«Մենք խաղաղություն ենք ուզում». արցախցի կանայք ու երեխաները շարունակում են  բողոքի ակցիաները  

Խաղաղ բնակչության նպատակաուղղված հրետակոծությունների պատճառով Արցախից տեղահանված և  Երևանում ապաստան գտած արցախցի կանայք իրենց երեխաների հետ այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել  ՀՀ-ում Եվրոպական միության գրասենյակի դիմաց: Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավել նրանք իրենց բողոքի ձայնն են հնչեցնում Հայաստանում հավատարմագրած դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների դիմաց՝ պահանջելով չլռել և համարժեք գնահատական տալ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:

 

 

«Իրենք իրենց լռությամբ հենց իրենց օրենսդրությունն ու հռչակած արժեքներն են խախտում։ Եվ մենք ակցիաների ժամանակ ասում ենք՝ ուր են ձեր արժեքները, իրավական նորմերը, որ պետք է գործեն Արցախում, ինչո՞ւ չեն հասնում Արցախում։ Այդ բոլոր նորմերը պետք է գործեն հանուն մարդու իրավունքների պաշտպանության, հանուն այն խաղաղասիրության, մարդասիրության, որոնց կրողն են այդ կառույցները»,- ասում են  արցախցի կանայք։

 

 

Ակցիայի մասնակիցները տեղեկացրեցին, որ ԱՄՆ դեսպանին նույնպես նամակ են փոխանցել։ Ասում են  կսպասեն մեկ շաբաթ, եթե նամակի պատասխանն ուշանա, նորից կգնան ԱՄՆ դեսպանատուն։

 

 

«Այս պահին հայտարարաված հրադադարն արդեն խախտվում է, աշխարհը պետք է լսի արցախցի մոր, կնոջ ձայնը, սա խաղաղ ցույց է, որտեղ մենք ուզում ենք լսելի դարձնել, որ Արցախում ապրում են մարդիկ, ովքեր ունեն իրավունքներ։ Եվ մենք այդ իրավունքների իրացում ենք պահանջում»,- ասացին նրանք։

 

 

Հայաստանում  ԵՄ ներկայացուցչության դիմաց հավաքված կանայք պահանջում էին հանդիպում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, որին նախատեսում են հանձնել արցախցի կանանց նամակը:

 

 

Հավաքվածները վանկարկում էին.  «Ճանաչեք Արցախի  անկախությունը», «Կույր մի եղեք», «Մենք խաղաղություն ենք ուզում» …

 

 

«Մենք պահանջում ենք, որպեսզի պատժամիջոցներ կիրառեք Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, պահանջում ենք, որպեսզի հավասարության նշան չդնեք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Արցախում և, որպեսզի մենք ունենանք ապրելու ու արարելու իրավունք՝ մեր հողում: Պահանջում ենք նաև, որպեսզի ԵՄ-ն նույնպես չլռի»,- ընդգծեց ակցիայի մասնակիցներից  Իրինա Սաֆարյանը։

 

 

«ԵՄ-ից մենք պահանջում ենք, որպեսզի Արցախի հարցը չդիտարկվի տարածքային ամբողջականության համատեքստում: Տարիներ շարունակ մեզ ցեղասպանել են, կոտորել ու մորթել, նույնը կրկնվում է այսօր: Ձեր լռությունը հանցավոր մասնակցություն է այս ամենին… Այսօր Արցախում պատերազմ է գնում  հայերի և ահաբեկիչների դեմ , և դուք եք ընտրում ում կողմից եք»,- հայտարարեց ակցիայի մասնակից Լիանա Ադամյանը։

 

 

ԵՄ գրասենյակի անվտանգության աշխատակիցը տեղեկացրեց, որ համավարակի պատճառով գրասենյակում բացի անվտանգության աշխատակիցներից, այլ մարդիկ չկան։ Բողոքի ակցիա անողներին հորդորեցին կա՛մ նամակը հանձնել, կա՛մ էլ վաղը ժամը 11-ին երեք անձով մոտենալ գրասենյակ, որպեսզի որևէ մեկն ընդունի իրենց։

 

 

Դիտումների քանակը` 1611

Գլխավոր էջ