Ավետիսյան Գյուլնարա . «Ամեն մարդ ինքն իր վրա պետք է աշխատի»
Արարատի մարզի Երասխ համայնքի ավագանու անդամ Գյուլնարա Ավետիսյանը կորոնավիրուսի հետ պայքարի առաջնագծում է: Կարանտինի առաջին իսկ օրերին հրավիրված ավագանու նիստում որոշեցին, որ գյուղապետարանի աշխատակիցները և ավագանու անդամները իրենք պետք է հետևեն, որ գյուղում կարգ ու կանոն լինի, պահպանվեն սանիտարական բոլոր նորմերն ու միջոցառումները: Գյուլնարայի առաջարկով պատրաստել և գյուղի տարբեր հատվածներում փակցրել էին կորոնավիրուսի կանխարգելման վերաբերող պաստառներ.
-Պաստառները փակցրել ենք ամբողջ գյուղում, դրանց վրա նկարված և կետ առ կետ բացատրվում է, որ անհրաժեշտ է պահպանել մաքրությունը, սանիտարական նորմերը, ախտահանեն ու լվանան դրսից բերված ապրանքը և որ պարտադիր հետևեն կանոններին որպեսզի պահպանեն իրենց և իրենց հարազատների առողջությունը:
Գյուլնարան տարրական դասարանների դասվար է և անձամբ հետևել է, որ ոչ միայն իր դասարանի,այլև ամբողջ դպրոցի երեխաները ապահովված լինեն դասերին մասնակցելու համար անհրաժեշտ տեխնիկայով.
-Երբ պարզ դարձավ, որ դասերը պետք է անցկացվեն օնլայն ռեժիմով , սկսեցի զանգել աշակերտների ծնողներին, հետաքրքրվել ովքեր ունեն հնարավորություններ դասերին մասնակցելու համար, ովքեր չունեն, անհարժեշտության դեպքում գնում էի անձամբ, որ տեղեկանամ ինչ վիճակ է, արդյոք իրենց տներում կա համակարգիչ կամ հեռախոս, որպեսզի հետ մնացող երեխաներ չլինեն: Բոլորին ցուցակագրել եմ և անձամբ հետևել եմ, որպեսզի բոլորն ունենան տեխնիկա և դասերին չմասնակցող երեխա չլինի: Ասեմ, որ շատ անապահով ընտանիքներ կան Երասխ համայնքում, փորձել ենք մեկը մյուսի միջոցով` դպրոցի տնօրենի, գյուղապետարանի հետ կապը հաստատելով էդ հարցին լուծում տանք: Ամեն օր օնլայն դասերը սկսելուց առաջ երեխաներին առաջինը ասում էի. «Երեխաներ ջան ի՞նչ եք արել մինչև դասի նստելը, լվացվե՞լ եք», կանոնները հերթականությամբ ասում էին, հետո միասին կերպարվեստի դասին պաստառ էինք պատրաստում, որտեղ գրված կլինեն անվտանգության կանոնները և որը պետք է փակցնեին իրենց տան պատին: Երեխաները լսում էին, անում էին և հետևողական էին, -վստահեցնում է նա՝ նկատելով, որ դրանով իսկ ծնողներն էլ էին իրազեկվում:
Պատմում է նաև, թե ինչպես է օգնել է առաջին դասարանցիների համար օնլայն ավարտական միջոցառում կազմակերպել.
-Առաջին դասարանի երեխաների համար էլ դժվար է եղել, նրանց դասվար, Հակոբյան Օֆելյաի հետ կապս պահպանել եմ այս ընթացքում, նա ինձ ասաց, որ իր համար միջոցառումը միայնակ կազմակերպելը դժվար է, ես էլ օգնեցի, «zoom» ծրագրի միջոցով բանաստեղծությունները բաժանել եմ երեխաներին, ու փոքրիկ միջոցառում «Չարի վերջը» հերթականությամբ արտասանել են: Շատ դժվար էր, բայց ստացվեց: Երեխաները իհարկե կուզեին գեղեցիկ հագնված լինեին, իրենց ձեռքերին փուչիկներ լինեին, ավելի ուրախ, երգեին, բայց ստացվեց կարճ 15-20 րոպեանոց միջոցառում: Այս տարի մեր դպրոցում առաջին դասարանը 7 աշակերտ ենք ունեցել: Դժվարություններ կան, ինչքան էլ փորձում ենք, օնլայն դասընթացը այն արդյունքը չունի… Հետագայում աստված գիտի ինչպես կլինի, բայց հիմա դժվար է…
Գյուլնարան պատմում է, որ չի կարողանում անտարբեր մանալ, երբ մարդկանց օգնություն է պետք, չի կարող ինքնամեկուսանալ, փակվել տանը, և պահպանելով անվտանգության կանոնները, ձեռնոցներով և դիմակով դուրս է գալիս և փորձում օգնել իր համագյուղացիներին.
