Հայաmade. Բիզնես գաղափար՝ ծնված ցավից և հույսից

Երևի բոլոր փոքրիկ աղջիկների համար ամռան ամենասիրելի զարդը ականջներից կախված զույգ գիլասներն են: Լրագրող Լիլիթ Հարությունյանը չի էլի հիշում՝ ինչից առաջացավ հայկական մրգերը զարդերի վերածելու իր գաղափարը: Գուցե՝ հենց զույգ գիլասներից:

 

 

Ձեռագործով շատ վաղուց է տարվել՝ դպրոցից: Զարդեր և զարդարանքի տարբեր պարագաներ, հիմնակում, պատրաստում էր իր, ընտանիքի և ընկերների համար, սակայն պատերազմը ստիպեց ավելի լայն մտածել.

 

 

«Պատերազմի ընթացքում, երբ փորձում էինք ուշքի գալ և մտածել, թե ինչով կարող ենք միմյանց օգնել, հասկացա, որ ժամանակն է իրականացնելու այն գաղափարը, որ վաղուց ունեի: Այդ օրերին որոշեցի պատրաստել ականջօղեր, որոնց վաճառքից գոյացած ողջ գումարն ուղղվելու էր Արցախից տեղահանված, սոցիալապես խոցելի վիճակում հայտնված ընտանիքներին: Ես մտածում էի, եթե մեզանից յուրաքանչյուրը փորձի փոքր-ինչ թեթևացնել մյուսի հոգսը, գուցե, կատարվողին դիմանալն ավելի հեշտ լինի… Մրգերից զարդեր պատրաստելու փորձ ունեի, բայց, քանի որ պատրաստվում էի դրանք նաև վաճառել, սկսեցի կարդալ, ուսումասիրել, թե ինչպես կարելի է դրանք ավելի դիմացկուն ու պահպանման համար առավել անվտանգ դարձնել: Արձագանքները շատ լավն էին, իսկ առաջին հարցը, որ հուզում էր բոլոր գնորդներին, այն էր, թե արդյոք կարելի՞ է ուտել դրանք»,- պատմում է Լիլիթը:

 

 

Մրգային ականջօղերի և տոնածառի խաղալիքների փորձնական խմբաքանակը սոցիալական կայքերով ներկայացնելուց հետո, բոլորովին անծանոթ մարդիկ արձագանքեցին ոչ միայն դրանք գնելու, այլև՝ միմյանց նվիրելու յուրահատուկ «չելենջով»: Յուրաքանչյուր զարդ նախ էկոփաթեթավորվում էր, ապա ամբողջանում որևէ բարեմաղթանքով.

 

 

«Ես շատ էի հուզվում, երբ մտածում էի, թե ինչպիսին կլինի մարդկանց առաջին արձագանքը, ինչպես կբացեն փաթեթավորումը, կժպտա՞ն արդյոք վրայի գրվածքը կարդալուց հետո, կհավանե՞ն զարդը, թե՞ ոչ: Բարեբախտաբար, արձագանքները շատ ոգևորող էին»,- պատմում է Լիլիթը:

 

Պատերազմի ընթացքում լրագրող Լիլիթը աշխատանքից առաջ կամ հետո շտապում էր Արցախից տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններից մեկը՝ այնտեղ ապաստանած երեխաներին հայոց լեզու և գրականություն սովորեցնելու: Ասում է՝ լրագրությունը մարդկանց օգնելու համար է, բայց պատերազմի ընթացքում մարդկանց ավելի շոշափելի, գործնականում օգնելու ցանկություն ուներ.

