Ինչո՞ւ են Հայաստանում կանայք ավելի շատ վարակվում կորոնավիրուսով
… Երևանաբնակ 36-ամյա Գայանեն արդեն չորս ամիս աշխատում է տանից։ Աշխատանքային օրվա ավարտին վազում է խոհանոց՝ երեխաներին կերակրելու։ Հետո շարունակում լվանալ-մաքրել-արդուկել-ախտահանելու գործերը, հաջորդ օրվա համար վիտամիններով հարուստ կերակուրներ պատրաստում։ Վիրուսի՝ ընտանիք մուտքը կանխելու բեռը հենց իր ուսերին է դրված։
Համավարակի օրերին հայ կանանց ուսերին ընկած բեռն ավելացել է
«Առավոտյան վաղ արթնանում եմ, որպեսզի հասցնեմ նախաճաշ տալ ընտանիքիս, շատ անգամ իրենք ինքնուրույն են նախաճաշը պատրաստում, ուտում, քանի որ ստիպված եմ տնային գործերը ևս հասցնելը։ Տանից աշխատելով հանդերձ օրվա ընթացքում երեխաներին գրեթե չեմ տեսնում, նրանց հետ շփվել չեմ հասցնում։ Օրը վազքով սկսվում է, ուժասպառ ու շնչակատուր ավարտվում, հաջորդ օրը՝ նորից»,-WomenNet.am-ին օրվա իր անցուդարձը ներկայացնում է Գայանեն։
Նրա երեխաներից մեկը դպրոցահասակ է, մյուսը մանկապարտեզ էր հաճախում։ Ամենամեծ խնդիրը նրանց տանը պահելն է, զբաղմունք ապահովելը, որպեսզի նախ չձանձրանան, ապա նստակյաց չդառնան, ինչը հղի է վատ հետևանքներով՝ սկսած ճարպակալումից մինչև մկանային ու շնչառական խնդիրներ։
«Համավարակի պայմաններում ամենաբարդ ու ծանր վիճակում հայտնվել են երեխաներ ունեցող կանայք։ Համարյա չկան երեխաների ժամանցին, կրթությանն ուղղված օնլայն, հեռուստատեսային ծրագրեր հայերենով։ Մանկապարտեզները, դաստիարակները ներգավված չեն այս խնդրի լուծման գործում, քաղաքապետարանը, կրթության նախարարությունը՝ նույնպես։ Երեխաներն այսօր անուշադրության են մատնված։ Նախորդ տարիներին ճամբար էի ուղարկում, լողի, բաց էին ժամանացի կենտրոնները։ Ամռան ամիսներին փոքրը մանկապարտեզում էր լինում, գիտեի, որ բազմազբաղ են լինում՝ սկսած ֆիզիկական վարժություններով վերջացրած երգի ու այլ պարապմունքներով»,- խնդիրները ներկայացնում է կինը։
Եթե ողջ օրը երեխաները տանն են, դա նշանակում է, որ ավելի շատ պետք է տները մաքրել, ավելի շատ կերակուրներ պատրաստել, իսկ համավարակի օրերին՝ խնամքն ավելի ուշադիր ու զգույշ իրականացնել՝ արդուկելով ու ախտահանելով յուրաքանչյուր հագուստ ու իր։
Չորս ամիսների ընթացքում մայրը երեխաներին փողոց գրեթե չի թողել։ Դուրս են եկել հեծանիվ վարելու համար։ Ընտանիքը հարազատների, բարեկամների, ընկերների հետ շփումները նվազագույնի է հասցրել, հանգստյան օրերին միայն ընտանիքի անդամներով եղել են բնության գրկում։
Մեկնաբանելով մեր խնդրանքով այն փաստը, որ Հայաստանում ավելի մեծ թվով կանայք են վարակվում կորոնավիրուսով, Գայանեն նկատում է, որ , իր կարծիքով, դա սպասելի է, քանի որ կանայք ավելի մեծ ռիսկային գոտում են գտնվում… Նա համաձայն չէ, վարչապետի այն դիտարկման հետ, որ ավելի մեծ թվով կանանց վարակակիր լինելը պայմանավորված է՝ նաև նրանց՝ ներշենքային ակտիվ շփումներով:
«Վերջին անգամ չեմ հիշում՝ ծնողներիս, քույրերիս, եղբորս, տալոջս ընտանիքներին երբ եմ տեսել։ Որևէ մեկի հետ չենք շփվում, չգիտենք, որտեղից կարող է սողոսկել վիրուսը, ում կարող ենք վտանգի ենթարկել։ Մյուս կողմից էլ ամեն րոպեն թանկ է ինձ, համար, մեծ ցանկության դեպքում էլ չեմ կարող կես ժամ տրամադրել ու հարևանուհուս հետ զրուցել կամ սուրճ խմել, էլ չեմ խոսում գեղեցկության սրահ կամ խնամքի կենտրոն այցելելու հնարավորութան մասին»,-նշում է կինը…
