Պատերազմից տեղահանվածները. Մելանյայի պատմությունը

Մելանյա Մելքումյանն արդեն չորս տարի է, ինչ ապրում է Արցախում՝ ամուսնացել էր ու Երևանից Մարտակերտ տեղափոխվել: Ունի մանկահասակ դուստր, սիրող ամուսին ու լավ ընտանիք: Սակայն ինչպես  հազարավոր այլ ընտանիքների  կյանքում, այնպես էլ  իրենց կյանքում ամեն ինչ  բաժանվեց «մինչ պատերազմ և պատերազմից հետո»-ի…  Մեզ տրամադրված լուսանկարներն էլ  իր առաջվա երջանիկ կյանքից են…

 

 

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան 07.20 հենց մեր տան վերևում սկսվեց ռմբակոծությունը ԱԹՍ-ներից, մեր տունը գտնվում է դիրքերին շատ մոտիկ: Անմիջապես երեխային օրորոցից վերցրել իջել ենք առաջին հարկ, բայց ամուսինս ասաց, որ քանի որ տունը հողից ու փայտից է, ապահով չի լինի, եթե արկերով հարվածեն: Ասաց, որ գնանք գոմ, բայց հետո հասկացանք, որ այնտեղ էլ անվտանգ չի լինի ու որոշում կայացվեց, որ գանք Երևան: Ես բացարձակ ոչինչ չեմ հասցրել վերցնել ինձ հետ՝ ո՛չ երեխայի հագուստ, ո՛չ ջուր ու կաթ, ոչինչ: Երբ հասանք Դրմբոնի մոտ գտնվող Գետավան բնակավայրը, մեզանից ընդամենը մի քանի մետր առաջ, ճանապարհին «Սմերչի» արկ պայթեց՝ ուղղակի հրաշքով ենք փրկվել: Մեքենայի մեջ երկու ամսական երեխա, իմ երկու տարեկան դուստրն էր, կանայք..»,- պատմում է Մելանյան:

 

 

Այդ ճանապարհով շարունակելն այլևս անհնար էր, այդ օրը մնում են անծանոթ մարդկանց տանը, մինչև հասկանան, թե ինչ անեն հետո, քանի որ տեղեկություն են ստանում, որ Վարդենիս տանող ճանապարհը փակ է և Երևան գալու համար մնում էր միայն Գորիսով ճանապարհը.

 

 

«Մի քանի ժամ անց մեծ ռիսկով, բայց ճանապարհ ընկանք՝ երեխան սոված, սառած, քանի որ ճանապարհին էլ կանգնել անհնար էր, անընդհատ մեր գլխավերևում հրթիռներ էին: Բայց, բարեբախտաբար, անփորձանք հասանք Երևան»:

 

 

Արդեն Երևանում, առաջին շոկն անցնելուն պես, վրա հասան կենցաղային հարցերը՝ երեխայի հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագաներ և այլն: Մելանյան զանգահարում է մի կազմակերպություն, որի կամավորներն անմիջապես արձագանքում են՝ հագուստ ու կոշիկ բերում, մեծ հոգատարություն ցուցաբերում: Բացի այդ, նաև ծանոթներն ու ընկերներն են օգնում, որ մայր ու դուստր որևէ հոգս այստեղ չունենան.

 

 

«Անկեղծ՝ շատ անսպասելի էր  նման հոգատարությունն ու ուշադրությունը այդ կազմակերպության կողմից, երեխայիս ապահովեցին ամեն հնարավորով՝ հագուստ, տակդիրներ, կոշիկ, դեղորայք, ինձ նույնպես հագուստ են բերել: Բայց այս, տրամադրեցին նաև երեխայի համար հոգեբան, որովհետև աղջիկս վախեցած էր, անընդհատ լաց էր լինում առանց պատճառի: Ուշադրությունը շատ մեծ էր, անընդհատ զանգահարում ու հետաքրքրվում էին, թե ինչի կարիք ունենք,  և ես ուղղակի ապշած եմ այդ ուշադրությունից» ,- պատմում է նա՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով կամավորներին ու բոլորին, ովքեր օգնել են:

 

 

Երևանում տեղավորվել են մորաքրոջ  մեկ սենյականոց տանը, սակայն մեկ օր անց Հադրութից շուրջ 10 հոգի էլ է եկել՝ կանայք ու երեխաներ, ու բոլորով փորձել են այդ սենյակում տեղավորվել: Ասում է՝ քանի որ երեխան չար է և այդ տարիքի երեխաներին բնորոշ առանձնահատկություններով, ինչը բարդացնում է այդքան մարդով մի սենյակում ապրելը, Մելանյան դիմում է կազմակերպությանը, որպեսզի, հնարավորության դեպքում, իրեն տեղավորեն որևէ հյուրանոցում: Այդպես տեղափոխվում է Ծաղկաձորի հանգստյան տներից մեկը, որտեղ ընդունում են արցախցիներին, սակայն երեկոյան, երբ անձնագիրն են ուզում գրանցման համար, իրեն ստիպում են լքել տարածքը, քանի որ իր անձնագրում  գրանցման վայրը նշված է Հայաստանի Հանրապետություն՝ ամուսնանալուց հետո չի հասցրել գրանցումը փոխել.

