Շամիրամ Եղիազարյան. «Աշխատում ենք բոլորով, օպերատիվ շտաբի բոլոր անդամներով»

 

«Գյուղ կանգնի, գերան կկոտրի» կարգախոսով են առաջնորդվել Շիրակի մարզի Առափի համայնքում՝ արտակարգ դրության հայտարարման հենց սկզբից գյուղապետի գլխավորությամբ օպերատիվ շտաբ հիմնելով: Այս մասին  WomenNet.am-ի հետ զրույցում պատմեց ավագանու անդամ Շամիրամ Եղիազարյանը, ով  համայնքապետի, դպրոցի տնօրենի, բուժքույրերի, տրանսպորտի պատասխանատուի և ավագանու մյուս անդամների միասին գյուղը վարակից զերծ պահելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի անդամ է.

 

 

-Որպես ավագանի անդամ եմ  ընդգրկված օպերատիվ շտաբի կազմում, որի գործողությունները ուղղված են ստեղծված իրավիճակին համապատասխան արագ արձագանքի և գործողությունների կազմակերպմանը: Հավաքվում և քննարկում ենք ամեն մեկիս անելիքը և քայլերի հերթականությունը:  Առաջին հերթին  կարևորում և ապահովվում ենք կապը ժողովրդի, բնակչության հետ, բացատրական աշխատանք և վերահսկողություն իրականացնում, որ մարդիկ առանց դիմակների, առանց ձեռնոցների դուրս չգան: Այսօր հասել ենք նրան, որ ոչ ոք գյուղում առանց ձեռնոցների և դիմակների չլինի` անգամ թերահավատ երիտասարդները, տարիքով մարդիկ, քրոնիկ հիվանդները, որոնք դժգոհում են դիմակներից` բոլորը կրում են դիմակ», – պատմում է նա:

 

 

Հպարտությամբ է նշում, որ կորոնավիրուսով վարակվածներ գյուղում չկան, որ կարողանում են՝ հետևելով հիգիենայի անհրաժեշտ նորմերին և պարետի կողմից սահմանված կանոններին, պահպանել համայնքը վարակից:

 

 

-Աշխատում ենք բոլորով, գյուղապետը, օպերատիվ շտաբի անդամները, գյուղում գործող 2 խանութների վաճառողները, որոնք թույլ չեն տալիս առանց դիմակի և ձեռնոսցերի խանութ մտնել:  Անգամ, եթե ուրիշ մարզերից միրգ ու բանջարեղեն են բերում գյուղ վաճառելու, յուրաքանչյուրս մեր հերթին փորձում ենք համոզվել, որ տվյալ մարդը նույնպես պահպանում է հիգիենայի նորմերը և անպայման ձեռնոց և դիմակ է կրում : 

 

 

Պատմում է, որ գյուղապետարանն էլ աշխատելու յուրօրինակ ձև է ընտրել, խուսափելու համար մարդկանց կուտակումներից և փակ տարածությունում  մի քանի հոգու միանգամից գտնվելուց,  աշխատում են պատուհանից, անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկանքները գյուղացիները ստանում են պատուհանից` առանց գյուղապետարանի շենք մտնելու:

 

 

Տիկին Շամիրամը նաև «Շամիրամի նշան» ՍՊԸ-ի տնօրենն է, որը արդեն 20 տարի սպասարկում է Գյումրի-Առափի ավտոբուսային երթուղղին: Պատմում է, որ վարորդնիերի առողջակիան վիճակի ստուգումը և ավտոբուսի ախտահանմումը չի վստահում ոչ ոքի.

 

 

-Մայիսի 18-ից մինչ օրս  ամեն առավոտ, ես ինքս, որպես տնօրեն, չափում եմ վարորդի ջերմությունը,  ինքս իմ ձեռքով ախտահանում եմ ավտոբուսը, և հսկում , որ ուղևորները` թեկուզ մեկ հոգի, երկու հոգի, անպայման դիմակով և ձեռնոցներով  լինեն: Ավագանու անդամը նշեց, որ անկախ այն բանից թե քանի հոգի է ավտոբուսում, միևնույն է իրենք աշխատում են ըստ ժամանակացույցի և մարդկանց Գյումրի են հասցնում իրենց գործերն անելու, կարիքները հոգալու համար և հետ են բերում: Ու չնայած այս ընթացքում ավտոբուսները աշխատել են միայն վնասով, քանի որ մարդիկ խուսափում են ավելորդ անգամ տնից դուրս գալ, բայց ոչ մի օր աշխատանքը չի կանգնել: Օր է եղել, որ ընդամենը մեկ ուղեվորի համար ավտոբուսը Գյումրի է գնացել: Տկն. Շամիրամը պատմում է, որ իր գրպանից է, իր հացի փողն է վճարում ավտոբուսի գազի համար  և հույս ունի, որ պետությունը կաջակցի դժվարին  իրավիճակում հայտնված բոլոր մարդկանց:

 

 

Զրույցի ընթացքում նշում է, որ մի շարք քրոնիկ հիվանդություններ ունի` շաքարային դիաբետ, զարկերեկային բարձր ճնշում…,  և ինչպես ինքն է ասում օրական 7-8 դեղ է խմում, որպեսզի կենսական ցուցանիշները նորմայի մեջ պահի և կարողանա ակտիվ կյանք վարել.

 

 

-Շատ եմ վախենում, վարակվելուց, շատ,- ասում է նա,- բայց որպես ավագանու անդամ, որպես այս գյուղի բնակիչ, որպես ուսուցչուհի, չեմ կարող անտարբեր լինել: Ասում են  ռիսկային խմբում ես, բայց ինչպես  դուռս փակեմ և նստեմ տանը: Շատ բան գուցե չեմ կարող անել, բայց  կարող եմ իրազեկել, տեղեկացնել, հորդորել և ինչու չէ նաև խնդրել իմ համագյուղացիներին, որոնք ինձ վստահել ու ընտրել են, տնից դուրս գալիս դիմակ ու  ձեռնոցներ կրել:

 

 

Ուրախությամբ է արձանագրում, որ հատկապես վերջին օրերին, ոչ ոքի չի տեսել առանց դիմակների և ձեռնոցների…

 

 

-Ավելի լավ է դիմակից խեղդվեմ, քան ընդհանրապես խեղդվեմ, -ասում է նա՝ նշելով, որ  թեև այսօր չկան խիստ   սահմանափակումներ, բայց օրվա պահանջով հորդորում է համագյուղացիներին, եթե գործ չունեն գյուղամեջ դուրս չգան, եթե կարևոր գործ չունենք իրար տուն չգնան, եթե խիստ պարտադիր չէ իրար հետ չշփվեն: Նա վստահեցնում է, որ ծնունդի, կնունքի, հարսանիքի արարողություններ այս ընթացքում չեն եղել: Անգամ հուղարկավորության արարողությունները, որոնք Շիրակի մարզում սովորոբար բազմամարդ են, ներկա են լինում 10-ը հոգուց ոչ ավելի:

 

 

Դրա հետ մեկտեղ վարակի դեմ պայքարելու որոշ մոտեցումները ավագանու անդամը ճիշտ չի հմարում: Օրինակ, կարծում է, որ բժիշկների հսկողության տակ պետք է լինեն բոլոր ախտորոշված մարդիկ, որ անհրաժեշտության դեպքում բժշկական օգնությունը չուշանա.

 

 

-Վերջին հայտարարություններով  մարդկանց ասում են, եթե կորոնավիրուս ունես, մնա տանը, տանն ինքնամեկուսացվիր: Արդյունքում նրանից տան բոլոր անդամներն են վարակվում: Պատկերացրեք,  10 հոգանոց ընտանիքը մեկուսացման մեջ է` բուժում չկա, ո՞րն է սրա էֆեկտը: Կարծում եմ,  հիվանդները, ովքեր   ախտանշաններ ունեն, պետք է անհապաղ հոսպիտալացվեն, ընտանիքի մնացած անդամները, որ գուցե դեռ չեն վարակվել  մեկուսացվեն և բժշկի հսկողության տակ լինեն:

 

 

Զրույցի վերջում ավելացնում է .

 

 

-Մեր հանրապետության և երկիր մոլորակի ողջ բնակչությանը առողջություն եմ ցանկանում, և ամենակարևորը ուզում եմ, որ այս ամենը շուտ վերջանա, մարդկանց դեմքին ժպիտ գա, շարունակվեն ուրախություններն, ու հարսանիքները, ընտանիքներ կազմվեն, երեխաներ ծնվեն…  

 

                                           Կարինե Պետրոսյան

 

Դիտումների քանակը` 1882

Գլխավոր էջ