Արդյո՞ք կանայք ավելի շատ են հիվանդանում ներշենքային ակտիվ շփումների հետևանքով…
Հիշեցնենք, որ հունիսի 18-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում ավելի մեծ թվով կանանց վարակակիր լինելուն պայմանավորեց դա նաև նրանց՝ ներշենքային ակտիվ շփումներով։
«Վաղեմի սովորություն կա, երբ որ շքամուտքերում սուրճի ըմպումներ են կազմակերպվում, որը շատ սիրելի ու կոլորիտային սովորություն է ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի ուրիշ քաղաքների համար… Ես շատ երկար էի մտածում, թե ինչ է պատճառը, որ վարակված կանանց թիվն ավելի մեծ է, քան տղամարդկանցը։ Դրա համար կա երկու պատճառ՝ մեկը տեքստիլի ոլորտից եկողներ, բայց կարծում եմ այս հանգամանքը նույնպես էական դեր է խաղում, քանի որ կանայք ներշենքային շփումներում առավել ակտիվ են լինում։ Եվ մենք պետք է ուշադրություն հրավիրենք այս խնդրի վրա»,-ասաց Փաշինյանը։
Սոցցանցերի օգտատերերը ոչ միանշանակ ընդունեցին Փաշինյանի այս հիմնավորումը։ Նրանցից շատերը վարչապետին հուշեցին, որ առողջապահական համակարգում, սպասարկման ոլորտում էլ կանայք բավականին մեծ թիվ են կազմում ու առավել մեծ ռիսկային գոտում են։ Ոմանք էլ թիրախավորեցին կանանց ու սկսեցին մեղադրանքներ հնչեցնել նրանց հասցեին, պիտակավորել «շենքի BBC» ու այլ արտահայտություններով…
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը WomenNet.am-ի հետ զրույցում վարչապետի դիտարկումը անարդար որակեց։
«Նշանակում է՝ կանայք են մեղավոր, որ վարակվել են, որովհետև բամբասում են, բայց մենք ժամանակ ունե՞նք, որ սուրճ խմենք»,-արձագանքում է նա՝ թվարկելով այն ամենագլխավոր պատճառները, որոնք, իր կարծիքով, ուշադրությունից դուրս են մնացել…
«Մենք պետք է զգայուն լինենք և կարողանանք տեսնել, թե ինչ դեր են կատարում կանայք մեր երկրում, որքան ծանրաբեռնված են և ինչու են այսքան խոցելի։ Պատճառն այն է, որ կանայք են հիմնականում խնամում վարակակիրներին ու հիվանդերին, որոնք տանն են, հետևապես նրանք ռիսկային գոտում են գտնվում։ Եթե տղամարդիկ կարող են վարակակրից հեռու գտնվել, նրա հետ քիչ շփվել, ապա հիվանդների խնամքը հիմնականում իրականացնում է տան կինը»,- նկատում է Զ. Հովհաննիսյանը։
Կանայք առավել մեծ ռիսկային գոտում են նաև այլ պատճառներով՝ օրինակ, առողջապահական համակարգի աշխատակիցների մեծ մասը՝ բժիշկները, բուժքույրերը, մայրապետները, կանայք են։ Բացի այդ առևտրի կետերում աշխատողների, հավաքարարների մեծ մասը ևս կանայք են։
«Դա էլ ռիսկային աշխատանք է, քանի որ գործ ունեն օրինակ, դիմակների, ձեռնոցների ու այլ վտանգավոր թափոների հավաքման, տեղափոխման հետ։ Եվ ի վերջո, սպասարկման ոլորտի աշխատակիցների մեծ մասը կանայք են, այս ամենին գումարած ամենակարևորը, կանայք սոցիալապես ամենախոցելի խմբում են։ Ծանր սոցիալական պայամններում գտնվող ընտանիքներում կանանց թերսնուցման հավանականությունն ավելի մեծ է, ինչն էլ կարող է ավելի խոցելի դարձնել նրանց վարակվելու տեսանկյունից»,- ասում է Զ. Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ կանայք նաև շատ ավելի ուշադիր են ընտանիքի անդամների, քան սեփական առողջության նկատմամբ, օրինակ, շատ դեպքերում, եթե տղամարդը վատ է զգում, կինն անմիջապես ահազանգում է բժշկին, բայց հակառակը քիչ է լինում։