 

 

«Երեկոյան ժամը 9-ն է, ես խնդրում եմ, որ մնամ մինչև առավոտ, նոր դուրս գամ  հյուրանոցից, սակայն ինձ պարտադրում են, թե դա Ծաղկաձորի քաղաքապետի հրահանգն է: Հարցնում եմ՝ ես ապրում եմ Արցախում, սա իմ ՔԿԱԳ վկայականն է, որում իմ ամուսնու տվյալներն են, եթե ես ՀՀ գրանցում ունեմ, ապա ի՞նչ, փախստական չե՞մ: Բայց  որևէ կերպ չի ստացվում, ինձ պարտադրում են, որ ես դուրս գամ ու գիշերով երկու տարեկան երեխայի հետ դուրս են հանում Ծաղկաձորից: Այսինքն, միայն այն պատճառով, որ ես ՀՀ գրանցում ունեմ, ես զրկվում էի շատ բաներից, իմ երեխան էլ, փաստորեն,  տուժած չի համարվում»,- պատմեց նա:

 

 

Պետությունից այս ընթացքում երկու անգամ է աջակցություն ստացել՝ գրանցվել է թաղապետարանում և երկու անգամ չոր սնունդ են բերել: Օգնության առյուծի բաժինը, կրկնեց նա, կամավորական նախաձեռնություններինն է՝ ամեն ինչով, ամեն կերպ:  Իսկ Արցախի իշխանություններից որևէ բան չեն ստացել, բացարձակ ոչինչ:

 

 

Ինչ վերաբերում է ՀՀ կողմից աջակցության ծրագրին, ապա երբ  վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում գրեց, թե Արցախից տարհանված յուրաքանչյուր անձ ստանալու է 68 հազար դրամ, ընդամենը երկու օր անց Մելանյան պարզեց՝ դա այդքան էլ այդպես չէ, դեռ հակառակը.

 

 

«Պարզվեց, որ ամենևին էլ յուրաքանչյուր անձ, որ տարհանվել է Արցախից, չի կարող այդ աջակցությունից օգտվել, քանի որ կան բազմաթիվ սահմանափակումներ: Կոնկրետ մեր դեպքում ստացվում է, որ մինչև իմ ամուսինը ռազմաճակատում է, իսկ ես այստեղ երեխայիս հետ, ես դադարում եմ լինել այն, ինչ իրականում կամ՝ ես էլ, երեխան էլ զրկվում ենք այդ 68 հազար դրամից, այդ գրոշներից… ասում են՝ նամակ գրեք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ներկայացրեք իրավիճակը, գուցեև մի օգուտ լինի… սա հեգնանքի, ծաղրանքի, նվաստացման հերթական դրսևորում է, որ մենք պետք է ապրենք այսքան հոգեկան, ֆիզիկական տառապանքներից հետո՝ այս ընթացքում ես բազմաթիվ բարեկամ, հարազատ ու ծանոթ եմ կորցրել պատերազմում, կորուստները շատ-շատ են»,- նեղսրտած պատմում է մեր զրուցակիցը:

 

 

Երեխային, այդուհանդերձ, հասնում է միանվագ դրամական աջակցություն, այս պահին նա լրացրել է հայտը ամուսնու անձնագրով, որովհետև Արցախի հաշվառում չունի, բայց դե դա էլ խնդիր է առաջ քաշել, քանի որ պահանջում են պարտադիր ամուսինը ստանա, ով այս պահին էլ զինծառայության մեջ է: Այնպես որ, կրկնեց մեր զրուցակիցը, ինքն ուղղակի չգիտի, թե ինչ անի ու ինչու այդքան ցավ ու խնդիր տեսնելուց հետո սա էլ պետք է քաշեն ինքն ու իր նման տասնյակ մարդիկ:

 

 

Ինչ վերաբերում է Արցախ վերադառնալուն….. իրենց գյուղը՝ Մարտակերտը, մնացել է հայերին, բայց մորական գյուղը՝ Հադրութի Մեծ թաղերը, որտեղ նաև տատիկի տունն է, կորցրել են: Սա, ասում է, իրական ողբերգություն է և թե՛ մայրը, թե՛ մորաքույրները շատ ծանր են տանում այս իրողությունը՝ ամեն օր լաց են լինում, բայց դե հասկանում են, որ հետ բերել այդ ամենը հնարավոր չի:

 

 

«Այս պահին էլ շարունակում ենք մնալ Երևանում, ամուսինս ՝  ՊԲ-ում, խիստ անորոշ վիճակ է: Ւնքը հասցրել է տան ջարդուխուրդ եղած դռները, պատուհանների ապակիները մի կերպ վերականգնել, կողպեքներ է դրել․․․․բայց երեխայի հետ այնտեղ ապրելու համար շա՜տ վտանգավոր է, բացի այդ կան նաև կոմունալ խնդիրներ՝  լույսը օրական մի երկու ժամով են տալիս, կապ  չկա, գազի մատակարարումը չի վերականգնվել, հացի փռերը չեն աշխատում, խանութներից մի երկու խանութ է ընդամենն աշխատում ամբողջ Մարտակերտում: Բնականոն կյանքը խաթարված է, ու դեռ երկար ժամանակ սենց խաթարված էլ կմնա, իսկ թուրքերը կարող են մեքենայով մտնել քաղաք, իբր մոլորվել են, կամ մտնել տեղի սուպերմարկետը առևտուր անել ու հանգիստ դուրս գալ․․․ Ամեն ինչ փոխվել է ու չգիտես այսպես ո՞ւր»,-  ասում է  Մելանյան:

 

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 1542

Գլխավոր էջ