Լույս է տեսել Հայաստանում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի իրականացման մասին տեղեկատվական գրքույկը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանայք, խաղաղություն և անվտանգություն N1325 բանաձևի 20-ամյակին ընդառաջ լույս է տեսել այս թեմայով Հայաստանի Հանրապետության գործողությունների առաջին ազգային ծրագիրը ներկայացնող տեղեկատվական գրքույկը: Այս մասին հաղորդագրություն է տեղադրվել ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:
Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի իրականացումը ապահովում է կանանց մասնակցության խթանումը հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և վերականգնման գործընթացներում: Այս թեմայով գործողությունների ազգային ծրագիրը կարևոր գործիքակազմ է, որը պետությանը հնարավորություն է տալիս իրականացնել 1325 բանաձևի դրույթներն ու նպատակները:
Խաղաղության, անվտանգության և մարդու իրավունքների հարցերը Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի կարևոր բաղադրիչներից են:
Ազգային ծրագիրն անդրադառնում է նշված բոլոր ուղղություններին` դիտարկելով դրանք մարդու իրավունքների համընդհանրության համատեքստում, կարևորում է կանանց ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում, ուշադրություն է հրավիրում կոնֆլիկտային գոտիներում բնակվող բնակչության հարցերին, լուծման մեխանիզմներ է առաջարկում հակամարտության ազդեցությունը կրած բնակչության անվտանգության և մարդու իրավունքների ապահովման համար:
Գրքույկին կարելի է ծանոթանալ այստեղ
***
Հիշեցնենք, որ 20 տարի առաջ՝ 2000-ի հոկտեմբերի 31-ին ընդունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևը , որը կոնֆլիկտների կանխարգելման և կարգավորման գործում կանանց դերը կարևորող առաջին բանաձևն էր:
Այն կոչ է անում.
- Բարձրացնել կանանց ներկայացվածությունը և ապահովել նրանց առավել ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման բոլոր մակարդակներում, կոնֆլիկտների լուծման և խաղաղ բանակցային գործընթացներում,
- Ուշադրություն հրավիրել կանանց և աղջիկների հատուկ կարիքների հանդեպ զինված հակամարտությունների ժամանակ,
- Հաշվի առնել գենդերային ասպեկտը վերականգնողական գործընթացներում և հետկոնֆլիկտային շրջանում,
- Ներառել գենդերային տեսակետը ՄԱԿ-ի աշխատանքների մեջ, Գլխավոր Քարտուղարի հաշվետվողականության մեջ և Անվտանգության Խորհրդի առաքելության մեջ,
- Հաշվի առնել գենդերային տեսակետը խաղաղասիրական գործողություններում և ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մեջ, ապահովել գենդերային հարցերի վերաբերյալ վերապատրաստում խաաղղության և անվտանգության ապահովման գործընթացներին մասնակցություն ցուցաբերողների համար:
Դիտումների քանակը` 1647