Գենդերային քվոտաների արդյունավետությունն Արցախում

 

Քաղաքական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը ժողովրդավարության հիմքերից մեկն է։ Եվ չնայած կանայք կազմում են աշխարհի բնակչության մոտ 50%-ը, նրանք ոչ բավարար են ներկայացված որոշումներ կայացնող մարմիններում: Կանանց քաղաքական ներկայացվածության բարձրացման ուղղությամբ օրենսդրական կարգավորման տարբերակներ են առաջարկվում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ մի շարք բանաձևերով և հանձնարարականներով։ Ինչպես նշվում է ԵԽԽՎ 1706 բանաձևում (2010թ.)՝ «Քաղաքական կյանքում կանանց և տղամարդկանց ոչ հավասար ներկայությունը մարդու իրավունքների խախտում է և սպառնալիք ժողովրդավարությանը»:

 

 

Հասարակությունն անընդհատ փոփոխվում, զարգանում է։ Յուրաքանչյուր նոր սերնդի հետ առաջ են գալիս նոր պահանջներ ու առաջնահերթություններ։ Ընդունելով այս իրողությունը, ինչպես նաև ընդունված չափանիշը՝ «գենդերային հավասարության պահպանումը որպես ժողովրդավարության բարձր ցուցանիշ», փորձենք հասկանալ, թե որքանով է այն կիրարկելի Արցախի պարագայում:

 

 

Դիտարկենք 2020-ի համապետական (նախագահական և խորհրդարանական համատեղ) ընտրությունները։

 

 

Նշենք որ, ըստ  Արցախի Հանրապետության նոր Ընտրական օրենսգրքի, խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների համամասնական ցուցակներում նախկին 15%-ը փոխարինվեց  նվազագույնը `25%  գենդերային քվոտայի:

 

 

Կանանց ներգրավվածությունը չափելու համար ՄԱԿ-ի կողմից երկու ցուցանիշ է օգտագործվում.

ա. ազգային խորհրդարաններում և կառավարության կազմում:

բ. կառավարչական պաշտոններում նրանց ներկայացվածության համամասանությունը։

 

 

 Այս ցուցիչների դիտանկյունով էլ փորձենք հասկանալ քաղաքականության մեջ կին-տղամարդ հարաբերակցության իրավիճակն Արցախի Հանրապետությունում։

 

 

Եվ այսպես 2015թ.-ի դրությամբ  6-րդ գումարման խորհրդարանի 33 պատգամավորներից միայն 5-ն էր կին, ինչը կազմում էր ընդհանուրի 15%-ը: Գործող կառավարության 13 անդամներից 1-ն էր կին (7%), 25 փոխնախարարներից՝ 6-ը (24%): Պետական կառավարման այլ մարմինների, շրջանների վարչակազմերի ղեկավարների մակարդակով կանայք ներկայացված չէին: 12 նախարարությունների աշխատակազմերի ղեկավարներից միայն 3-ն էին կին (25%) այն դեպքում, երբ նույն նախարարությունների աշխատակազմերում կանանց ներգրավվածությունը բավականին բարձր է՝ միջինը կազմում է մոտավորապես 60%, Հանրապետության նախագահի աշխատակազմում՝ 51%, Ազգային ժողովի աշխատակազմում՝ 76%:

 

 

2020թ.-ի համապետական ընտրություններն աննախադեպ էին ընտրողների բարձր մասնակցության ցուցանիշով: Ներկա պահի դրությամբ կարող ենք փաստել միայն խորհրդարանի 33 պատգամավորների տոկոսային հարաբերակցությունը. նախկին 15%-ի փոխարեն 21%:

 

 

Այսպիսով, գենդերային քվոտաների տոկոսայնության հետ կապված փոփոխությունը 2020թ.-ի համապետական ընտրությունների արդյունքում տեսանելի է:  

 

 

 Իհարկե, պետական-ներկայացուցչական մարմիններում կանանց ներկայացվածությունը գենդերային հավասարության միակ գործոնը չէ, բայց այն առանցքային նշանակություն ունի պատասխանատու և թափանցիկ ժողովրդավարական համակարգի կայացման գործում: Առավել ևս, որ նման համակարգ զարգացնելու դրույթներն են դրված Արցախի Հանրապետության Սահմանադրության հիմքում:

 

 

Աննա Առստամյան

 

 

 

***

 

Նյութը պատրաստվել է  Ստեփանակերտի մամուլի ակումբի կողմից  իրականացվող 

«Քաղաքացիական լրագրություն և քաղաքացիական ակտիվիզմ՝ կանանց համար» ծրագրի շրջանակում:  

Դիտումների քանակը` 1022

Գլխավոր էջ