Հովհաննիսյանի դիտարկմամբ, հղի կանայք և նոր ծննդաբերած կանայք կարող են էլ ավելի խոցելի լինել վարակիչ հիվանդությունների նկատմամբ, հատկապես եթե նրանք ունեն շնչուղիների ուղեկցող հիվանդություններ: Նրանց պարագայում ավելի բարձր է նաև առողջապահական ծառայությունների հետ կոնտակտի հավանականությունը, ինչը մեծացնում է հնարավոր ռիսկերի մակարդակը:
Կանայք կատարում են կենցաղային աշխատանքների հիմնական մասը՝ ներառյալ գնումներ, ընտանիքին անհրաժեշտ այլ տարբեր գործեր, գնված ապրանքների ախտահանում և մշակում, սննդի պատրաստում, որոնց պատճառով նրանց վարակվելու ռիսկն ավելի է մեծանում:
Եվ վերջապես, իրավապաշտպանն իր աչքի տեսածն է վկայակոչում՝ նկատելով, որ շենքերի մուտքերի մոտ տաղավարներում, ավտոտնակների մոտ հիմնականում տղամարդիկ են հավաքվում, նարդի, քարտ ու շախմատ խաղում կամ ուղղակի զրուցում։
Ի՞նչ է փաստում վիճակագրությունը Հայաստանում
Հունիսի 24-ի դրությամբ Հայաստանում վարակակիրների մոտ 60.5 տոկոսը կանայք են։ Նման տեղեկատվություն է տրամադրել առողջապահության նախարարությունը WomenNet.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան։ Այդ օրվա ժամը 17-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 22 հազար 562 դեպք, նրանցից 13 հազար 644-ն իգական սեռի անձինք են։
Թե ինչո՞վ է պայմանավորված նման հարաբերակցությունը, նախարարությունից չեն նշել։ «Հնարավոր չէ մեկնաբանել, քանի որ հետազոտություններ չեն իրականացվել»,-նշել են նախարարությունից խմբագրությանը տրամադրած գրավոր պատասխանում։
Նույն օրվա դրությամբ Հայաստանում կատարվել է 99 հազար 964 թեստավորում, որից 46 հազար 107-ը արական սեռի, իսկ 53 հազար 857-ը՝ իգական սեռի անձանց։ Ստացվում է տղամարդկանց պարագայում թեստավորումների 19.3 տոկոսի դեպքում դրական պատասխան է եղել, իսկ կանանց դեպքում՝ 25.3 տոկոսի։
Վարակակիրների ընդհանուր թվից 1220-ը տեքստիլ ձեռնարկությունների աշխատակիցներ են։ Այս թվի վերաբերյալ գենդերային բացվածք չկա, բայց կարող ենք փաստել, որ այդ ոլորտում աշխատողների գերակշռող մասը կանայք են։
Նկատենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, պետական կառավարման, կրթության, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում զբաղվածների 62 տոկոսը կանայք են, ֆինանսական և ապահովագրական գործունեություն ոլորտի զբաղվածների 54 տոկոսն են կանայք։ Ծառայությունների ոլորտում կանայք կազմում են 64 տոկոս։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսից մահացածների թվին, ապա այս դեպքում առավել մեծ թիվ են կազմում տղամարդիկ։ Հունիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի հետևանքով մահացել է 405 մարդ, նրանցից 234-ը տղամարդիկ են, 171-ը կանայք։ Այլ հիվանություններից գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների մահվան 143 դեպ, որից 79-ը տղամարդիկ են, 64-ը՝ կանայք։
Ի՞նչ է փաստում միջազգային մամուլն ու վիճակագրությունը
