ Տավուշի և Սյունիքի մարզերում մեկնարկեց «Նորածինների ազգային խնամք. «Օրորոց» նախաձեռնությունը, որի շրջանակում աջակցություն էր տրամադրվում նորածիններին ու մանկահասակ երեխաներին: Ծրագիրը տարիներ շարունակ բավականին պահանջված էր, սակայն 2015 թվականին միջոցների բացակայության պատճառով այն կասեցվեց: Եվ ահա Հայաստանի համար ծանրագույն 2020 թվականին ծրագիրը նորից վերագործակցվեց  «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախաձեռնությամբ:  

 

 

WomenNet.am -ի հետ զրույցում «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը նշեց, որ 2020-ին իրագործված «Օրորոց» նախագիծը նպատակ ուներ մեղմելու Տավուշի մարզի հատկապես սահմանամերձ համայնքների բնակչության սոցիալական ծանր վիճակը, որն էլ ավելի վատթարացավ COVID-19-ի ազդեցության ներքո: Հասկանալի է, որ հատկապես ծանր է սոցիալապես անապահով ընտանիքների վիճակը, որոնք նորածին երեխաներ ունեն:

 

 

Նրա տեղեկացմամբ,   2020 թվականին վերածնված «Օրորոցի» շրջանակում հաջողվեց  250 ընտանիքի աջակցություն ցուցաբերել:  Ասում է, տարբեր տեղեր են դիմել նախաձեռնությունը կյանքի կոչելու համար,  սկզբնական փուլում միայն  «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունն է արձագանքել ու  գումար  հատկացրել Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջանների ընդհանուր 250 ընտանիքի աջակցելու համար:

 

 

«Ծրագրի շնորհիվ կարողացանք   Բերդ և Նոյեմբերյան խոշորացված համայնքների սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև Տավուշի մարզի Իջևանի շրջանի սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների չորս ամսականից մինչև 1 տարեկան երեխաներին ապահովել անհրաժեշտ հագուստով, անկողնային ու հիգիենայի պարագաներով: Դա հնարավորություն տվեց ընտանիքներին համաճարակի ընթացքում մնալ տանը, չմտածել անհրաժեշտ հագուստ և խնամքի պարագաներ գնելու խնդրի մասին, իսկ նորածին երեխաներին ավելի լավ խնամք ապահովեց»,- նշեց Հասրաթյանը:

 

 

 

 

Առաջին փաթեթները  ծրագրի շրջանակներում հանձնվեցին օգոստոսի 5-ին Նոյեմբերյան համայնքի սահմանապահ բնակավայրերի՝ 4 ամսականից մինչև 1 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, իսկ արդեն օգոստոսի 10-ին փաթեթներ հանձնեցին Բերդ համայնքի թվով 61 ընտանիքի (63 երեխայի): Նաև բացառություն արվեց Չինչինում ծնված եռյակի ընտանիքին, որոնց երկու փաթեթ հանձնվեց: Երեխաների ցուցակները Ասոցիացիային են տրամադրել սոցիալական աջակցության համապատասխան տարածքային ստորաբաժանումները: Տեղերում փաթեթների հանձնման աշխատանքներին կամավորության սկզբունքնով մասնակցում էին Ասոցիացիայի անդամները, այդ թվում  Ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը, փոխնախագահ Գայանե Արմաղանովան, պատասխանատու քարտուղար Գայանե Մերոյանը, անդամներ՝  Անահիտ Աղոյանը, Առաքսիա Նազարյանը, Մարիաննա Աբովյանը և այլոք:  

 

 

Սակայն նախքան փաթեթները գտել են իրենց հասցեատերերին, բավականին մեծ աշխատանք է կատարվել: Այդպես, դեռևս հունիսին «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան» «Նուբարաշեն» տրիկոտաժի գործարանի հետ կնքել էր պայմանագիր, որի շրջանակում գործարանն արտադրել է բամբակյա անկողնային պարագաներ և ներքնազգեստներ 4 ամսականից մինչև մեկ տարեկան երեխաների համար, բրդյա և տրիկոտաժե վերնազգեստ, այլ տեսակի հագուստ նորածինների համար՝ ընդհանուր 250 փաթեթի համար: Փաթեթը, բացի նորածինների հագուստից, իր մեջ ներառում էր նաև գործարանի արտադրության վերնաշապիկ մայրերի համար.

 

 

«Եթե հաշվի առնենք, որ գործարանում հիմնականում կանայք են աշխատում, ապա մեր ծրագրի իրականացումը որոշակի առումով նպաստեց նաև սոցիալական մեկ այլ սուր խնդրի մեղմանը`կանանց համար աշխատատեղերի ստեղծմանը»,- նկատում է  Ջեմմա Հասրաթյանը:

 

 

Իսկ այնուհետ սկսվեց պատերազմը Արցախում …  «Օրորոցի» շրջանակում որոշ ծրագրերն այդ շրջանում ստիպված եղան  հետաձգել և վերսկսեցին  արդեն  նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Նոյեմբերի 24-ին դարձյալ Բերդ համայնքում թվով 59 ընտանիք, որտեղ երեխա էր ծնվել 2020 թվականի երրորդ եռամսյակում, ստացավ աջակցության փաթեթներ: Ի դեպ, այս ընտանիքներից 22-ը նաև նպաստառու են և պետական աջակցության ծրագրերից են օգտվում:

 

 

Դեկտեմբերի 15-ին աջակցության փաթեթներ հանձնվեցին արդեն Իջևանի սահմանամերձ համայնքների 37 ընտանիքների, որտեղ երեխաներ են ծնվել 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին: Նույն օրը նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի 29 ընտանիք ստացավ փաթեթներ: Իսկ տարեվերջին՝ դեկտեմբերի 29-ին, դարձյալ Իջևանում փաթեթներ ստացան թվով 35 ընտանիքներ, որտեղ երեխաները ծնվել էին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

 

 

Արդյոք շարունակական կլինի ծրագիրը: Տիկին Հասրաթյանը նշեց, որ իրենց այցելությունները ցույց են տալիս, թե որքան մեծ է «Օրորոցի» շարունակության   անհրաժեշտությունը, սակայն այս պահին դժվար է ասել՝ կկարողանան այն իրականացնել 2021 թվականին ևս, թե ոչ.

 

 

«Մենք կրկին պատրաստ ենք  կամավորության սկզբունքով կազմակերպել բոլոր անհրաժեշտ աշխատանքները, և եթե գտնվեն բարերարներ, որոնք ֆինանսապես կաջակցեն սահմանամերձ բնակավայրերի նորածին երեխա ունեցող ընտանիքներին, ապա «Օրորոցը» սիրով կշարունակենք»,- եզրափակեց  մեր զրուցակիցը:

 

 

Դիտումների քանակը` 1028

Գլխավոր էջ