ՄԱԿ-ի փորձագետները հորդորում են անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում գերեվարված անձանց
ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները հանդես են եկել կոչով՝ հորդորելով անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով գերեվարված բոլոր գերիներին և այլ պահվող անձանց։
«Բոլոր նրանք, ովքեր ազատությունից զրկվել են հակամարտության պատճառով, պետք է վերադառնան իրենց տներ` համաձայն 2020–ի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի պայմանագրի»,- ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
ՄԱԿ-ի փորձագետները ընդգծում են նաև, որ զոհված անձանց հարազատները պետք է իրենց հարազատների աճյունը ստանալու հնարավորություն ունենան՝ պատշաճ կերպով թաղումներ կազմակերպելու համար։ «Անհետ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկություններ չհայտնելն ու մահացածների աճյունների հանձնումը մերժելն անթույլատրելի է և նշանակում է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից հանձն առած պատասխանատվությունից խուսափում», – ասված է ՄԱԿ–ի հայտարարության մեջ։
ՄԱԿ–ում նաև անհանգստացած են այն լուրերից, որ ռազմագերիները ենթարկվել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև սպանվել են։ Փորձագետները դիմում են երկու կողմին էլ` առանց հստակեցնելու, թե որ կողմն է, զերծ մնալ խոշտանգումների չենթարկել գերիներին։ «Մենք դիմում ենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին` իրականացնել մանրակրկիտ, արագ, անկախ և անկողմնակալ հետաքննություն հակամարտության ընթացքում կատարված մարդու իրավունքների լուրջ խախտումների մեղադրանքների վերաբերյալ և հանցագործներին պատասխանատվության ենթարկել և տուժածներին հատուցել», – նշվում է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի փորձագետները նշում են նաև, որ կշարունակեն համագործակցել երկու երկրների իշխանությունների հետ և վերահսկել իրավիճակը:
Հ. Գ. Ըստ Արցախի ՄԻՊ–ի զեկույցի ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 72 քաղաքացիական անձանց սպանության դեպք, որից 41-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, 31-ը՝ գերեվարման մեջ: Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով:
Զեկույցը թարմացված տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ:
Դիտումների քանակը` 1317