Ամեն ինչ հանուն Արցախի. բարեգործ Սոնա Վարդանյանը Պրահայից
Սոնա Վարդանյանը 14 տարեկան էր, երբ ընտանիքի հետ մշտական բնակություն հաստատեց Պրահայում: Դրանից հետո գրեթե ամեն տարի ամառային արձակուրդներն անցկացրել է հայրենիքում: Ասում է՝ հայրենիքից դուրս ապրող յուրաքանչյուր հայ իրեն կհասկանա՝ Հայաստանի մասին մտածելիս սիրտը մինչև հիմա էլ կծկվում է:
34-ամյա Սոնային հաջողվում է ընտանիքն ու երկու երեխաների մասին հոգատարությունը համատեղել հաջողակ բիզնեսի հետ: Պրահայում իր գեղեցկության սրահը ունի՝ «Սոնատա»:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո Սոնայի գեղեցկության սրահը դարձավ տեղի հայերի հավաքատեղին.
«Իմ գեղեցկության սրահում, հիմնականում, չեխեր են աշխատում, ես հայ աշխատակիցներ չունեմ: Պատերազմից մի քանի օր անց հասկացա, որ չեմ կարող ձեռքերս ծալած նստել, մտքով անընդհատ Հայաստանում էի: Զանգահարեցի և հանդիպում կազմակերպեցի ինձ ծանոթ բոլոր հայերի հետ, ովքեր աշխատում են գեղեցկության ոլորտում: Որոշեցինք, որ ամեն շաբաթ-կիրակի իմ սրահում բարեգործական ակցիա ենք իրականացնելու, և մեր մատուցած ծառայությունների դիմաց ստացած ամբողջ գումարն ուղղելու ենք պատերազմի հետևանքով Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մարդկանց և զինվորներին: Առաջին օրը հույս ունեինք գոնե 1000 եվրո գումար վաստակել: Օրվա վերջում, երբ սկեցինք հաշվել, ստացվեց, որ 6000 եվրո գումար էր հավաքվել: Ընդ որում՝ որևէ ծառայություն հստակ արժեք չուներ, յուրաքանչյուր հաճախորդ վճարում էր որքան կարող էր»,- պատմում է Սոնան:
Հաջող իրականացված ակցիայից հետո Սոնան ընկերների հետ որոշեց նախաձեռնությունը շարժական դարձնել: Նման ակցիաներ իրականացրեցին նաև Չեխիայի այլ խոշոր քաղաքներում՝ օրինակ՝ Բռնոյում, որտեղ մեծ ու միասնական հայ համայնք կա: Չնայած, որ հանգանակությունների մասով, հիմնականում, հույս էին դրել հայերի վրա, Սոնան ուրախությամբ է ասում՝ Պրահայում նվիրատուների 70 տոկոսը չեխեր էին.
«Ինձ համար սա շատ կարևոր և հուզիչ էր, որովհետ նշանակում էր, որ սովորական մարդիկ անտարբեր չեն մեզ պատուհասած դժբախտությանը: Այդ միտքը ինձ հույս էր տալիս այդ դժվար օրերին»,- հիշում է նա:
Բարեգործական ակցիան շարունակվեց պատերազմի ողջ ընթացքում: Մեկնարկից 4 օր անց, սակայն, Չեխիայում հայտարարվեց կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված հերթական «lockdown»-ը: Դատարկ փողոցների, պարետային ժամերի, խստագույն պատիժների, բազմաթիվ ոստիկանների ներկայության պայմաններում անգամ Սոնան ընկերների հետ ոչ մի օր չդադարեցրեց իր գործունեությունը.
«Հիմա, որ մտածում եմ, թե ինչ խնդիրներ կարող էինք ունենալ, եթե բռնվեինք այդ ժամանակ, ուղղակի սարսափելի է, սակայն այդ պահին մտածում էի, եթե անգամ ոստիկանները գան, տեսնեն, որ աշխատում ենք, ես կկարողանամ իրենց բացատրել, որ մեր երկրում պատերազմ է, որ մեր գործն այնտեղ շատ պետք է: Այդ օրերին սրահի ապակե մեծ փեղկերը ծածկում էինք անթափանց կտորով, իսկ ներսում 30-40 հայ՝ վարպետներ և հաճախորդներ»,- պատմում է Սոնան:
Պատերազմի ընթացքում ակցիայի շրաջանկներում շուրջ 40 հազար եվրո գումար է հավաքվել, որը մարդասիրական օգնության տեսքով ուղարկվել է արցախցի փախստականներին, բանակին, ինչպես նաև Գորիսի հոսպիտալին:
Օգնությունն՝ ավելի համակարգված և թիրախային դարձնելու համար Սոնան 7 ընկերների հետ հիմնեց «Տուր ինձ հույս/Give me hope» ՀԿ-ն, որի հիմնական գրասենյակը գտնվում է Հայաստանում:
Կրակի դադարեցման մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց՝ նոյեմբերի վերջին, Սոնան եկավ Հայաստան՝ տեղում խնդիրներին ծանոթանալու, հրատապ կարիքները գնահատելու: Ասում է՝ ամենասարսափելին «Էրեբունի» ԲԿ-ում անցկացրած ժամերն են եղել՝ «դժոխքի դարպասներին էի հասել»:
Մինչ Հայաստան գալը՝ Պրահայում, Սոնան արդեն կապվել էր OTTOBOCK ընկերության հետ, որը զբաղվում է գերժամանակակից պրոթեզների արտադրությամբ.
