Նեկտար Հովհաննիսյան. «Արտակարգ  դրության պայմաններում ՏԻՄ-երից առավել  համակարգված աշխատանք է պահանջվում»

Եղեգնաձոր  համայնքի ավագանու անդամ Նեկտար Հովհաննիսյանն արտակարգ  դրության  ընթացքում աշխատում է  ծանրաբեռնված  գրաֆիկով: Նա  միաժամանակ Գլաձորի  միջնակարգ  դպրոցի տարրական դասարանի  դասվար է, ու թեև հիմա ամառային արձակուրդներ են, սակայն ակտիվորեն  մասնակցում է ԿԳՄՍՆ-ի գործարկած հեռավար կրթության ռեսուրսների համալիր դասընթացներին, որոնք անցկացվում են Եղեգնաձորում: Դասընթացների 1-ին փուլին մասնակցելու հավաստագիրն արդեն  ստացել է, այժմ  մասնակցում է  2-րդ փուլին:

 

Նեկտար Հովհաննիսյանը 2016-թվականին ընտրվելով Եղեգնաձորի ավագանու անդամ,  պարտավորվել էր ականջալուր լինել իր ընտրողների սոցիալական խնդիրներին,  հետամուտ լինել դրանց լուծմանը: Իր կոչմանն  հավատարիմ նա այսօր  էլ ավագանու մյուս անդամների  հետ հետևում է համայնքի  տնտեսական, սոցիալական խնդիրներին, քաղաքի  սանիտարահիգիենիկ  վիճակին:

 

WomenNet.am-ի  հետ զրույցում Նեկտար Հովհաննիսյանը  նշեց, որ արտակարգ  դրության պայմաններում  ՏԻՄ-երից առավել  համակարգված աշխատանք  է պահանջվում: Ասում է, դեռ  մարտ ամսից ավագանու անդամները խմբերով շրջում են համայնքում,  հանրությանն  իրազեկում  ՀՀ պարետի որոշումների մասին, բաժանում  անվճար դիմակներ,  հետևում դրանց  ճիշտ կիրառմանը,  նյութական աջակցություն ցուցաբերում սոցիալապես անապահով  ընտանիքներին: Ավագանու անդամները մարզպետարանի, քաղաքապետարանի  հետ համատեղ հետևում են  նաև համայնքում  իրականացվող բարեկարգման, մաքրման աշխատանքներին:

 

Նեկտար Հովհաննիսյանի փոխանցմամբ բնակչությանը սոցիալական  աջակցություն է  ցուցաբերվում  նաև Հայ օգնության  միության կողմից, որի անդամն է ինքը: Նեկտարի  նախաձեռնությամբ Գլաձոր համայնքի  բնակչուհի տիկին Սուսաննայի կարած դիմակները մշտապես տրամադրվում են ոչ միայն անապահով  ընտանքիներին, այլև  բաժանվում փողոցներում հանդիպած անցորդներին:

 

-Եղեգնաձորում  բնակչությունը կարգապահ է, գրեթե  բոլորը  կրում են դիմակներ, խանութներում և ծառայությունների այլ  օբյեկտներում  պահպանում են սոցիալական  հեռավորություն, երկու առևտրի կենտրոնների  գործունեությունն այս  պահին դադարեցվել է, համավարկի կանխարգելման  կանոները չպահպանելու  համար,-ասում է Նեկտար Հովհաննիսյանը:

 

Թեև այս օրերին Եղեգնաձոր համայնքում  սանիտարահիգիենիկ  վիճակը  բավարար է, փողոցներն ու շենքերի  հարկերը առավոտ կանուխ  լվացվում են, աղբը հեռացվում, սակայն  չլուծված է  մնում թափառող  շների հարցը, որոնք աղտոտում են ժամ առաջ մաքրված քաղաքը: Նեկտարի փոխանցմամբ համայնքում չկա կենդանիների վերահսկման  և  վնասազերծման կենտրոն: Ինչպես Հայաստանի մարզերից շատերում, այստեղ  նույնպես խնդրի դեմ պայքարի համար բյուջեով գումար չի հատկացվում։

 

Հուլիս ամսվա վերջի տվյալներով, Եղեգնաձոր համայնքում կար  43 կորոնավիրուսով վարակակիր, արձանագրվել էր  2 մահ, թեստավորվել էր 435-ը, իսկ  1130 անձ  ինքնամեկուսացված էր:

 

-Ամռան այս  տապին թեև մարդիկ  հոգնել են  տանը մնալուց, այնուհանդերձ  հարևան-բարեկմաների շրջանում  հիվանդության  դեպքերից առավել զգոն են դարձել, եթե  նախկինում  ոմանք  չէին  հավատում  վարակի  գոյությանը, ապա  այսօր էլ  խմբերով  չեն  հավաքվում, հետևում են  հիգիենայի  կանոններին,-պատմում  է Նեկտարն ու  հավելում, որ  համայնքում ստեղծված Սոցիալական  պաշտպանության խնդիրների ուսումնասիրման մշտական  գործող  հանձնաժողովը, որի  նախագահն է  նա,  ավագանու նիստերում  քննարկում է անապահով  ընտանիքներին անհրաժեշտ մթերքով ու  հիգիենայի  անհրաժեշտ  պարագաներով ապահովելու և  կարճ ժամկետում դրանք իրականացնելու հարցերը:

 

Նեկտար Հովհաննիսյանի  մեկ այլ  նախաձեռնությամբ ստեղծվել է «Եղեգնաձոր  հիմնադրամ»-ը, որը նպատակ ունի աջակցել Եղեգնաձորի Նորավան թաղամասի բնակիչներին, որտեղ  բացակայում է  կոյուղագիծը, 21-րդ  դարին  համահունչ սոցիալական  բարեկարգ պայմաններում ապրելու համար: Համայնքը դիմել է ՀՀ  կառավարությանը, որտեղից պատասխանել են, որ կոյուղագիծը  կկառուցվի բնակիչների փոքրիկ  ներդրումների և կառավարության կողմից տրամադրված ֆինանսական  աջակցության միջոցով: Նարինեի  հավաստմամբ ավագանու անդամների  և  բնակչության հանդիպման  արդյունքում վերջիններս  համաձայնվել են  պայմաններին:

 

-Եղեգնաձորցին իր աշխատասիրությամբ ու համեստ կենցաղով վաստակել է արժանապատիվ ապրելու  իրավունքը,- զրույցի վերջում ասաց Նեկտար Հովհաննիսյանը:

 

Անուշ Ներսիսյան

 

 

Դիտումների քանակը` 1286

Գլխավոր էջ