«Նե կարևոր է». պարզ ճշմարտություն՝ կանանց եվ աղջիկների նկատմամբ վնասակար գործելակերպերին վերջ դնելու համար
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ալանա Արմիտաժը և Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Բյորն Անդերսոնը հանդես են եկել համատեղ հոդվածով, որում անդրադարձել են օրերս հրապարակված «Իմ կամքին հակառակ» զեկույցում բարձրացված հիմնախնդիրների լուծման ուղիներին:
Արևմտյան Նեպալի հեռավոր գյուղերից մեկում, Ռաչանա Սունարը, երբ դեռ հազիվ 15 տարեկան էր, կրթությունը շարունակելու համար պայքարեց հոր՝ իրեն ամուսնացնելու ծրագրի դեմ: Այսօր նա միջազգայնորեն ճանաչված փաստաբան է, որը պայքարում է մանկահասակների ամուսնության դեմ և փորձում է ամրապնդել կանանց իրավունքները:
Հայաստանում, որտեղ, չնայած վերջին տարիների դրական տեղաշարժին, տղայի ծնունդը դեռ գերադասելի է աղջկա ծնունդից, Նունե Ասրյանը նվիրված մանկաբարձ-գինեկոլոգ է, որը տարիներ շարունակ դասընթացներ է վարել բուժաշխատողների համար՝ ծնողներին արու զավակի նախընտրությունից հետ կանգնել օգնելու նրանց դերի վերաբերյալ: Նա երկրում կանանց և աղջիկների արժևորումն առաջ մղող նվիրյալ է:
Թեև հողը, որի վրա նրանք կանգնում են, լեզուն, որով խոսում են ու հավատը կարող են տարբեր լինել, Ռաչանան և Նունեն նույն համոզմունքն ունեն՝ աղջիկներն արժանի են սիրո և խնամքի և որ նրանց հնարավորություն է տրվել կատարելու սեփական ընտրությունն ու որոշելու սեփական ապագան:
Բայց աշխարհի շատ վայրերում փոփոխությունն առաջ մղող նման մարդիկ շատ քիչ են: Կանանց և տղամարդկանց անհավասարության վրա հիմնված հավատալիքների համակարգերը շարունակում են սոցիալական նորմեր և վնասակար գործելակերպեր ձևավորել, որոնք աղջիկներից և կանանցից խլում են իրենց իրավունքներն իրականացնելու և սեփական մարմնի ու կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունը:
Մանկահասակների ամուսնությունը լայնորեն տարածված է Եվրասիայի երկրներում՝ Հնդկաստանից, Բանգլադեշից և Նեպալից մինչև Վրաստան, Թուրքիա և Ալբանիա: Հարավային Ասիայում 20-24 տարեկան կանանց 30 տոկոսը, Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան ավազանում՝ 7 տոկոսը, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ 12 տոկոսը ամուսնացել են մինչև 18 տարեկանը:
Արու զավակների նախընտրությունը, որը հանգեցնում է պտղի սեռով պայնավորված խտրական ընտրության, հիմնավոր արձանագրված է Հարավային Ասիայում, Չինաստանում և Վիետնամում, ինչպես նաև Հարավային Կովկասում և Հարավարևելյան Եվրոպայի որոշ հատվածներում՝ էականորեն նպաստելով ամբողջ աշխարհում մոտ 140 միլիոն «կորսված կանանցով» հարուցված ժողովրդագրական ճգնաժամին և հանգեցնելով կանանց և տղամարդկանց վտանգավոր աստիճանի շեղված հարաբերակցության:
Վերջին տասնամյակների ընթացքում այդ վնասակար գործելակերպերի դեմ պայքարի համար օգտագործվել են մի շարք միջազգային գործիքներ և համաձայնագրեր, որոնք հիմնված են տղամարդկանց և կանանց հավասարության և մարդու իրավունքների վրա, ներառյալ ՝ 179 կառավարությունների կողմից համաձայնեցված 1994 թ. ԲԶՄՀ գործողությունների ծրագիրը՝ բոլորի համար իրավունքների և ընտրության վերաբերյալ իր տեսլականով, որը 2030 Օրակարգի և դրա Կայուն զարգացման նպատակների իրականացման անբաժանելի մասն է:
ՄԱԿ-ի աջակցությամբ, քաղաքացիական հասարակության և կառավարության նվիրյալների համաձայնեցված քայլերի արդյունքում, երկրներն ընդունել են օրենքներ և ձեռնարկել են միջոցներ`ուղղված աղջիկներին և կանանց այս և այլ վնասներից պաշտպանելուն: Թեև դրանց իրականացումը ոչ միշտ է հետևողական եղել, այդուհանդերձ, ժամանակի ընթացքում շոշափելի ձեռբերումներ են գրանցվել։
Աստիճանական առաջընթաց է արձանագրվել վնասակար սոցիալական և գենդերային նորմերի հաղթահարման գործում: Ծնողներին, համայնքներին և կրոնական առաջնորդներին ներգրավելը թույլ է տվել կրճատել պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրությունը:
Հասարակություններում իրազեկության բարձրացումը թույլ է տվել նաև ավելի մեծ թվով աղջիկների խուսափել մանուկ հասակում ամուսնանալուց, ավարտին հասցնել կրթությունը, օգտվել տնտեսական հնարավորություններից և ամրապնդել իրենց լիարժեք ներուժին հասնելու հնարավորությունները:
Մենք ականատես ենք աղջիկների և կանանց համար անհրաժեշտ տեղեկությունների և ծառայությունների ավելի մեծ հասանելիության, այդ թվում ՝ սեռական և վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների ոլորտում:
