Նարինե Գրիգորյան: «Այս փորձությունն էլ կհաղթահարենք, պարզապես եկեք մի փոքր զգոն լինենք»:
«Արտակարգ դրության ողջ ընթացքում Եղեգնաձոր համայնքում առաջնորդվել են մի սկզբունքով՝ ՀՀ պարետի կողմից հաստատած անվտանգության կանոններն ենթակա են պարտադիր կատարման», -WomenNet.am-ի հետ զրույցում ասում է Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքի ավագանու անդամ Նարինե Գրիգորյանը: Նրա տեղեկացմամբ Վայոց ձորի մարզում մինչև հունիսի 29-ի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 143 դեպք, կորոնավիրուսով վարակվածներ կան նաև Եղեգնաձոր համայնքում:
Նարինե Գրիգորյանի խոսքով, կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակում փորձել են ոչ միան բնակչությանը լիարժեք տեղեկատվություն հաղորդել անձնական հիգիենայի կանոնների վերաբերյալ, այլև պահանջել հոգատարություն բնակավայրի և շրջակա միջավայրի մաքրության հանդեպ:
Նրա տեղեկացմամբ, համաճարակի օրերին Եղեգնաձորի համայնքապետարանի ավագանու նիստերի ընթաքում տնտեսական և սոցիալական հարցերից բացի մշտապես քննարկվում են համավարակի կանխարգելմանն ուղղված խնդիրները: Սահմանված գրաֆիկի համաձայն ավագանու անդամները պարբերաբար իրականացնում են շրջայցեր, հետևում համայնքի աղբահանության, փողոցների, բակերի, սպասարկման ծառայություններ իրականացնող օբյեկտների սանիտարական վիճակին: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից Եղեգնաձոր համայնքի փողոցներում իրականացվում է ամենօրյա ախտահանման աշխատանքներ: Քաղաքի տարբեր հատվածներում «Պահպանե՛լ մաքրություն», «Սիրի՛ր բնությունը», «Սիրի՛ր քո քաղաքը» ուղերձներով 32 փոքր և 15 մեծ աղբամաններ են տեղադրվել։
Եղեգնաձոր համայնքի ղեկավարի, Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչների, ավագանու անդամների, համայնքապետարանի աշխատակիցների իրազեկման շրջայցելը նույնպես շարունակական բնույթ են կրում, իրականացվում են նաև «Իմ դիմակը փրկում է քեզ, քոնը՝ ինձ», «Կրենք դիմակներ, փրկենք կյանքեր», «Կրի’ր, որ կրենք» իրազեկման ակցիաներ, որոնց մասնակցում են նաև Եղեգնաձոր համայնքի ավագանու կին անդամները՝ Նեկտար Հովհաննիսյանն ու Նարինե Գրիգորյանը:
-Պետք է ասեմ, որ Եղեգնաձորի բնակչությունը պահպանվում է կարգուկանոնը: Մայիս ամսվա կեսերին կորոնավիրուսի պատճառով Վայոց ձորի Արենի համայնքում հատուկ ռեժիմ սահմանվեց, և լավ է, որ վարակի տարածումը մյուս համայնքներ կանխվեց: Ես ինքս հաճախ եմ շրջում Եղեգնաձորում, դիմակ և այլ գնումների համար մտնում եմ դեղատուն, խանութ, ամենուր կանոնները պահպանված են, գծանմուշներն արված են, առկա են ախտահանման նյութերը, կատարվում է ջերմաչափում: Փողոցներում նկատում եմ անխտիր դիմակներ կրող բնակիչների, պատահում են ոմանք, որ պարզապես ճիշտ չեն կրում դիմակը: Դե, համայնքում բոլորս իրար ճանաչում ենք, եթե հանդիպում եմ նման բնակչի, բացատրում դիմակը ճիշտ կրելու անհրաժեշտությունը,- պատմում է Նարինեն:
