Ուղիղ 25 տարի առաջ  այս օրերին ընդունվեց Պեկինի Գործողությունների ծրագիրը

 

 25 տարի առաջ  ՝  1995-ին սեպտեմբերի 4-15-ը  ավելի քան 17 հազար պաշտոնական պատվիրակներ և  30 հազար քաղաքացիական հասարակության ակտիվիստներ 189 երկրներից  մասնակցում էին Պեկինում կայացած ՝ Կանանց հարցերով  4-րդ համաշխարհային խորհրդաժողովին:  

 

 

Հայաստանից 26 կին էր մասնակցում խորհրդաժողովին` պաշտոնական պատվիրակության 8 անդամներ և ոչ կառավարական կազմակերպությունների 18 ներկայացուցիչներ:

 

 

Ի դեպ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն այն եզակի հոգևորականներից էր, որ այդ օրերին ուղերձ էր հղել խորհրդաժողովի մասնակիցներին` նշելով, որ անարդարությունները պետք է շտկվեն, և կանայք Աստծո և Արարչի առջև հավասար են տղամարդկանց:

 

 

Խորհրդաժողովի մասնակից 189 պետություններն, այդ թվում Հայաստանը, պարտավորություններ ստանձնեցին միաձայն ընդունված Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի շուրջ: Գործողությունների ծրագիրը մինչ օրս ամենաընդգրկուն և հիմնարար համաձայնագիրն է համարվում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման և գենդերային հավասարության ձեռքբերման ոլորտում: Փաստաթղթի ծավալն ու  խիստ համակարգված կառուցվածքն ինքնին  տպավորիչ են.  12 ոլորտներ և յուրաքանչյուրի շրջանակում՝ իրավիճակի վերլուծություն, ռազմավարական նպատակների նախանշում և դրանց ուղղությամբ  գործողությունների հանձնարարականներ՝ հասցեագրված կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը և այլ պատասխանատու մարմիններին:  Փաստաթղթի հայերեն թարգմանությունը, ցավոք, միայն կրճատ տարբերակով է հասանելի:  

 

 

Ըստ էության, հենց Պեկինի Գործողությունների ծրագրով է շրջանառության մեջ դրվել կանանց ու տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների բանաձևը, որը կոչված էր վերացնելու կանանց հռչակված իրավունքների և դրանց արդյունավետ իրացման հարցում առկա խզումը:

 

 

Հետպեկինյան գործընթացների շրջանակներում հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների բանաձևը՝ իր հաստատումը գտնելով բոլոր հետագա ծրագրային փաստաթղթերում, համալրվեց նաև հավասար արդյունքի կոնցեպտով:

 

 

Դեռ անցյալ տարվա մայիսին ՄԱԿ-Կանայք կառույցն ազդարարեց Պեկին + 25 գործընթացի մեկնարկը, որի շրջանակում ողջ աշխարհում պետություններն ու ոչ կառավարական կազմակերպությունները կամփոփեն անցած 25 տարվա ընթացքում Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև կնախանշեն նոր մարտահրավերները և հետագա անելիքները: Պեկին + 25 գործընթացի կարգախոսն է՝ «Հավասարության սերունդ. իրագործենք կանանց իրավունքները հավասար ապագայի ակնկալիքով» /Generation Equality: Realizing women’s rights for an equal future:

 

 

 

 

Հիշեցնենք, որ ողջ աշխարհում սկիզբ առած Պեկին+25 գործընթացի շրջանակում Հայաստանն առավել քան ակտիվ դերակատարում ունի, քանի որ 2020-2021թթ․ նախագահող երկիր է  ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում, որը վերահսկող մարմին է հանդիսանում Պեկինի Գործողությունների ծրագրի իրականացման հարցերում:

 

 

Հայաստանը նաև ընտրվել է Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 25-րդ տարելիցի համատեքստում ձևավորված  «Հավասարության սերունդ» ֆորումի վեց գործողությունների կոալիցիաներից մեկի ՝ «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի  առաջնորդ երկիր:   «Հավասարության սերունդ»   ֆորումը, որը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականին Մեխիկոյում և Փարիզում,  կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղափոխվել է հաջորդ տարի և անցկացվելու է 2021 թվականի առաջին կեսին:

 

 

