Սարիգյուղում կորոնավարակի դեմ պայքարեցին նաև բնակիչների գրագետ պահվածքով
Արտակարգ դրության պայմաններում Սարիգյուղում իրականացվող միջոցառումների մասին WomenNet.am-ը զրուցել է ավագանու անդամ Լուիզա Ռևազյանի հետ: Խոսելով իրավիճակի մասին, մեր զրուցակիցը նշեց, որ ինֆորմացիայի պակաս չկա, մարդիկ տեղեկացված են, ինքն էլ այս օրերին իր ֆեյբուքյան էջն օգտագործել է այդ նպատակով: Ապա, տպագրել և գյուղացիներին բաժանել է տեղաշարժման թերթիկներ, սրանով նպաստել, որ յուրաքանչյուրը գիտակցի, որ առանց դրա չի կարելի դուրս գալ տանից և պետք է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
– Ընդհանուր առմամբ, գյուղում բնակչության վիճակը ինքնամեկուսացման առումով այնքան էլ ծանր չէր, քանի որ գարնանային այդ շրջանում գյուղացին ծանրաբեռնված է գյուղատնտեսական աշխատանքներով, իսկ իրար հետ գյուղացիք միշտ էլ սովոր են շփվել հեռվից՝ իրար բարձր ձայն տալով,-ժպտում է Լ. Ռևազյանը:
-Արտակարգ դրության սկզբում փոքր-ինչ խուճապ կար: Միջհամայնքային տրանսպորտը չէր աշխատում և մարդկանց անհանգստացնում էր, որ կապ չկա մարզկենտրոնի հետ: Հետո կամաց-կամաց սկսեցին խաղաղվել, ինչ կար անելու մարզկենտրոնում: Միայն մթերային խանութներն էին աշխատում, մեր գյուղում էլ կա մթերային խանութ, ճիշտ է, մի քիչ թանկ են գները շրջկենտրոնի հետ համեմատած, բայց այս առումով լուրջ խնդիր չկա,-ասում է Լուիզա Ռևազյանը:- Ընդհանրապես, սկզբում թվում էր, թե վարակը մեզնից շատ հեռու է, դպրոց-մանկապարտեզ չէր աշխատում, իսկ երեխաներն ազատ խաղում էին դրսում: Խանութ գնումների գնալիս՝ երեխաներին բացատրում էի, թե ինչ է ինքնամեկուսացումը և ինչ կանոններ ու պահանջներ ունի այն: Հաջորդ անգամ երեխաներն ինձ տեսնելիս՝ առանց գլուխները բարձրացնելու վազեցին տները, հետո կամաց հասկացան, որ չի կարելի մոտիկից շփվել իրար հետ, սոցիալական հեռավորություն պետք է պահել: Իհարկե, դրան նպաստեց անընդհատ տարվող բացատրական աշխատանքը,-արտակարգ դրության օրերի իրենց գյուղի կարգուկանոնն է ներկայացնում Լ. Ռևազյանը:
Սարիգյուղի ավագանու անդամ Լուիզա Ռևազյանը նաև գյուղի դպրոցի տնօրենն է: Հեռավար դասընթացների մասին խոսելիս, նա ասաց, որ այստեղ էլ որոշակի միջամտություններ են ունեցել և ինքը, և մանկավարժական կազմը: Երեխաներն սկզբնական շրջանում ծրագրերից, ինտերնետից օգտվելու խնդիրներ են ունեցել, 4-5 հոգով հավաքվել են մեկի տանը՝ օն-լայն դասին միանալու համար:
-Բացատրեցինք, որ ինքնամեկուսացումը թույլ չի տալիս այցելություններ իրար: Բայց հեռավար ուսուցումը նաև դրականորեն ազդեց կարանտինային իրավիճակի վրա,-ասում է Լ. Ռևազյանը:-Աշակերտներին տանը պահեցինք նաև օն-լայն դասընթացների միջոցով: Սա կարծես մի յուրահատուկ զսպաշապիկ էր մի կողմից երեխաներին տանը պահելու, մյուս կողմից, ինչու չէ, ընտանիքներում ջերմ ու խաղաղ մթնոլորտ տեսնելու առումով: Սա որոշակի փրկություն էր ստեղծված իրավիճակում: Մինչև ժամը 2-ը նրանք դասերով էին զբաղված, հետո էլ դասապատրաստում, մի քիչ էլ իրենց տնամերձ հողամասերում էին աշխատում ծնողների, տատիկ-պապիկների