Նրա փոխանցմամբ համայնքի դեղատներն ապահովված են բավականաչափ դիմակներով, դիմակների դեֆիցիտ չկա: «Սյունիք բարեգործական հիմնադրամ»-ի կողմից բուժաշխատողներին անվճար տրամադրվել է մեծ խմբաքանակով դիմակներ:
Եղեգնաձորի երիտասարդության գերակշռող մասը աշխատում են դրսում, թեև վերջին օրերին ոմանք վերադարձել են: Տարեցները համեմատաբար շատ են, սակայն փողոց հազվադեպ են դուրս գալիս, այս օրերին համայնքի բնակչության մեծ մասը տնամերձ հողամասերում զբաղված է գյուղատնտեսական աշխատանքերով:
Ինչ վերաբերում է հարսանեկան արարողություններին կամ թաղման ծեսերի, երբ մարդկանց կուտակումներն անխուսափելի են, ապա նման դեպքեր չեն եղել:Նարինե Գրիգորյանի խոսքով Եղեգնաձորում եղել է հարսանեկան արարողության մեկ պատվեր, ինչը հարսանյաց սրահի կողմից մերժեվլ է, իսկ փոքրածավալ միջոցառումների մասին տեղեկացված չէ:
WomenNet.am-ի հետ զրույցում Նարինե Գրիգորյանը նաև պատմեց այն բարեգործությունների մասին, որոնք իրականացվել են համայնքում կորոնաnվիրուսային համավարակի հետևանքով առաջացած և արտակարգ իրավիճակով պայմանավորված դժվարությունները հաղթահարելու նպատակով: Նշեց, որ քաջատեղյակ է համայնքի բնակիչների սոցիալական վիճակին, համայնքում իրականացվող և՛ պետական աջակցության ծրագրերին, և՛ ցանկացած բարեգործություններին: Օրինակ, «Արմաթ» ինժիներական լաբորատորիաները այս օրերին տրամադրեցին Եղեգնաձոր,Վայք և Ջերմում քաղաքներում գործող բուժհաստատություններին եռաչափ տպիչներով պատրաստված 80 պաշտպանիչ դիմավահան… «Համով լավաշ» հացի արտադրամասն անվճար հաց է մատակարարում միայնակ տարեց թոշակառուներին և բազմազավակ ընտանիքներին… Եղեգնաձորում գործող <Ճիշտ> մարկետի տնօրինությունը համայնքի մի շարք բնակիչների և կամավորների հետ պատրաստել էր սննդի փաթեթներ և տրամադրել համայնքի հաշմանդամ, տեղաշարժման խնդիրներ ունեցող կենսաթոշակառուներին.. «Տելեսիկ» դեղատան աշխատակազմն իր հերթին Եղեգնաձորի համայնքապետարանի և «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն.> ՀՈԱԿ-֊ի աշխատակիցներին ապահովեց պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցնեով և ախտահանող նյութերով…
-Ինչպես որ միշտ եղել է, նեղության պահերին Եղեգնաձորի համայնքապետարանն ու բարեգութ մարդիկ մշտապես աջակցել և շարունակում են աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին ու տարեց բնակիչներին, որպեսզի վերջիններս հնարավորինս քիչ դուրս գան տանից, մնան տանն ու հետևեն իրենց առողջությանը», – նշում է նա, ավելացնելով, որ, իր համոզմամբ, եթե ստեղծված իրավիճակում յուրաքանչյուր քաղաքացի սթափ մտածի իր և շրջապատի առողջության պահպանման մասին, ապա պետական մարմինների որոշումների կարիքը չի զգացվի: «Առավել ևս , եթե օրենքը գործում է ու անվտանգության կանոններ են սահմանված, ապա պետք է ենթարկվել դրանց: Ոչինչ հավերժ չէ, այս փորձությունն էլ կհաղթահարենք, պարզապես եկեք մի փոքր զգոն լինենք», – եզրափակում է Նարինե Գրիգորյանը:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 2548