Հայաստանին հաջողվել է որոշ չափով նվազեցնել նորածինների սեռերի անհամամասնությունը

 

Ինչ ճանապարհ ենք անցել

 

Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակը ներկայացնում է  նորածինների սեռերի անհամամասնության եվ  պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ համառոտ տեղեկանքը:

 

 

 

 Խնդրի բացահայտումը

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2011 թ.-ին նախաձեռնեց հետազոտություն, որը հաստատեց, որ Հայաստանում առկա է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթ: Այսինքն, հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին ծնվել՝ նախընտրելով տղա երեխա ունենալ: Արդյունքում, վաղ 1990-ականներից ի վեր, Հայաստանում նորածինների սեռային հարաբերակցությունը շեղվել է բնականոնից, որը համարվում է 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:

 

 

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, վաղ 2000-ականներին հարաբերակցությունը հասել էր 120 նորածին տղայի՝ 100 նորածին աղջկա հաշվով, համեմատաբար կայունանալով 2010-ականների սկզբին՝ 114-115 տղա/100 աղջիկ մակարդակում։

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2013 թ.-ին հրապարակված հաջորդ հետազոտությունը ցույց տվեց, որ Հայաստանում առկա են հղիության սեռով պայմանավորված ընդհատման բոլոր երեք նախապայմանները՝

  • հայաստանյան հասարակությունը տղա երեխաներին գերադասում է աղջիկ երեխաներից՝ գրեթե 6 անգամ.
  • երկրում առկա և հասանելի են համապատասխան տեխնոլոգիաներ, որոնք ապագա ծնողներին թույլ են տալիս նախապես իմանալ երեխայի սեռը և խուսափել անցանկալի աղջիկ երեխաներից.
  • զույգերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ. ծնելիությունը բավականին ցածր է պարզ վերարտադրության աստիճանից (Հայաստանում ծնելիության գումարային գործակիցը 1990-ականների սկզբի՝ մեկ կնոջ հաշվով միջինը 2,62 երեխայից նվազել է մինչև այսօրվա 1,6-ը)։

 

 

Հետազոտություն կանխատեսում էր, որ եթե հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի, ապա մինչև 2060 թ.-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին, իսկ չծնված աղջիկների տարեկան թիվը մինչև 2060 թ. կհասնի 2000-ի: Բացի այդ, Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնությունը բացասական ազդեցություն կունենա ընտանիք կազմելու հնարավորության վրա և կարող է արտագաղթի հավելյալ խթան հանդիսանալ:

 

 

Աշխատանքը

 

Հիմնվելով հետազոտությունների վրա, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը լուսաբանման և իրազեկման լայնածավալ աշխատանքներ մեկնարկեց, ինտենսիվ հանդիպումներ սկսեց գործընկերների հետ՝ տրամադրելով փորձագիտական օժանդակություն։

 

 

Արդյունքում լայն ճակատ կազմվեց գործընկերների՝ ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Եկեղեցու, լրագրողների ու լրատվամիջոցների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների, բուժաշխատողների, սոցիալական աշխատողների, հանրության բավականին ստվար մասի հետ՝ հանուն այս արատավոր երևույթի վերացման։

 

 

Միջազգային և տեղական գործընկերները, այդ թվում՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, «Սեյվ դը չիլդրեն»-ը, Արմավիրի զարգացման կենտրոնը, Մարտունու կանանց համայնքային խորհուրդը՝ ԵՄ ֆինանսավորմամբ, «Վորլդ Վիժն Հայաստան»-ը, ՀՀ նախագահի աշխատակազմը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և այլք, իրենք մեկնարկեցին մի շարք ծավալուն ծրագրեր՝ աշխատանքը հավելելով հետազոտություններով։ Սոցիալական ցանցերով հանրային ալիք բարձրացավ երևույթի դեմ։

 

 

2014 թ.-ին կառավարությունն ընդունեց սեռի հատկանիշով պտղի խտրական ընտրության և սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ընդունման անհրաժեշտությունն ընդգծող առաջին որոշումը, իսկ 2015 թ.-ին մշակեց և հաստատեց համապատասխան ծրագիր (2015-2017 թթ.), որին հաջորդեց 2020 թ. հաստատված համանուն ծրագիրը 2020-2023 թթ. համար։

 

 

2016 թ. հունիսին Ազգային ժողովն ընդունեց սեռով պայմանավորված աբորտների արգելման վերաբերալ կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխության փաթեթը։

 

 

2017 թ.-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մեկնարկեց ԵՄ ֆինանսավորմամբ «Տղաների նախապատվության և աղջիկների թերարժևորման կանխարգելմանը ուղղված գլոբալ ծրագիրը», որին Հայաստանի հետ միասին մասնակցում էին ևս հինգ երկրներ՝ Հարավային Կովկասից և Ասիայից։

 

 

 

Արդյունքը

 

Քարոզչական և իրազեկման համատեղ լայնածավալ ու լարված ջանքերը հանգեցրին նրան, որ Հայաստանում սկսեց դրականորեն փոխվել նորածնի սեռին տրվող նախապատվությունը։

 

Աշխատանքների թափ առնելուց կարճ ժամանակ անց, Հայաստանին հաջողվեց նվազեցնել նորածինների սեռային հարաբերակցությունը մինչև 110 տղա՝ 100 աղջկա հաշվով (2019 թ.)։

 

 

 

Այդուհանդերձ, դեռ երկար ու համառ աշխատանք է սպասվում, մինչև հարաբերակցությունը հասնի բնականոնին՝ 102-106 տղա՝ 100 աղջկա հաշվով և այլևս երբեք չխախտվի։ Մենք և մեր գործընկերները պատրաստակամ ենք կատարել այդ աշխատանքը։ Իսկ դու՞ք։

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ.

 

 

Հայաստանին հաջողվեց որոշ չափով նվազեցնել նորածինների սեռային հարաբերակցությունը

 

Փաստեր աղջիկների ու կանանց նկատմամբ  վնասակար գործելակերպերի մասին

 

«Իմ կամքին հակառակ». զեկույց

 

 

Դիտումների քանակը` 1504

Գլխավոր էջ