«Ոստիկաններից առաջ ես եմ գյուղացիների անցաթղթերը ստուգում»

 

Ինչպե՞ս են կազմակերպում համայնքի կյանքը համավարակի պայմաններում, ինչպիսի՞ խնդիրների են բախվում կարանտինի պատճառով  – այս հարցերի շուրջ WomenNet.am -ը զրուցել է Արմավիրի մարզի Արևշատ և Արտամետ համայնքների կին ղեկավարների՝ Սուսաննա Գևորգյանի և Անահիտ Դավթյանի հետ:

 

Սուսաննա Գևորգյան.

 «Հիմնականում ուշադրություն եմ դաևձնում, որ կուտակումներ չլինեն, չեմ թողնում»

 

 

 

Արմավիրի մարզի Արևաշատ գյուղն այն հաջողակ համայնքներից է, որտեղ մինչ օրս կորոնավիրուսով ոչ մի վարակակիր չի գրանցվել։ Ունեցել է մեկ մեկուսացած բնակիչ, ով Ռուսաստանից էր վերադարձել։ Երկու շաբաթ անց թեստավորման արդյունքը բացասական է եղել։  

 

 

Համայնքի ղեկավար Սուսաննա Գևորգյանն ուրախանում ու հպարտանում է առողջ բնակիչներով։ Մեկուսացած բնակչի ջերմաչափման արդյունքների մասին տեղեկացել է ամեն օր։ «Մեր հարևանությամբ Մուսալեռ գյուղն է։ Այնտեղ գտնվող ամբուլատորիան մեր գյուղն էլ է սպասարկում։ Բուժքույրերն ամեն օր ջերմաչափում էին իրականացնում, նրանց հանձնարարություն էր տրված։ 15 օրը լրացավ, ստուգումներ արեցին, ոչ մի հիվանդություն էլ չհայտնաբերեցին։ Դա  ավելի քան տասն օր առաջ էր»,-ասում է նա։

 

 

Գյուղը վիրուսի առաջին օջախ դարձած Էջմիածին քաղաքից 15 կմ հեռավորության վրա է,  գտնվում է Երևան–Էջմիածին մայրուղու ձախ կողմում՝  «Զվարթնոց» օդանավակայանի անմիջական հարևանությամբ: 

 

 

Սուսաննա Գևորգյանը հանրապետության ամենաերկարակյաց գյուղապետերից է, 1996-ից ղեկավարում է Արևաշատը։ Այսօր համայնքում ապրում է ավելի քան  1800 մարդ։ Նախկին մակավարժը գիտի ինչպես բացատրել գյուղի կենտրոնում հավաքված երիտասարդներին, որ չխախտեն սահմանափակումները։

 

 

«Հիմնականում ուշադրություն եմ դաևձնում, որ կուտակումներ չլինեն, մի վայրում շատ մարդիկ չհավաքվեն։ Չեմ թողնում, խոսում եմ։ Ես նախկինում դպրոցի փոխտնօրենն եմ եղել,  ջահելների հետ գիտեմ, թե ոնց պետք է խոսել։ Ջանով, ջիգյարով բացատրում եմ։ Հասկանում են։ Հետո գիտեն, եթե կանգնեն գյուղամեջին, ես կնեղանամ։ Նման բան չեն անում։ Ես այդ գյուղում եմ ապրում, իմ ընտանիքը, իմ հարազատ, բարեկամները այստեղ են ապրում։ Պետք է ամեն ինչ անենք, որ վիրուսը մեր տարածք չմտնի»,-ասում է տիկին Գևորգյանը։

 

 

Այս ընթացքում գյուղում պարապ մարդ գտնելը դժվար է, շատերը ջերմոցներ ունեն, զբաղված են դրանցով։ Խնջույքներ, տխուր արարողություններ էլ չեն եղել, հետևաբար շփումներ էլ մեծ չեն եղել։

 

 

