Գռեհիկ «հումոր» թե՞ կանանց նկատմամբ բռնության ուղղակի քարոզ
«Պահանջում ենք անհապաղ հեռացնել տեսահոլովակը »
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ, որում իր վրդովմունքն է հայտնել համացանցում հայտնված իբր հումորային տեսահոլովակի վերաբերյալ, որն, ըստ էության, կանանց նկատմամբ բռնության ուղղակի քարոզ է հանդիսանում:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Օրերս, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել է մի հումորային տեսանյութ, որտեղ խաղարկվում է ընտանեկան բռնության արդյունքում ստացած կապտուկները քողարկել փորձող կնոջ կերպար։ Մինչ կինը կադրում կիսվում է իր փորձով՝ ընթացքում ցուցադրվում է բռնության տեսարան, որտեղ զուգընկերը ծանր գործիքով հարվածում ու գետնին է տապալում կնոջը՝ ընթացքում հնչեցնելով կենցաղային պահանջներ։
Նման տեսանյութերի հրապարարակումը անչափ վտանգավոր է այս խոցելի ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհում՝ Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով նկատվում է կենցաղային և ընտանեկան բռնության դեպքերի աճ։ Բացառություն չէ նաև Հայաստանը, և կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը, ինչը պայմանավորված է մեկուսացման, աշխատանքի չգնալու, սոցիալական կապերի, հեռախոսից օգտվելու հնարավորությունների սահմանափակման հետ։
Առավել խնդրահարույց է, երբ նման տեսանյութերը նկարահանվում և հրապարակվում են հումորային դերասանների կողմից՝ բռնության և խտրականության տարրերով համեմված հումորը դարձնելով հանրային խրախճանքի առարկա։ Ցավոք, հաճախ հումորը հանդիսանում է խտրականության, կարծրատիպերի, ինչպես նաև՝ բռնության ամրապնդման միջոց։ Նման տեսանյութերը նպաստում են ընտանեկան բռնության նորմալիզացիային և հումորային երանգ հաղորդելով մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի, հանցագործություն հանդիսացող երևույթներին՝ դրանք դարձնում ընդունելի, և, նույնիսկ, զվարճալի»։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իր վրդովմունքն է հայտնում սույն տեսանյութի, ինչպես նաև համանման տեսանյութերի հրապարակման վերաբերյալ, և պահանջում՝ անհապաղ հեռացնել այն համացանցից։
Հ.Գ. WomenNet.am -ը ՝ կիսելով վրդովմունքն այս գռեհիկ տեսահոլովակի վերաբերյալ, որը շատ է հեռու է «հումոր» կոչվելուց, չի կարող մտահոգություն չհայտնել նաև դրա շուրջ որոշ կին օգտատերերի մեկնաբանությունների առիթով, ասել է թե ՝ «կապտուկների դեպքում ոչ թե կանաչ, այլ դեղին կորեկտոր է պետք օգտագործել»… Սթափվե՛ք , սիրելիներս… Խոսքը կանանց արժանապատվության մասին է…
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ընտանեկան բռնությունը մեկուսացման պայմաններում. իրավիճակը Հայաստանում և այլ երկրներում
Ինչպե՞ս ստանալ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ընտանիքում բռնության խնդիրներով
Սեքսիզմը կորոնավիրուսից չի վախենում
Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը՝ կորոնովիրուսի օրերին
Կանայք և COVID-19. հինգ քայլեր, որոնք այժմ կարող են անել կառավարությունները
COVID-19. «Համավարակի աճին զուգահեռ կանայք և աղջիկները բախվում են ավելի մեծ ռիսկերի»
Դիտումների քանակը` 2189