ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) 72-ամյա պատմության մեջ առաջին անգամ գլխավոր քարտուղարի պաշտոնում կին է ընտրվել։
ԵԽԽՎ պաշտոնական էջի փոխանցմամբ, հունվարի 26-ին կայացած ընտրության արդյունքում այդ պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Դեսպինա Չացիվասիլյու-Ցովիլիսը։ Պաշտոնավարման մեկնարկը մարտի 1-ից է, նա այդ պաշտոնում ընտրվել է հինգ տարի ժամկետով՝ փոխարինելով լեհ քաղաքական գործիչ Վոյչեխ Սավիցկին։
Էլեկտրոնային քվեարկության արդյունքում կին թեկնածուի օգտին քվեարկել է ընտրության մասնակիցների 96.46 % – ը կամ 300 մասնակիցներից 240-ը։ Նրա միակ մրցակիցը գործող քարտուղարն էր, ում օգտին քվեարկել է 60 պատգամավոր։
Ընտրվելուց հետո Դեսպինա Չացիվասիլյու-Ցովիլիսը շնորհակալություն է հայտնել վեհաժողովի անդամներին նրանց աջակցության համար։
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ ԵԽԽՎ անդամների վստահությունն ու այս մեծ մոբիլիզացիան։ Ես ընդունում եմ մարտահրավերը։ Ես մեծ ոգևորությամբ ու անհամբերությամբ սպասում եմ մարտի 1-ից աշխատելու Վեհաժողովի անդամ 47 երկրների հետ, ինչպես նաև այդ շրջանակից դուրս, նախարարների կոմիտեի ու գլխավոր քարտուղարի հետ սերտ համագործակցությամբ, մեր Վեհաժողովի ազդեցությունը ուժեղացնելու համար»,-նշել է նա իր խոսքում։
Վեհաժողովի կանոնակարգի համաձայն՝ գլխավոր քարտուղարը ապահովում է ԵԽԽՎ պատշաճ գործունեությունը, իրականացնում է նրա կայացրած որոշումները և համակարգում է հանձնաժողովների աշխատանքը: Նա գլխավորում է շուրջ 90 աշխատակազմի քարտուղարություն, աջակցում է Նախագահին և Վեհաժողովի անդամներին իրենց աշխատանքներն իրականացնելու գործում, ապահովում է խորհրդարանական գործընթացների պատշաճ անցկացումը:
Դեսպինա Չացիվասիլյու-Ցովիլիսը Խորհրդարանական Վեհաժողովում աշխատում է 21 տարի, նա ղեկավարել է Մոնիտորինգի և Քաղաքական հարցերի հանձնաժողովները։ Սկսել է իր կարիերան 1993-ին Եվրոպական խորհրդում՝ Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովում։
Նա իրավագիտության դոկտոր է, գիտական աստիճանը ստացել է Իտալիայի Ֆլորենս քաղաքի Եվրոպական ինստիտուտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ ատենախոսությունից հետո։
Դեսպինա Չացիվասիլյու-Ցովիլիսը ծնվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, 1967 թվականի փետրվարի 28-ին։ Նա ամուսնացած է, ունի երկու երեխա։
«Ես ազգությամբ հույն եմ։ Իմ ընտանիքի արմատները սերում են Փոքր Ասիայից՝ մասնավորապես Սև Ծովի ափին գտնվող թուրքական Սինոպ հնագույն քաղաքից»,-մանրամասնում է ԵԽԽՎ նորընտիր պաշտոնյան իր էջում։
Հիշեցնենք, որ ի տարբերություն գլխավոր քարտուղարի պաշտոնի, ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում կանայք չորս անգամ են ընտրվել: 1949 թվականին հիմնադրված այս կառույցում կանայք վեհաժողովի խոսնակի պաշտոնում միայն 25 տարի առաջ հայտնվեցին, մինչ այդ կին նախագահներ չեն եղել։ Առաջինը Գերմանիան ներկայացնող Լենի Ֆիշերն էր (1996-1999 թթ.), այնուհետև Լյուխսեմբուրգը ներկայացնող Անն Բրասերը (2014-2016 թթ.), իրենից անմիջապես հետո Կիպրոսը ներկայացնող Ստելա Կիրյակիդիսը (2017-2018 թթ) և Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի-Պասկյեն էր, ով պաշտոնավարել է 2018-2020 թվականներին։
Նշենք նաև, որ այսօր ԵԽԽՎ 17 փոխնախագահներից չորսն են կին՝ Չեխիայից, Ֆրանսիայից, Լիտվիայից, Հունաստանից։ Եղել են նախադեպեր, երբ Հայաստանի պատվիրակության կին ներկայացուցիչներն են ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում ընտրվել. 2017-ին՝ ընտրվեց Արփինե Հովհաննիսյանը, մինչ այդ Հերմինե Նաղդալյանն էր նույն պաշտոնում ընտրվել:
Այսօր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության 8 անդամներից երկուսն են կին՝ Նաիրա Զոհրաբյանը ( «Բարգավաճ Հայաստան») և Տաթևիկ Հայրապետյանը («Իմ քայլը» ): Պատվիրակության ղեկավարն է Ռուբեն Ռուբինյանը:
Պատրաստեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 850