ՏԻՄ- 2020. Կանանց մասնակցության շարժընթացը / ինֆոգրաֆիկա
Հայաստանում համայնքի ղեկավար կանանց թիվը 2020-ին 2019-ի համեմատ աննշան աճ է գրանցել։ Եթե 2019-ին 502 համայնքերից 8-ի ղեկավարն էին կանայք (1.6%), ապա 2020-ին կանանց կողմից ղեկավարվող համայնքների թիվը մեկով ավելացել է՝ կազմելով 9-ը կամ 1.8%:
Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրամադրած պաշտոնական տվյալների, կանանց կողմից ղեկավարվող համայնքների շարքը նախորդ տարի համալրել է Լոռու մարզի Քարաձոր համայնքը։ Այս պահին կին ղեկավար ունեցող համայնքներն են.
Արարատի մարզի Վերին Դվինը (Պետրովա Լյուդմիլա) ,
Արմավիրի մարզի Վաղարշապատը (Դիանա Գասպարյան),
Արևաշատը (Սուսաննա Գևորգյան), Արտամետը (Անահիտ Դավթյան),
Գեղարքունիքի մարզի Գեղաքարը (Կարինե Մարտիրոսյան),
Լոռու մարզի Բազումը (Սրբուհի Հարությունյան), Քարաձորը (Հրանուշ Ռոստոմյան),
Կոտայքի մարզի Նոր Երզնկան (Ալինա Հարությունյան),
Շիրակի մարզի խոշորացված Ամասիան (Ջեմմա Հարությունան) ։
Հանրապետության տասը մարզերից չորսում՝ Արագածոտնում, Տավուշում, Վայոց Ձորում, Սյունիքում կին համայնքի ղեկավարներ չկան։
Նկատենք, որ կանայք գլխավորում են բացառապես գյուղական համայնքները, հանրապետության 46 քաղաքային համայնքներից միայն մեկն է կին ղեկավարում՝ Էջմիածինը, ընդ որում դա առաջին դեպքն է, երբ քաղաքային համայնքում կին ղեկավար է ընտրվել:
Այսօր Հայաստանում 52 միավորված համայնք կա, և դրանցից միայն մեկի՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարն է կին։ Դրա հետ մեկտեղ խոշորացված համայնքների կազմում 409 բնակավայրերի վարչական ղեկավարների թվում – 22-ն են կանայք, սակայն այդ պաշտոնի իրավասությունների շրջանակն, ըստ օրենքի, շատ ավելի սահմանափակ է, քան համայնքի ղեկավարի դեպքում: Բացի այդ վարչական ղեկավարը նշանակովի , իսկ համայնքի ղեկավարը ընտրովի պաշտոն է:
Դիտարկելով համայնքների կին ղեկավարների թվի վերջին քսան տարվա շարժընթացը կարելի է փաստել, որ այդ առումով փոփոխություններ շատ աննշան են եղել Հիմնականում այդ ցուցանիշը տատանվել է 2 %-ի շրջակայքում՝ 2008-ին հասնելով 2.5 %-ի, և 2019-ին իջնելով 1.6%-ի ։ Ու եթե շարունակենք առաջ շարժվել մինչ այժմ արձանագրված տեմպերով, ապա առնվազն կես դար կպահանջվի, որպեսզի կանանց թիվը համայնքների ղեկավարների պաշտոններում գոնե 10%-ի հասնի:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ն նախարարության տվյալներով, Հայաստանի համայնքների ավագանիների թվով 3668 անդամներից 392-ը կամ 10.7 տոկոսն են կին : Նախորդ տարվա տվյալների համեմատ այս ցուցանիշը մի փոքր աճել է՝ 2019-ին՝ 9.3 տոկոս էր։ Համեմատության համար նշենք, որ 2016-ին ավագանիներում կանանց ներկայացվածությունը կազմում էր 11.7 %։
Ավագանիների կազմում կանայք առավել շատ ներկայացված են Լոռիում (16%), Արարատում (14 %), Արմավիրում (13 %)։ Առավել քիչ են ներկայացված Գեղարքունիքում (3 %), Շիրակում (5 %), Վայոց Ձորում (6 %)։ Կատայքում և Տավուշում ավագանիներում կանայք ներկայացված են ՝ 9 %-ի չափով, Սյունիքում և Արագածոտնում՝ 7%։
Մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Հայաստանի 502 համայնքներից 275 –ի ավագանիների կազմում կանայք չկան:
Դիտարկելով ավագանիներում կանանց թվի շարժընթացը վերջին չորս տարիների ընթացքում կարելի է նկատել , որ որոշակի հետընթաց է տեղի ունեցել 2016 թվականից հետո, ինչը կապվում է համայնքների խոշորացման գործընթացի հետ: Խոշորացվող համայնքների ընտրություններում առկա ավելի կոշտ մրցակցության և այլ խոչընդոտների ի հայտ գալու պայմաններում կանանց ընտրվելու հնարավորությունները քչանում են:
ՏԻՄ-երում կանանց ներկայացվածության նվազումը կանխելու նպատակովց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես է եկել Ընտրական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի առաջարկվում է 4 000-ից ավելի ընտրող ունեցող ինչպես նաև մինչև 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում կատարել անցում համայնքի ավագանու ընտրության համամասնական ընտրակարգի։ Փոփոխությունների հեղինակները հիմնավորում են, որ այդպես օրենսդրական մակարդակով համայնքի ներկայացուցչական մարմնի համար կընձեռվեն մրցակցային պայմաններ, կապահովվի լայն քաղաքական ներգրավվածություն և ուժերի հարաբերակցություն:
Անցումը համամասնական ընտրակարգի նշանակում է , որ կգործի Ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտան, այն է . «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը»: Նախագիծը հավանության է արժանացել կառավարության նիստում, նախնական քննարկումների որոշակի փուլ անցել։ Ակնկալվում է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից օրինագծի ընդունումից հետո ՏԻՄ-երում կանանց թիվը ոչ միայն չի նվազի, այլ կաճի: Դրա մասին են փաստում ավելի վաղ համամասնական ընտրակարգով անցկացված ՏԻՄ ընտրությունները Երևանում, Գյումրիում և Վանաձորում:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3310