Շատ կառավարություններ ավելի որակյալ տվյալներ են հավաքագրում վնասակար գործելակերպերի վերաբերյալ, բարելավում են փոփոխությունների և ազգային ու ենթազգային մակարդակներում աշխատանքների ծրագրման համար անհրաժեշտ ապացուցողական բազան:
Բայց մենք պետք է շատ ավելին անենք:
Այս տարի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի առաջատար՝ «Աշխարհի բնակչությունը» զեկույցը՝ վերնագրված «Իմ կամքին հակառակ», կենտրոնանում է աշխարհում վնասակար գործելակերպերի վրա և մի շարք հրատապ առաջարկներ է անում դրանց լուծման համար:
Մենք պետք է ինտեգրված մոտեցում ցուցաբերենք վնասակար գործելակերպերին՝ ճանաչելով դրանց փոխկապակցված հիմնապատճառները և լուծում տալով որպես ամբողջություն, այլ ոչ թե մաս-մաս:
Պետք է վերանայենք մեր մոտեցումը` հստակ ընդունելով, որ այդ գործելակերպերը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են, այլ ոչ թե դրանք ներկայացնենք որպես ավանդական կամ մշակութային գործելակերպեր, ինչը հաճախ օգտագործվում է դրանք արդարացնելու համար:
Այս առումով մենք պետք է նաև հստակորեն գիտակցենք, որ հիմնախնդրի կենտրոնում կանանց և տղամարդկանց հավասարությունն է – որ աղջիկներին և կանանց վերագրվող ցածր արժեքն է, որ ամբողջ աշխարհում հիմք է հանդիսանում վնասակար գործելակերպերի համար:
Զեկույցը հստակ ուղերձ է հղում կառավարություններին և քաղաքականություն մշակողներին և, իրականում, հասարակություններին ամենուրեք՝ Նե կարևոր է:
Մենք պետք է դադարենք աղջիկներին և կանանց վերաբերվել որպես վաճառքի հանված ապրանքի կամ վերահսկվող իրի և պետք է նրանց տանք միևնույն իրավունքներն ու հնարավորությունները, ինչ տղաներին ու տղամարդկանց:
Համայնքները պետք է կանգնեն հանուն աղջիկների հավասար իրավունքների, որպեսզի նրանք կարողանան մնալ դպրոցում, պատրաստվել աշխատանքի, իմանան իրենց ընտրության հնարավորության մասին և կերտեն սեփական կյանքը:
Տղամարդիկ պետք է օգտագործեն իրենց արտոնյալ դրությունը` աղջիկների արժեքը բարձրացնելու և աղջիկների ու տղաների նկատմամբ հավասար վերաբերմունքի հասնելու համար:
Տնտեսությունները և իրավական համակարգերը պետք է երաշխավորեն բոլոր կանանց՝ հավասարության, ինքնավարության, արժանապատվության և ընտրության վրա հիմնված պատշաճ կյանք կառուցելու հավասար հնարավորությունները:
Եվ կառավարությունները պետք է հարգեն իրենց ստորագրած միջազգային համաձայնագրերը՝ ուղղված կանանց և աղջիկների իրավունքների և վերարտադրողական որոշումների պաշտպանությանը, և իսպառ վերջ դնեն վնասակար գործելակերպերին՝ մեկ անգամ և ընդմիշտ:
Մինչ մենք գրում ենք սա, մեր աշխարհը շարունակում է պայքարել COVID-19-ի հետևանքների դեմ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գնահատականները նախազգուշացնում են, որ համաճարակը խախտելու է մանկահասակների ամուսնությանը վերջ դնելու ծրագրված ջանքերը և հեռահար տնտեսական հետևանքների պատճառ է դառնալու, ինչը, ըստ ամենայնի, 2020-ից 2030 թվականներին աշխարհում կհանգեցնի մանկահասակների ևս 13 միլիոն ամուսնության, որոնք այլապես տեղի չէին ունենա:
Համաճարակի սոցիալ-տնտեսական ազդեցությունը, հակաբեղմնավորիչների մատակարարման շղթաների խափանումների հետ միասին, կնպաստեն անցանկալի հղիությունների աճին, ինչն, իր հերթին, կարող է ավելի խորացնել պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրությունը:
«Ավելի լավ վերակառուցելու» ճանապարհին երկրները պետք է կանանց և աղջիկներին պահեն իրենց ջանքերի կենտրոնում:
Ընթացիկ ճգնաժամից ելնելով, մենք հնարավորություն ունենք ուշադրությունը վերակենտրոնացնելու վնասակար գործելակերպերին իսպառ վերջ տալու վրա: Միլիոնավոր ապագաներ են կախված նրանից, թե ինչ կանենք մենք հենց այս պահին: Եկեք չտապալենք այս հնարավորությունը:
Աղբյուրը՝ ՄԱԲՀ-Հայաստան գրասենյակ
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ձգտում է զրոյացնել մայրական մահերը, զրոյացնել ընտանիքի պլանավորման չբավարարված կարիքը, ինչպես նաև զրոյացնել գենդերային բռնությունը և կանանց ու աղջիկների նկատմամբ վնասակար գործելակերպերը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
#ՆԵԿԱՐԵՎՈՐԷ. ՄԱԿ-ի Բնակչության հիմադրամը սկսում է նոր գլոբալ արշավ
Հայաստանին հաջողվեց որոշ չափով նվազեցնել նորածինների սեռային հարաբերակցությունը
Փաստեր աղջիկների ու կանանց նկատմամբ վնասակար գործելակերպերի մասին
Դիտումների քանակը` 1427