 

 

 

«Երբ հայտնվեցի կացարանում, հասկացա, որ երեխաներին կրթությունից զրկելը չափազանց անարդար է: Այդ օրերին ուսուցչություն անելը շատ ավելի կարևոր էր, քան իմ մյուս բոլոր գործերը, որովհետև դրա կարիքը երեխաներն ավելի շատ ունեին: Սկզբում մտածում էի կացարանում ապաստանած ընտանքիների երեխաների համար ամանորյա նվերներ պատրաստել, բայց հետո, երբ հասկացա, որ նրանց այլ աջակցողներ կան, որոշեցի օգնել նրանց, ովքեր աջակցող չունեին: Գտա երկու ընտանիքներ, որոնք, իրոք, շատ ծանր վիճակում էին հայտնվել, և մտածեցի, որ երեխաները չպետք է զրկվեն Նոր տարվա իրենց հրաշքից»,- պատմում է Լիլիթը:

Ընդամենը երկու շաբաթների ընթացքում Լիլիթին հաջողվեց սոցիալապես անապահով արցախցի երկու ընտանիքների առաջնային կարիքները հոգալու համար անհրաժեշտ գումար հավաքել: Ընտանիքներից մեկում 9 երեխա է մեծանում.

 

«Իրար օգնելու գաղափարը շատ կարևոր է, հատկապես՝ այս օրերին: Ես շատ ուրախ եմ, որ իմ գաղափարի շուրջ այդքան մարդ հավաքվեց: Նրանցից շատերը ոչ միայն զարդեր էին գնում, այլև նվերներ ու քաղցրավենիք բերում այդ ընտանքիների համար: Մեր տունը վերածվել էր փոքրիկ պահեստի»,- հիշում է Լիլիթը:

 

Նախաձեռնության ընթացքում փոքրիկ հրաշք էլ կատարվեց. Լիլիթի ընկերներից մեկը, երբ իմացել էր, թե ուր է ուղղվելու հավաքված գումարը, որոշել էր օգնել, և կես միլիոն դրամ էր հատկացրել: Այդ ընթացքում Լիլիթը ծանոթացավ շուշեցի Էրիկի հետ: Ընտանիքն ամեն ինչ կորցրել էր՝ տուն, ունեցվածք… Էրիկի հայրը, ով նաև առաջին պատերազմի մասնակից էր եղել, վիրավոր էր, 90-ականներին պատերազմի դաշտում անհետ կորել էր Էրիկի տատիկը: Այս պատերազմի ընթացքում էլ Էրիկն էր կորցրել ոտքը.

 

 

«Դեկտեմբերի 31-ին գնացի Էրիկին հյուր՝ ժամանակավոր կացարան: Այդ օրը մեր ողջ ընտանիքը հավաքվելու էր Գյումրիում. հորաքրոջս որդին էլ զոհվեց այս պատերազմում: Ես ուժ չգտա իմ մեջ՝ գնալու: Եռաբլուր էլ չեմ կարողանում գնալ: Ես մտածեցի՝ այնտեղ՝ հորաքրոջս որդու շիրիմին, ես լինելու եմ հերթական լաց լինողը: Իսկ, գուցե, մեկ ողջ մնացածի օգնողը լինելը ավելի ճի՞շտ կլինի: Մեզանից յուրաքանչյուրին այս օրերին մեր գոյությունը արդարացնել է պետք: Էրիկի ծնողներն անակնկալի եկան, երբ իրենց կացարանում Նոր տարուց ընդամենը ժամեր առաջ տեսան լրագրողի՝ ոչ թե տեսախցիկով, այլ տորթով ու կես միլիոն դրամ գումարով: Էրիկի ընտանիքի հետ մեր զրույցը ժամեր տևեց, և ես այդպես էլ Գյումրի չհասա այդ օրը»,- հիշում է նա:

 

 

Լիլիթն ասում է՝ պատերազմը մեզանից յուրաքանչյուրի համար ինքնաբացահայտման շրջան դարձավ: Մարդիկ շատ գաղափարներ ունեին, բայց, հաճախ, վախենում կամ հապաղում էին իրականացնել դրանք: Պատերազմը եկավ ասելու, որ սպասելու ժամանակ այլևս չկա: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ուժ գտնի՝ հանուն ինչ-որ մեկի, ինչ-որ գաղափարի աշխատելու համար:

 

 

Հիմա Լիլիթն ավելի շատ աշխատում է գաղափարը բրենդի վերածել: Հայաmade-ը նոր արտադրանք կառաջարկի սիրո տոներին ընդառաջ՝ մրգային չիպսեր սիրելիների համար:

 

 

Սոնա Մարտիրոսյան

 

 

 

Դիտումների քանակը` 1615

Գլխավոր էջ