«Երևի կյանքիս ամենադժվար ժամերը հենց հիվանդանոցում էին, երբ գլխավոր բժշկի սենյակում նստած որոշում էինք, թե տղաներից ում համար ենք պրոթեզների հարց լուծելու: Ես գիտեի, որ դրանք չափազանց թանկ են, և կկարողանանք հոգալ միայն 5 տղայի պրոթեզավորման հարցը: Բժշկի դիմաց դրված էր 200 տղայի անուն և մենք ընտրում էինք նրանց, ում կյանքը նորից սկսելու հնարավորություն էինք տալու… Եվ ես հասկանում էի, որ 5-ը շատ քիչ է, 10-ն էլ է քիչ, 50-նն էլ: Բայց մենք ավելի հնարավորություն չունեինք»,- պատմում է Սոնան:
Հանդիպման արդյուքնում ընտրվեցին պատերազմում վիրավորված 5 տղաները, որոնց պրթոեզավորումն իրականացվելու է Պրահայում:
Վերադառնալով Չեխիա՝ Սոնան ևս մեկ եռօրյա ակցիա իրականացրեց՝ Սուրբծննդյան տոներից առաջ: Նախաձեռնությանը միացավ նաև լուսանկարիչ Պավել Մոտեյլը, ով իր արած տոնական լուսանկարից ստացված ողջ հասույթը ևս նվիրաբերեց «Տուր ինձ հույս» ՀԿ-ին:
Շուտով Սոնայի նախաձեռնության մասին իմացան շատերը: Օրեր անց նա հրավեր ստացավ Չեխիայի վարչապետի աշխատակազմից.
«Գնացի հանդիպման, որին ներկա էին նաև OTTOBOCK ընկերության ղեկավարները, ովքեր պատրաստակամություն հայտնեցին 33 % զեղչ տրամադրել իրենց կատարելիք աշխատանքների համար՝ մարդասիրական նպատակներով: Այս մեծ նվերը մեզ թույլ տվեց ծրագրում ևս երկու տղաների ընդգրկել: Մենք գիտենք, որ մեզ և տղաներին շատ բարդ օրեր և փորձություններ են սպասվում, բայց վստահ եմ, որ դրանք ևս կհաղթահարենք: Չեխիայի զինվորական հիվանդանոցի հետ նաև պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ, եթե տղաները պրոթեզավորմանը զուգահեռ հավելյալ բուժման կամ բժշկական միջամտության կարիք ունենան, դա կհոգա հիվանդանոցը՝ կրկին մարդասիրական հիմունքներով»,- ասում է Սոնան:
Սոնան ասում է՝ այս ամենն անհնար կլիներ, եթե ընտանիքում չունենար լիակատար աջակցություն: Ազգությամբ չեխ ամուսինը ոչ միայն քաջալերում է կնոջը, այլև զբաղվում թղթաբանական բոլոր հարցերով.
«Ամուսինս միշտ է սիրել Հայաստանն ու հայերին: Կովիդով պայմանավորված՝ նա շատ այլ գործարարների նման լուրջ դժվարությունների առաջ կանգնեց: Երբ զգացի, որ շատ հուսահատված է, խնդրեցի, որ հետս Հայաստան գա, որպեսզի տեսնի, թե որոնք են իրական խնդիրները: Ես շատ շնորհակալ եմ նրան, որովհետև այս ամենը ուղղակի չէր լինի, եթե նա կողքիս չկանգներ»,- ասում է Սոնան:
Պրոթեզավորման սպասող տղաներից 3-ի փաստաթղթերն արդեն գրեթե պատրաստ են, դեսպանատանը սպասում են վիզայի: Սոնան ասում է՝ որքան մոտենում են նպատակին, այնքան դժվար է դառնում համբերելը: Սիրտը դեռ ծանր է, բայց հույս ունի՝ կթեթևանա, երբ իր աչքի առջև տղաներից մեկը նորից սկսի քայլել:
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 1464