Նշենք, որ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի  64-րդ նստաշրջանը, որը  Պեկին + 25 գործընթացի առանցքային միջոցառումներից մեկն է,  այս տարի անցավ օն-լայն տիրույթում:  Նախատեսվում էր անցկացնել  64-րդ նստաշրջանը մարտի 9-20-ը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ընդ որում նստաշրջանը պետք է հյուրընկալեր անդամ պետությունների և ոչ կառավարական կազմակերպությունների մոտ 12 հազար ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից: Սակայն հանձնաժողովի կազմկոմիտեն՝ վկայակոչելով COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ կապված վտանգները, որոշում կայացրեց կրճատել  64-րդ նստաշրջանի միջոցառումները և դրա փոխարեն  անցկացնել  մեկ ընթացակարգային հանդիպում մարտի 9-ին: Նախատեսված բազմաթիվ հարակից և զուգահեռ միջոցառումները չեղարկվեցին:

 

 

Նստաշրջանում ընդունվեց Քաղաքական հռչակագիր, որով անդամ պետությունները, վերահաստատելով Պեկինի Գործողությունների ծրագիրն իրականացնելու քաղաքական կամքը, ընդունել են, որ ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք էլ ավելի համակարգված և ուժեղացված ջանքեր ու գործողություններ են պահանջելու առաջիկայում:  Հռչակագիրը վերահաստատում է նաև, որ գենդերային հավասարությունը և բոլոր կանանց և աղջիկների հզորացումը կարևոր դեր կխաղան Կայուն զարգացման բոլոր նպատակների առաջընթացի հարցում, ինչը հատկապես արդիական է մինչև 2030 թվականը գլոբալ նպատակների իրականացմանն ուղղված ՄԱԿ-ի Գործողությունների տասնամյակի (2020 – 2030) նախաշեմին:

 

Առաջիկայում սպասվում է  Պեկինի Գործողությունների ծրագրի 25-ամայակին նվիրված բարձր մակարդակի հանդիպում համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ: Այն տեղի կունենա հոկտեմբերի 1-ին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 75-րդ նստաշրջանի շրջանակներում: Հանդիպմանն ընդառաջ   ՄԱԿ-ը փաստում է , որ այսօր՝  25 տարի անց  աշխարհի ոչ մի երկրի այդպես էլ չհաջողվեց մոտենալ Պեկինի հռչակագրում և Գործողությունների ծրագրում  ամրագրված սկզբունքների լիարժեք իրականացմանը:

 

 

«Պեկինի Գործողությունների  ծրագիրը իրականացվել է միայն մասամբ: Մենք դեռ ապրում ենք մի աշխարհում, որտեղ գերակշռում են տղամարդիկ,  մեր մշակույթը դեռ տղամարդկային է, և այս իրավիճակը պետք է փոխվի», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

 

 

ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր երկրներին ակտիվացնել իրենց ջանքերը Պեկինի հռչակագրի սկզբունքները կյանքի կոչելու համար և հնարավոր ամեն ինչ անել կանանց և աղջիկների վիճակը բարելավելու համար:  

 

Թեև COVID-19-ի հետ կապված մարտահրավերների պայմաններում Պեկին+25 գործընթացի շրջանակում նախատեսված միջոցառումների մի մասն անցկացվում է առցանց եղանակով, կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը շարունակում է մնալ համաշխարհային օրակարգի առաջնահերթությունների շարքում:

 

 

***

 

 

Ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը 

 

«ՀԱՎԱՍԱՐ» տեղեկագրի հատուկ թողարկումը

 

 

Այն  նվիրված է այս տարի ողջ աշխարհում նշվող կանանց իրավունքների տեսակետից նշանակալի իրադարձությանը՝  1995-ին Պեկինում կայացած Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային խորհրդաժողովում ընդունված Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի  25-ամյակին:

 

  Տեղեկագրի այս համարը   պատրաստվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի գործընկեր՝ ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Հավասարության սերունդ» ֆորում.  Հայաստանն ընտրվեց «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր

«Աշխարհը չի կարող այդքան քիչ կին ունենալ իշխանության մեջ». զեկույց

Հայաստանը ներկայացրեց Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը

Պեկին+ 25. «Կանանց իրավունքների ոլորտում առաջընթացն այնքան էլ հեռուն չի գնացել»

Մարտի 8-ի կարգախոսը՝ «Ես հավասարության սերունդն եմ. իրագործե՛նք կանանց իրավունքները»

Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը կորոնավիրուսի պատճառով մեկ օր տևեց

 

Դիտումների քանակը` 1472

Գլխավոր էջ