Հայաստանում արձանագրված օրինաչափությունները նկատելի են նաև այլ երկրներում, թեև հրապարակումներն այդ թեմայով այդքան էլ շատ չեն:
Առկա վիճակագրական տվյալները փաստում են, որ նույնսիկ այնպիսի երկրներում, որտեղ շքամուտքերում սուրճխմություն կազմակերպելու սովորույթներ չկան, կանայք ավելի շատ են հիվանդանում կորոնավիրուսով։
Օրինակ, Գերմանիայում ապրիլի տվյալներով վարակակիրների շրջանակում մեծ էր կանանց թիվը՝ 52 տոկոսը կանայք են, 48 տոկոսը՝ տղամարդիկ։ Նույն հարաբերակցությունը Շվեյցարիայում է: Պորտուգալիայում վարակակիրների հարաբերկացությունը` 55 տոկոս կանայք են, 45 տոկոս տղամարդիկ: Հարավային Կորեայում վարակակիրների թվում 60 տոկոս կանայք են, 40 տոկոս տղամարդիկ:
Ֆրանսիայում մարտի տվյալներով մեկ վարակված կնոջը բաժին էր ընկնում 0.9 տղամարդ, մինչդեռ ինտենսիվ բուժօգնության կարիք ունեցող երկու տղամարդուն բաժին էր ընկնում մեկ կին։ Մահացած մեկ կնոջը բաժին էր ընկնում 1.4 տղամարդ։
Չինասատնի գիտնականները փաստում են, որ տղամարդիկ և կանայք հավասարապես ենթարկվում են COVID-19- ով վարակին, բայց տղամարդիկ ավելի շատ են բախվում հիվանդության ծանր հետևանքներին և ավելի հաճախ են մահանում: Աշխատությունը տպագրվել է «Frontiers in Public Health» – ում:
The Guardian-ը գրում է, Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում բժշկական անձնակազմն ուսումնասիրել է հիվանդներին, եկել եզրակացության, որ ավելի շատ տղամարդիկ են մահանում, մինչդեռ վիրուսն ավելի շատ ազդում է առաջին գծում գտնվող առողջապահական համակարգի աշխատակիցների վրա, որոնց մեծ մասը կանայք են։ Նույն օրինաչափությունը նկատվում է ողջ աշխարհում. կանայք մեծամասնություն են կազմում վարակված բուժաշխատողների թվում, որոշ երկրներում՝ օրինակ ԱՄՆ-ում, Իսպանիայում, Իտալիայում, վարակված կին բուժաշխատողների թիվն երկու անգամ մեծ է տղամարդկանցից:
Global Health 50/50 կազմակերպությունը սեռով տարբերակված տվյալներ է հավաքագրել և վարակակիրների, և մահացածների վերաբերյալ: Ընդհանուր վարակակիրների թվում կին/տղամարդ համամասնության մեջ հստակ օրինաչափություն չի նկատվում, երկրների մի մասում տղամարդիկ են ավելի շատ, մյուսներում՝ կանայք:
Sex-disaggregated case data for select countries
Source: Global Health 50/50. 06/25/2020
Եթե կին-տղամարդ վարակիրների մասին տվյալները տարբերվում են ըստ երկրների, ապա մահացությունների դեպքում հստակ օրինաչափություն է նկատվում . կորոնավիրուսն ամբողջ աշխարհում սպանում է առավել մեծ թվով տղամարդկանց, քան կանանց։
Հնարավոր պատճառների թվում նշվում են հորմոնալ ֆոնի տարբերությունները, կանանց առավել բարձր դիմադրողականությունը, տղամարդկանց կողմից ծխախոտի և ոգելից խմիչքների ավելի շատ օգտագործումը և այլ գործոնները, որոնց պատճառով տղամարդիկ ավելի ռիսկային գոտում են հայտնվում։ Այնուամենայնիվ մասնագետները նշում են, որ կորոնավիրուսով հիվանդանալու գենդերային առանձնահատկությունները բավարար չափով հետազոտված և ուսումնասիրված չէն, թեև այդ տվյալներն անհրաժեշտ են համավարակի դեմ պայքարն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:
Պատրաստեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 1860