ՄԻՊ-ը դիմել է նախարարին՝ դպրոցներում երեխաների դիմակ կրելու և այլ պահանջների առնչությամբ
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ դիմում-բողոքներ է ստացել աշակերտներից և նրանց ծնողներից՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու և դպրոցներում երեխաների դիմակ կրելու հայտարարված պահանջի առնչությամբ:
Հաշվի առնելով այդ բողոքները, ինչպես նաև սոցիալական մեդիայում տեղ գտած մտահոգությունները՝ դպրոցներում դասերի կազմակերպման վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու և նաև երեխաների իրավունքների ապահովման նկատառումով մշտադիտարկում իրականացնելու նպատակով, Մարդու իրավունքների պաշտպանը մի շարք հարցադրումներ է ուղարկվել ԿԳՄՍ նախարարություն:
Նախ, Նախարարությունից պահանջվել են դպրոցներում դիմակ կրելու հետ կապված իրավական կարգավորումները կամ ընդունված այլ փաստաթղթեր, ինչպես նաև այնպիսիք, որոնք վերաբերում են սահմանված պահանջների բնույթին ու այդ պահանջներից հնարավոր բացառություններին:
Ուղարկված հիմնական հարցադրումներից են նաև՝
- արդյո՞ք դպրոցներում դասերի ընթացքում դիմակ կրելու պարտադիր պահանջը վերաբերելու է նաև ուսուցիչներին.
- ո՞վ է իրականացնելու վերահսկողությունը դպրոցում երեխաների, ինչպես նաև ուսուցիչների կողմից դիմակ կրելու պահանջի պահպանման նկատմամբ և ինչպե՞ս է դա իրականացվելու՝ ինչպես դասերի ընթացքում, այնպես էլ ընդմիջումների ժամանակ: Նույն հարցադրումն արվել է նաև համաճարակային մյուս կանոնների պահպանման առնչությամբ (ձեռքերի ախտահանում և այլն).
- դասերի ընթացքում դիմակ կրելու պահանջը սահմանելուն ի՞նչ մասնագիտական, այդ թվում՝ մանկավարժական ու բժշկական քննարկումներ կամ ուսումնասիրություններ են նախորդել և ի՞նչ արդյունքներ են դրանք ունեցել.
- դասերի ընթացքում երեխաների դիմակ կրելու պահանջը սահմանելիս միջազգային ի՞նչ պահանջներ կամ փորձ է հիմք ընդունվել, արդյո՞ք իրականացվել են այդպիսի ուսումնասիրություններ.
- արդյո՞ք առաջանալու են իրավական հետևանքներ այն երեխաների նկատմամբ, ովքեր չեն պահպանում դիմակ կրելու պահանջը, եթե այո, ապա ի՞նչ հետևանքների կամ, օրինակ, պատասխանատվության միջոցների մասին է խոսքը, և կոնկրետ ու՞մ նկատմամբ են դրանք կիրառվելու.
- ի՞նչպես է ապահովվելու այն երեխաների կրթության իրավունքը ովքեր դիմակ չեն կրում կամ չեն պահպանում դիմակ կրելու պահանջը.
- արդյո՞ք դպրոցներում երեխաներին տրամադրվելու են դիմակներ կամ արդյո՞ք դա պարտավոր են լինելու ապահովել ծնողները: Այս առնչությամբ, Պաշտպանն արձանագրում է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին, մասնավորապես՝ հաշվի առնելով այն, որ դասերն անցկացվելու են 6-օրյա աշխատանքային ռեժիմով, ինչպես նաև առկա է օրվա ընթացքում որոշակի հաճախականությամբ դիմակները փոխելու անհրաժեշտություն: Հաշվի առնվելու՞ են, օրինակ, դիմակների տեսակները, որոնք երեխան կրում է.
- արդյո՞ք նախատեսվելու են դասերի ընթացքում դիմակ կրելու պարտադիր պահանջից բացառություններ՝ հիմք ընդունելով, օրինակ, երեխայի առողջական վիճակը և նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այս հարցը լուծվելու է ընդհանուր կարգավորումների ուժով, թե առկա են հատուկ կարգավորումներ նախատեսված երեխաների համար.
- դիմակ կրելու պարտադիր պահանջի սահմանման պայմաններում արդյո՞ք հաշվի են առնվել հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության հարցը, օրինակ, ներառական կրթություն ապահովող դպրոցներում: Օրինակ, այդպիսի հարց է առաջ գալիս՝ կապված լսողական խնդիրներ ունեցող երեխաների հետ, որոնց հաղորդակցությունը տեղի է ունենում ժեստերի լեզվի, այդ թվում՝ առավել հաճախ հենց դիմախաղի միջոցով.
- ինչպե՞ս են կազմակերպվելու ընդմիջումները:
Հարցադրումները ներառում են նաև հարցեր, որոնք վերաբերում են համաճարակային այլ կանոնների պահպանման կազմակերպմանը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Դպրոցների վերաբացմանն ընդառաջ. հարցեր, որոնց պատասխաններն անորոշ են
Աշխարհում 5 դպրոցներից 2-ում լվացարաններ չկան, իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանու՞մ …
ՄԻՊ-ը դիմել է նախարարին՝ դպրոցներում երեխաների դիմակ կրելու և այլ պահանջների առնչությամբ
Առաջնագծում նաև ուսուցիչներ են…
Դիտումների քանակը` 1419