Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորւթյունների ապահովումը Հայաստանի ազգային նպատակների թվում է
Այսօր տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը: Նիստն անցկացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ներկայացրել է Ազգային անվտանգության ռազմավարությունը և դրա մեջ տեղ գտած հայ ժողովրդի ազգային արժեքներն և ազգային նպատակները:
Մասնավորապես, հայ ժողովրդի ազգային նպատակներն են, ըստ վարչապետի, հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը; Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման; Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը; ՀՀ քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը և պաշտպանությունը; օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության և պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը; հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանումը և զարգացումը; համահայկական ներուժի համախմբումը՝ ազգային նպատակների իրագործման շուրջ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման:
Նշենք, որ ռազմավարության տեքստի մեջ կանանց ու տղամարդկանց իրավահավասարության խնդիրներին անդրադարձ է արված ոչ միայն վարչապետի ուղերձի ազգային նպատակների համատեքստում, այլ նաև.
- 6-րդ «Ժողովրդավարության, մարդու իրավունքների եվ իրավունքի գերակայության ապահովումը» և
- 7- րդ «ՀՀ քաղաքացիների անվտանգության եվ բարեկեցության, երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովումը» բաժիններում:
Մասնավորապես.
Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝
- Հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը:
- Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման:
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը և պաշտպանությունը:
– Օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության և պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը:
- Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանումը և զարգացումը, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը և զարգացումը ազգային ինքնագիտակցությունից հեռացած և հեռացող հայության շրջանում, և ընդհանրապես՝ հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցողների թիվը էականորեն մեծացնելու միջոցով:
- Համահայկական ներուժի համախմբումը ազգային նպատակների իրագործման շուրջ՝ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման:
- ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
6.6 Հասարակական և քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում և հատկապես պետական կառավարման գործընթացներում կանանց ներգրավվածության ցածր մակարդակը թույլ չի տալիս լիովին օգտագործել մարդկային կապիտալն ազգային անվտանգության ապահովման և կայուն զարգացման ուղղություններով: Պետությունը հետամուտ է լինելու ինչպես կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովմանը, այնպես էլ հավասար հնարավորությունների և պայմանների ստեղծմանն ու քաղաքական որոշումների ընդունման գործընթացներում կանանց ընդգրկուն մասնակցության խթանմանը:
- ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ, ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հանրային բարեկեցության եվ ժողովրդագրական իրավիճակի բարելավում
7.33 Մենք հանձնառու ենք սոցիալական տարբեր խմբերի համար հավասար հնարավորությունների և սոցիալական ու տնտեսական ներառականության ապահովմանը, այդ թվում՝ արժանապատիվ ծերության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովմանն ու բռնության կանխարգելմանը, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու շահերի արդյունավետ պաշտպանությանը:
Ռազամավարության եզրափակիչ դրույթներում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվում է որպես ուղենիշային փաստաթուղթ անվտանգության քաղաքականության հիմնական ուղղությունները, սպառնալիքները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները սահմանելու համար:
Ազգային անվտանգության ռազմավարությունը հրապարակվել է, այն կարելի է կարդալ այս հղումով:
Դիտումների քանակը` 1461