Մեկնարկում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ հանրային քննարկումները
ՀՀ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը, հիմք ընդունելով 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը եւ դրա հիման վրա ներկայացված ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը , վերսկսում է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հանրային քննարկումների՝ համավարակի պատճառով ընդհատված շարքը՝ այս փուլում դրանք կազմակերպելով առցանց եղանակով:
Հանրային քննարկումներին մասնակցելու եւ իրենց առաջարկությունները ներկայացնելու համար հրավիրվում են Հայաստանի արտախորհրդարանական կուսակցությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, փորձագետները եւ բոլոր հետաքրքրված անձինք:
Գրավոր առաջարկներ կարող են ներկայացվել electoralreform@parliament.am հասցեով, իսկ քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:
Աշխատանքային խմբի համակարգող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի փոխանցմամբ՝ նախագիծը ամենայն հավանականությամբ լիագումար նիստերի օրակարգ կբերվի գարնանային նստաշրջանին։ Փաթեթի համար հիմք կհանդիսանա 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը և դրա հիման վրա ներկայացված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որոնք սակայն չընդունվեցին այն ժամանակվա Ազգային ժողովի կողմից, հետևապես դրան հաջորդած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցան գործող Ընտրական օրենսգրքով: Նախատեսվում են մի քանի նման քննարկումներ, առանձին թեմաներով։
Ժամանակացույցի համաձայն քննարկվելու են հետևյալ թեմաները.
- Օգոստոսի 11, Նախընտրական քարոզարշավ, քարոզարշավի ֆինանսավորում, վարչական ռեսուրսի չարաշահման արգելք (Ընտրական Օրենսգրքի Գլուխ 4 եւ Գլուխ 5 )
- Օգոստոսի 14, Համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հատուկ միջոցառումներ (Գլուխ 4, Գլուխ 10 եւ Գլուխ 11)
- Օգոստոսի 18, Ընտրողների ցուցակներ, տեղամասեր եւ դրանց մատչելիություն, շրջիկ քվեարկություն (Գլուխ 2 եւ Գլուխ 3)
- Օգոստոսի 21, Ընտրական վարչարարություն, դիտորդներ, ԶԼՄ-ներ, վստահված անձինք, այցելուներ (Գլուխ 6, Գլուխ 7, Գլուխ 8 եւ Գլուխ 9)
- Օգոստոսի 25, ԱԺ ընտրակարգ (Բաժին 4, Գլուխ 13-18)
Աշխատանքային խմբում ներգրավված են խորհրդարանի երեք խմբակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ։ Համազասպ Դանիելյանի դիտարկմամբ, օնլայն քննարկումները ավելի մեծ թվով քաղաքացիների են մասնակցության հնարավորություն տալիս:
Աշխատանքային խումբը փոփոխություններ է առաջարկելու նաև կուսակցությունների մասին օրենքում, այս նախագիծը հույս ունեն ավարտական տեսքի բերել աշնանային նստաշրջանում։
«Այդ փոփոխություններով մենք բոլոր նախադրյալներն ենք ստեղծելու, որ կուսակցությունները դառնան ավելի թափանցիկ, կուսակցությունները դառնան առանձին բիզնեսներից պակաս կախված, որովհետև օրինակ՝ նաև նախատեսում ենք ֆինանսավորման կարգավորումները փոխել և ըստ էության արգելել ենք իրավաբանական անձանց կողմից նվիրատվությունների կատարումը», – նշեց Համազասպ Դանիելյանը:
Քննարկվող նախագծի նախնական տարբերակը արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով կարծիքի համար և այժմ ստացած առաջարկների վրա են աշխատում։ Նախագծով կուսակցությունների պատշաճ հայտարարագրման և այլ գործընթացների համար որպես վերահսկող մարմին է սահմանվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Կարդացեք 2018-ին տեղի ունեցած քննարկումների մասին մեր կայքում.
«Հայեցակարգն երաշխավորում է Ազգային ժողովում կանանց ներկայացվածության 30 տոկոսը»
Ինչպիսի՞ քվոտա է առաջարկվում Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգով
Պատգամավորներն առաջարկում են կիրառել 33%-անոց քվոտան արտահերթ խորհրդարանական ընտրություններում
Կառավարական հանձնաժողովը հակված է կյանքի կոչել 30/70 համամասնությունը սահմանող քվոտան
«Քվոտան պետք է բարձրանա». քննարկում կառավարությունում ընտրական բարեփոխումների շուրջ
Բաց նամակ ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ
«Բաց ցուցակները կանանց մասնակցության ամենամեծ խոչընդոտն են»
Միացե՛ք. Բաց նամակ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ
Դիտումների քանակը` 684