հետ: Եվ ստացվեց, որ ընտանիքներում հանդուրժողականություն պահող լավագույն միջոց էր նաև օն-լայն դասապրոցեսը, էկրանի առկայությունը: Այդ ընթացքում ծնողներն էլ, ընտանիքներն ընդհանրապես, լռություն էին պահպանում, խաղաղ էր ամեն ինչ, չէ որ ամբողջ գյուղը հետևում էր մեկը մյուսին օն-լայն դասերի էկրաններով: Նույնիսկ մրցակցություն կար, որ երեխաներն ավելի լավ պատրաստված լինեն, որովհետև գիտեին, որ երեխաների պատասխանները լսվում են դասընկերների տներում՝ նաև մեծերի կողմից, պետք էր ավելի լավ պատրաստվել: Սոցիալական հեռավորություն պահելու, հիգիենայի և ինքնամեկուսացման մասին ընդհանրապես, ուսուցիչների ասածները, երեխաներն ավելի մանրամասն ու ճիշտ սովորաբար կարողանում են փոխանցել ծնողներին: Ստացվում է, որ ինֆորմացիայի առումով, ոչ մի խնդիր չենք ունեցել:
Լ. Ռևազյանը խոսելով հեռավար կրթության մասին, նշեց նաև, որ դասերից հետո, նույն հարթակում հանդիպում, զրույցներ են ունեցել իրար հետ նաև ծնողները, հաղորդակցվել են, քննարկումներ արել: Այս կերպ կարծես նաև նրանց շփումն է ապահովվել և դա դրականորեն է ազդել նրանց և, ընդհանրապես, գյուղում տիրող տրամադրության վրա: Իսկ ստեղծված իրավիճակում կնոջ դերակատարության մասին խոսելիս՝ Լ. Ռևազյանը հետաքրքիր դիտարկում է անում.
-Սովորաբար, ղեկավար կանայք ավելի պահանջկոտ են և հետևողական, դա է պատճառը, որ այն դպրոցներում, որտեղ տնօրենները կանայք էին, ավելի շուտ կողմնորոշվեցին և անցան հեռավար կրթության, ավելի կազմակերպված ու կանոնակարգված եղավ այս անցումը:
Գյուղում սոցիալական խնդիրների առումով Լ. Ռևազյանն ասում է.
– Սոցիալական խնդիրը եթե խոր չի, ուժ է տալիս դժվարին իրավիճակում: Պետք է ասեմ, որ լուրջ դժվարություններ այս առումով չունեցանք, տարբեր օգնություն-աջակցություններ եղան անապահով ընտանիքներին: Դպրոցում էլ «Դպրոցական սնունդ» ծրագրից մթերք ունեինք, կրկնություններից խուսափելու համար, համայնքապետի հետ համագործակցելով, անապահով ընտանիքներին բաշխեցինք նաև այդ մթերքը:
Նրա կարծիքով, վարակն իր հետ նաև դրական բան բերեց, մարդիկ ավելի հետևողական դարձան հիգիենային և անձնական շփումներին:
-Կարծում եմ, սա արդեն մեր սովորական առօրյան է, այս մշակույթը մտավ մեր կյանք: Կորոնավարակն ու արտակարգ դրությունը նաև բացահայտումներ արեցին ինձ համար: Ես ավելի պարզ ու ընդգծված արձանագրեցի, որ աշակերտները, ծնողներն ու ուսուցիչներն արեցին հնարավորն ու անհնարինը, կարողացան այն, որ նույնիսկ մինչ այդ չկարողացածը: Մենք մեր ուժերին այս իրավիճակում սկսեցինք ավելի վստահել: Մի քայլով էլ ամրապնդվեցինք, հատկապես կանանց մասին է խոսքս: Եվ ուզում եմ ասել կանանց. «Ինքնավստահ եղեք, դուք կարող եք ավելին, քան մտածում եք ինքներդ ձեր մասին, գործեք առանց խուճապի և մտավախությունների»:
Իսկ Սարիգյուղում մարդիկ անհամբեր սպասում են, թե երբ հետ կքաշվի վարակը և իրենց կյանքը հունի մեջ կընկնի, իրար երես կտեսնեն, իսկ գյուղամիջում հավաքվածների խոսքուզրույցը կխլանա երեխաների ուրախ աղմուկից:
Նարինե Մաթևոսյան
Դիտումների քանակը` 1094