Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու և Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու՝ ՀՀ վարչապետի առաջարկները: Հիշեցնենք, որ Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:
Ավելի ուշ ՀՀ նախագահը ստորագրեց կադրային փոփոխությունների վերաբերյալ հրամանագրերը, ըստ որոնց Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար, իսկ Արսեն Թորոսյանն ազատվել է նախարարի պաշտոնից: Տեղեկություններ կան, որ Թորոսյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար` փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին:
Անահիտ Ավանեսյանը 2018 թ. մայիսից զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի, իսկ 2020 թ. մայիսի 11-ից՝ առաջին տեղակալի պաշտոնը: Նա քաղաքացիական իրավունքի մասնագետ է:
Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:
2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:
Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.): 2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:
2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:
2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:
2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:
Մասնակցել է մի շարք հավաստագրված դասընթացների, մասնավորապես, 2017-ին՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում՝ «Ծրագրերի կառավարում» թեմայով, 2014-ին՝ «Ֆարմատեք» ՓԲԸ-ում՝ «Պատշաճ արտադրական պրակտիկայի (GMP) չափորոշիչների ներդրում և վերահսկում» թեմայով: 2010-ին Վարշավայում Եվրոպական դիվանագիտական դպրոցում մասնակցել է «Եվրոպական դիվանագիտություն» թեմայով դասընթացի:
Դիտումների քանակը` 1653