Գյուղում մանկապարտեզ չկա։ Դպրոցականներն էլ օնլայն են դասերն անցկացնում։ Գյուղապետը տեխնիկական հնարավորությունների առումով հանգիստ է՝ ամենաչունևոր ընտանիքում էլ մի քանի լավ հեռախոս ունեն։ Բազմազավակ, անժառանգ ընտանիքներին էլ տարբեր կազմակերպություններ օգնության ձեռք են մեկնել։

 

 

Աղբատար մեքենան գյուղ շաբաթվա մեջ մեկ անգամ է գալիս։ Սուսաննա Գևորգյանը բնակիչներին հորդորել է՝ հնարավորինս փակ տարաներում հավաքել աղբը, ախտահանել շրջակա տարածքն ու նույնիսկ դարպասները, հատկապես դրանց բռնակները։ «Գյուղացիները արդեն հատուկ ամաններ են առանձնացրել, հերմետիկ փակվող։ Մենք էլ տանն այդպես ենք անում։ Հատակը, դռները, պատուհանների բռնակները ախտահանիչ նյութերով մաքրում ենք»,-ասում է նա։

 

 

Արտակարգ դրության պայմաններում գյուղապետի  աշխատանքի ծավալն ավելի է մեծացել։ Ամեն օր աշխատանքի է գնում, ասում է՝ հազար ու մի հարցեր, խնդիրներ կան։ Գյուղապետարենի շենքն ամեն օր քլորի լուծույթով ախտահանում են, աշխատակիցներին պաշտպանիչ միջոցներ են բաժանել։

 

 

Անահիտ Դավթյան.

«Բոլորն էլ ըմբռնումով են մոտենում, ոչ ծնունդ են արել, ոչ կնունք»

 

 

 

Արմավիրում մի գյուղ էլ կա, որի ղեկավարը կին է։ 282 բնակիչ ունեցող Արտամետը  Անահիտ Դավթյանը ղեկավարում է արդեն 15 տարի։

 

 

Էջմիածնից մոտ 40 կմ հեռու գտնվող գյուղում ոչ վարակակիրներ կան, ոչ մեկուսացածներ, բայց դա չի խանգարում, որ կանխարգելիչ միջոցառումները պատշաճ կատարվեն։ Չնայած ախտահանման ենթակա շատ բան էլ չկա՝  Արտամետում ոչ խանութ կա, ոչ մանկապարտեզ։

 

 

Հենց ուտելիք գնելու կարիքից դրդված են բնակիչներն առավել հաճախ դուրս գալիս գյուղի տարածքից։ Նրանք հիմնականում գնում են 22 կմ հեռավորության վրա գտնվող Արմավիր քաղաք, մեծածախ գնումներ կատարում ու մի քանի օր մոռանում խանութ գնալու մասին, կամ էլ 7 կմ այն կողմ Մյասնիկյան համայնքի խանութից են օգտվում։  Բուժամբուլատորիան էլ գյուղապետարանի շենքում է, որն ամեն օր ախտահանում են։ 

 

 

 «Համայնքի տարածքից դուրս եկող բնակիչներին անձամբ եմ անցաթղթերը տրամադրում, ոստիկաններից առաջ ես եմ ստուգում գյուղից դուրս գալու նպատակները, կամ խանութ են գնում, կամ հիվանդանոց։ Ես ասել եմ՝ առանց իմ իմացության գյուղից ոչ մեկ դուրս չգա։ Մի ընատնիք ենք, բոլորս բոլորիս գիտենք»,-ասում է տիկին Դավթյանն ու գովում համագյուղացիներին՝ բոլորն էլ ըմբռնումով են մոտենում, ոչ ծնունդ են արել, ոչ կնունք։

 

 

Հիմա գյուղապետարանի աշխաակիցներն օգնում են գյուղացիներին գրանցել աջակցության ծրագրերից օգտվելու համար, 17 ընտանիք շահառու է, 3-ին օգնությունն արդեն հասել է։ 

 

 

Այստեղ էլ փողոցներում հատ ու կենտ մարդիկ են, բոլորը դաշտերում են։ Գյուղապետի հորդորով  նույնիսկ բացօթյա տարածքում աշխատող համագյուղացիների մեծ մասն ախտահանիչ նյութեր են իրենց հետ տանում։

 

Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 1414

Գլխավոր էջ