Խաշթառակում դաժան ծեծի ենթարկված փոքրիկը մահացավ. ո՞վ է մեղավոր
Հայաստանը ցնցեց հերթական դաժան դեպքն երեխայի նկատմամբ բռնության․ հիշու՞մ եք գյումրեցի աղջկան, ում հազիվ փրկեցին։ Այն ժամանակ էլ աղմուկ բարձրացավ, ասացին-խոսեցին, քննադատեցին, քննադատեցին նույնիսկ երեխային, քննարկեցին, բարձրաստիճան պաշտոնյաները գնացին-եկան, հետո ամեն ինչ կորավ աղմուկի մեջ…
Կես տարի անց՝ նոր դեպք, այս անգամ՝ մահվան ելքով։ Նախաքննության տվյալներով Խաշթառակում բնակվող ընտանիքի 7 երեխաներից 2-ը դաժանաբար ծեծի են ենթարկվել, ինչի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ երեխաներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Հիվանդանոց են տեղափոխվել նաև ընտանիքում ապրող մյուս երեխաները, ովքեր , ինչպես պարզվեց, թունավորվել են մկնդեղով և նույնպես պարբերաբար ենթարկվել են բռնության: Անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս հասցնելու մեղադրանքով ձերբակալվել է երեխաների 57-ամյա պապը , քրեական գործ է հարուցվել նաև նրա 28-ամյա դստեր նկատմամբ, ով մահացած երեխայի հորաքույրն է…
Մինչ բոլորի զայրույթի սայրն ուղղված է երեխաներին ծեծի ենթարկած կնոջն ու ընտանիքի մյուս անդամներին, որոնց հոգեկան առողջությունը լուրջ կասկածի տակ է, հարց է ծագում․ իսկ ու՞ր էին սոցիալական աշխատողները, մարզպետարանի աշխատակիցները, խնամակալության և հոգաբարձության մարմինների ներկայացուցիչները, համայնքապետը վերջապես։
Այսօր մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ բազմանդամ ընտանիքում բնակվող չափահասներից առնվազն 3-ն ունեն հոգեկան առողջության խնդիրներ, ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում, մահացած երեխայի մայրը հաշվառված է հոգեբուժարանում… Բնականաբար, պատկան մարմինները, մարզպետարանի համապատասխան աշխատակիցները չէին կարող չիմանալ ընտանիքում տիրող իրավիճակի մասին, իսկ եթե չեն իմացել, ուրեմն ավելի վատ, ուրեմն լավ չեն աշխատում, թերացել են աշխատանքը կատարելիս։ Սակայն խոսքը միայն իրենց մասին չէ, որովհետև ամենահեշտ ճանապարհը տեսանելի մեղավորներ փնտրելն ու գտնելն է, և անշուշտ կգտնվի որևէ փոքր պաշտոն զբաղեցնող պատասխանատու, ում հասարակությունն ու ավելի բարձրաստիճան պաշտոնյաները կմեղադրեն անգործության համար, կմեղադրեն ու գուցե հեռացնեն աշխատանքից …
Եթե անկեղծ լինենք․երեխայի մահվան մեջ մեղավոր է ոչ միայն երեխային ծեծողը ու անգործություն ցուցաբերած պատկան մարմինները, այլ նաև համայնքը, որտեղ ապրել են այս երեխաները։ Այսօր, երբ մի փոքրիկ մարմին պետք է հողին հանձնվի, արդյոք չե՞ն տեսնում փոքրիկի մահվան մեջ իրենց մեղքի չափաբաժինը համայնքի այն բնակիչները, չափահաս կանայք ու տղամարդիկ, ովքեր պատմում ու հարցազրույցներ են տալիս, թե երեխաներն ինչ անմարդկային պայմաններում են ապրել… Մինչդեռ հանցագործությունը տեսնելն ու լռելը, դրան լուռ հետևելը նույնպես հանցանք է, անտարբեր լինելն այս դեպքում հանցակցություն է… Ցավոք, ևս մեկ անգամ համոզվում ենք, որքան հանդուրժող է մեր հասարակությունն ընտանիքում բռնության նկատմամբ․ դե մի մուշտի է տվել, էլի, ինչ պետք է լինի…
Հիմա,երբ արդեն դեպքը եղել է, արդյոք բավականաչա՞փ լայն ենք բացել մեր աչքերը՝ տեսնելու համար մեր կողքին ապրող այն երեխաներին, որոնց բռնության են ենթարկում, և որոնց մենք մերը չենք համարում, այլ ուրիշինը, և եթե ուրիշինն է, ինչ ուզում է, թող լինի… Հարևանները, համայնքը անշուշտ տեսել են ինչ պայմաններում են ապրել երեխաները, ինչ են արել այդ ընտանիքում երեխաների հետ, չէ որ համայնքն ամենատես աչք է հատկապես գյուղական միջավայրում, և եթե իսկապես ուզենային երեխային փրկել, կփրկեին, միջոցներ կգտնվեին… Ընտանիքը հյուրընկալվել է նաև «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուին, հազարավոր մարդիկ դիտել են նրանց մասին հաղորդումը։ Այսինքն խնդրի, ընտանիքի մասին չիմանալ պարզապես չէին կարող, անհնար է… Եվ ինչ է ստացվում․ մարդկային ողբերգությունները պարզապես թամաշա՞ են, ռեալիթի շոու, որ նայում են ժամանցի նպատակով և չեն մտահոգվում լուծումներ գտնելով…
Իրականում խնդիրը միայն Խաշթառակ համայնքը չէ, այն ավելի խորքային է և վերաբերում է ողջ հասարակությանը, որը շարունակում է համառորեն պնդել, թե հայ ընտանիքներում չկա բռնություն և դեմ է դուրս գալիս այն օրենքների, որոնք կարող են փրկել ահա այպիսի երեխաների։
Կարծում եմ, եթե աշխարհում կա այնպիսի մի օրենք, որ կկանխի գեթ մեկ երեխայի մահ, կկանխի գեթ մեկ երեխայի դառը արցունք, օր առաջ պետք է ընդունել այս օրենքը, որովհետև դավադրության բոլոր տեսություններն ի չիք են լինում, երբ բռնության զոհ է դառնում երեխան… Իսկ կա՞ այլ լուծում, քան օրենքն է։ Ցավոք, տեսնում ենք, որ պատկան մարմինն անգործ է, շրջապատն անտարբեր, համայնքի ամենատես աչքը որպես կանոն միայն թամաշա է անում, ինտրիգներ փնտրում, արդյունքում խնդիրը ոչ ոք չի լուծում… Իրականում այն չի լուծվում նաև եղած օրենքներով, որոնք, ըստ էության, չեն պաշտպանում երեխային բռռնությունից, այլապես 7 երեխա մեկ օր անգամ չէին ապրի այն պայմաններում, որում ապրել են։ Հետևաբար, գուցե արժե փորձե՞լ հստակեցնել ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը՝ փրկելով ընտանեկան ողբերգությունների շղթայում ամենաթույլ օղակը հանդիսացող բազմաթիվ երեխաներին… Միայն թե չմոռանանք, որ այսօրվա անտարբերությունը վաղը կարող է մեկ այլ խեղված ճակատագրով երեխայի կյանք արժենալ…
Մարիամ Մուղդուսյան
Դիտումների քանակը` 1566