-Ես ունեմ մի աշակերտ, որ մեզ մոտ է եկել Ղարաբաղից, երկրորդ կիսամյակին, այդ երեխայի և նրա ծնողի հետ անհատական կապ եմ պահպանել, ծնողը աշխատում էր դիրքերում, ճաշ է պատրաստում սահմանապահների համար, ժամանակ չի լինում երեխայի մոտ շատ լինելու համար, ես հեռակա կարգով, և չեմ թաքցնի հաճախ այցելում էի, երեխան ընդամենը 4-րդ դասրանի աշակերտ է, օգնում էի պատրաստել դասերը, կամ օգնում էի, ինչով որ կարող էի:
Այս ընթացքում Գյուլնարան մի կարևոր նախաձեռնություն էլ է արել, համագյուղացիներին և հատկապես տարեցներին և երեխաներին ձեռնոցներ և դիմակներ է բաժանել, մանավանդ, որ գյուղում ոչ բոլորն են կարողանում ձեռք բերել դիմակներ և ձեռնոցներ…
-Մտածում էի ինչպես կարող եմ օգնել… Աղջիկս աշխատում է Երևանում, նրան խնդրեցի ձեռնոցներ և դիմակներ գնի և իր հետ բերի, մի ահագին բերել էր, դրանք դրեցի պոլիէթիլենի տոպրակների մեջ և իմ երկու տղա թոռնիկներիս հետ անցնում էինք գյուղով և բաժանում, ում որ տեսնում էինք ճանապարհին, թոռներիս ասացի, որ իրենց համադասարանցիներին և նրանց ընտանիքներին նույնպես տրամադրեն դիմակներ: Հետո նույն առաջարկն արեցի գյուղապետարանում, նրանք նույնպես միացան իմ նախաձեռնությանը և փաթեթին ավելացրեցին նաև սպիրտ: Մեզ մոտ գործարաններ կան, գործարանի տերերը, անմիջապես տնօրենը սպիրտ է բաժանել գյուղի բնակիչներին մեր ավագանու անդամ տղաների միջոցով`: Ձկնաբուծականի տնօրենը, ձուկ է բաժանել ժողովրդին, դա էլ մեր ավագանիների հետ միասին ,- պատմում է նա:
Գյուլնարան վստահեցնում է, որ Արաքս գետի ափին գտնվող այս գյուղում մարդիկ հանգիստ են, հատկապես, որ գյուղում մեկուսացված կամ վարակակիր ոչևէ մեկը միչ օրս չի եղել.
-Ժողովուրդը հանգիստ է, խուճապ չկա, մենք էլ փորձել են ինչ որ չափով օգտակար լինել, էնպես չի, որ անտարբերության ենք մատնել, փողոցները մաքրել ենք, աղբը լրիվ մաքրել ենք խանութների շրջակայքից, գյուղացիներին հորդորել ենք դուրս չգալ, գյուղի բյուջեից գումարային օգնություններ ենք հատկացրել և գյուղի թոշակառուներին, և անապահով ընտանիքներին և բազմազավակ ընտանիքներին, ինչքան կարողացել ենք գյուղապետարանի հետ, ավագանու անդամների հետ միասին փորձել ենք օգնել ժողովրդին:
Գյուլնարան վստահ է, որ վարակի դեմ պայքարելը ամեն մեկը պետք է սկսի հենց իրենից.
-Ամեն մարդ ինքն իր վրա պիտի աշխատի, հույս չդնի ուրիշների վրա, եթե մարդը իր հողի զավակն է, ինքը առաջինը իր հայրենիքը պահպանելու համար պետք է իրենից սկսի, իրեն պահպանի:
Կարինե Պետրոսյան
Դիտումների քանակը` 1597